Ճնշում Օբամայի վրա

22/04/2010

Սենատոր Բարբարա Բոքսերը միացել է իր այն գործընկերներին, ովքեր նամակով կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ «կանգնել ճիշտ պատմության կողքին եւ աներկբայորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Նախագահ Օբաման ապրիլի 24-ին հնարավորություն ունի հանդես գալ որպես ճշմարտության պաշտպան կամ մնալ թուրքական կառավարության գործընկեր` մարդկության դեմ գործած հանցագործության հարցում»: Նախօրեին ԱՄՆ 10 տարբեր նահանգներից ընտրված 14 սենատորների ստորագրությամբ նամակն ուղարկվել է Սպիտակ տուն: Նամակում ստորագրած սենատորները նախագահ Օբամային կոչ են անում այս Ապրիլի 24-ին «շտկել անարդարությունը եւ վերջնականապես ճանաչել 20-րդ դարի ամենամեծ դաժանությունը որպես ցեղասպանություն»: Իսկ սենատոր Ջոն Ինսայնը նշել է. «95 տարի առաջ կատարված այդ դաժանությունները պետք է ճանաչվեն մեր կառավարության կողմից որպես ցեղասպանություն»: