Պատրաստ են

22/04/2010

Չնայած Եվրոպայում հրաբխի ժայթքման հետեւանքով ստեղծված պայմաններին, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստրասբուրգ եւ մասնակցել ապրիլի 26-ին մեկնարկող ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանին: Այս մասին երեկ ասել է պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Պատվիրակության բոլոր անդամները պատրաստ են, զեկույցները` նույնպես: Արդեն պարզել ենք նաեւ, որ Հայաստանից իրականացվում են թռիչքներ դեպի Փարիզ: ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովներից մեկն առաջարկել է հետաձգել գարնանային նստաշրջանը, սակայն Վեհաժողովի ղեկավարությունը որոշել է չհետաձգել այն: Այնպես որ, ամեն ինչ պատրաստ է, բայց թե ինչ կլինի առաջիկայում, դժվար է կանխատեսել»,- ասել է նա:

Ն. Զոհրաբյանը` ներկայացնելով ԲՀԿ դիրքորոշումը` նշել է, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է ԵԽ ԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ղեկավար տեսնել Մովլութ Չավուշօղլուին` հաշվի առնելով, որ նախկինում այդ ենթահանձնաժողովը գործել է եւ երբեւէ իր արդյունավետությամբ աչքի չի ընկել: «Չավուշօղլուի կողմից հիշյալ հանձնաժողովի ղեկավարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին, վնասելուց բացի, ոչինչ չի տա»,- նշել է Զոհրաբյանը: