Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Փողերը քամուն տալու մտահղացում» հոդվածի առնչությամբ երեկ պարզաբանում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի խմբագրություն. «168 Ժամ» թերթում հրապարակված «Փողերը քամուն տալու մտահղացում» հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Երեւանի ավագանու նիստում, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ մայրաքաղաքի լուսավորության համակարգին առնչվող, մասնավորապես՝ այն առավել քիչ ծախսատար, խնայողական դարձնելու մասին։ Երեւանի քաղաքապետը, պատասխանելով ավագանու անդամի հարցին, հանգամանալից ներկայացրել է բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որ նախատեսում է քաղաքապետարանը արտաքին լուսավորության համակարգում էներգախնայողություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես նշվել է, որ այժմ փորձարկվում է կեսգիշերից հետո փողոցներում միայն յուրաքանչյուր երրորդ լապտերն աշխատեցնելու տարբերակը, ինչը, դատելով վերջին մեկ ամսվա փորձի արդյունքներից, ապահովում է բավարար լուսավորություն՝ միաժամանակ ապահովելով որոշակի խնայողություն։ Տնտեսումներ ակնկալվում է նաեւ ներկայումս օգտագործվող նատրիումային լապտերները նոր, համեմատաբար նվազ էներգատար լուսադիոդային լուսատուներով փոխարինելուց։ Այդ նպատակով ինտենսիվ ուսումնասիրվում է շուկան եւ մայրաքաղաքի մի քանի փողոցներում տեղադրվել եւ փորձարկվում են առաջարկվող լուսադիոդային նոր լապտերները։ Քաղաքապետի կողմից նշվել է նաեւ, որ քննարկվում են Երեւանը սեփական էներգառեսուրսներով ապահովելու հնարավոր տարբերակները։ Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում Աերացիայի մաքրման կայանի վերագործարկման ուղղությամբ, ինչը մայրաքաղաքին հնարավորություն կընձեռի առաջիկայում սեփական էլեկտրակայան ունենալ։ Ինչ վերաբերում է արեւային էներգիայով աշխատող լուսատուներին, ապա այդ մասին հստակ նշվել է ավագանու նիստի ընթացքում։ Տարընթերցումներից խուսափելու նպատակով ցանկալի է, որ լրագրողն անձամբ մասնակցի Երեւանի ավագանու նիստերին եւ առաջին աղբյուրից տեղեկանա քննարկվող հարցերի եւ դրանց վերաբերյալ տրվող մասնագիտական հիմնավորումների մասին»,- ասված է պարզաբանման մեջ։