Ուզում են անօթեւա՞ն դարձնել

22/04/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ ՀՀ Կառավարության շենքի մոտ հավաքվել էին Արտաշատի Օգոստոսյան 23 փողոցում տեղակայված «Արտաշատ» հյուրանոց-հանրակացարանի բնակիչները: Վերջիններս իրենց դժգոհությունն էին փորձում ներկայացնել Կառավարությանը` իրենց շենքից վտարելու վերաբերյալ: «Մենք դիմեցինք Կառավարության ընդունարան: Ոստիկանները մեզ խորհուրդ տվեցին քաղաքացիներին ընդունող Ղազարյանին դիմել: Էս Ղազարյանն էլ շատ կոպիտ ասաց, որ ինքը մեզ չի ընդունելու, որովհետեւ մեզ մի քանի անգամ ընդունել էր: Ասաց` թող իրենք գնան իրենց մարզպետի մոտ: Այ էսպես շատ կոպիտ պատասխանեց, հետո ասաց` հաջողություն ձեզ: Ուղղակի մի բան կասեմ` էս մեր ղեկավարությանը մի քիչ կոռեկտություն ա պետք: Անկոռեկտ ղեկավարները ժողովրդին պետք չեն»,- ասաց բողոքարկուներից մեկը: «Ես 1993թ. օրինական կարգով ապրում եմ Արտաշատի հյուրանոց-հանրակացարանում: Հիմա էն վիճակի են հասցրել, որ ասում են` սեփականաշնորհված ա, ու դուք պիտի դուրս գաք շենքից: Ասում են` իբր Հովիկ Աբրահամյանն ա սեփականաշնորհել, բայց դե էդ հաստատ չի, որովհետեւ տարբեր մարդիկ են գալիս-գնում: Բայց մենք ո՞ւր գնանք: Երեխատեր մարդիկ ենք, շատերը` միայնակ թոշակառուներ են: Մի խոսքով` կարիքավոր մարդիկ ենք»,- նշեց Արտաշատի հյուրանոց-հանրակացարանի բնակիչներից Թամարա Հովհաննիսյանը: «9-12քմ տեղ ա, ու էդտեղ ապրում ենք 7-8 հոգով: Ջուրն արդեն 3 տարի ա` կտրել են: Կոյուղին շատ վատ ա աշխատում` նայած ո՞ր կողմից»,- ավելացրեց մեկ այլ բնակիչ: «Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ապրում եմ էդ հյուրանոցի պադվալային հարկում կռիսների հետ: Ոչ մի կոմունալ հարմարություն չունեմ: Մենակ խնդրում ենք` մտնել մեր դրության մեջ: 20 տարի ա` էդ հյուրանոցում եմ ապրում: Աղաչում եմ` բոլոր ղեկավարներին, նաեւ մեր մարզպետին, մեր վիճակի մեջ մտնել: Մինչեւ մայիսի 1-ը ժամկետ են դրել, որ ազատենք տները: Բա մենք որտե՞ղ պիտի մնանք: Հովիկ Աբրահամյանը որ տվեց այս շենքը, ասաց` գնացեք, յոլա գնացեք, մինչեւ ձեզ ապահովենք, բայց հիմա համ չեն ապահովել, համ էլ ասում են՝ դուրս եկեք»,- իրավիճակը հուսահատ ներկայացրեց հյուրանոցի բնակիչներից Լիդա Մարտիրոսյանը, ում խոսքերին ի պատասխան, բնակիչներն արձագանքեցին. «Մենք դառնալու ենք անօթեւաններ: Որոշել ենք` մի հատ պալատկա ենք փոխելու Արտաշատի քաղաքապետարանի դիմաց»: Թամարա Հովհաննիսյանն էլ հավելեց. «Ասում են` կարեւոր չի՝ վարձ եք տալիս, թե չեք տալիս, արդեն պետք չի, հելեք: Չեն առաջարկում ոչ փոխհատուցում, ոչ բնակարան: Ասում են` մեր գործը չի, դա ժամանակավոր շենք է, բնակվել եք, թողեք, գնացեք: Դիմել ենք մարզպետարան, քաղաքապետարան, դիմում ենք գրել, չեն պատասխանում: Վերջնական օգուտ չկա: Հովիկ Աբրահամյանին էլ դիմեցինք, ասաց` կհատկացնենք, ինչ-որ հաշվարկներ արին, ձեռնտու չէր, մնացինք տեղում»: Արտաշատցիները պահանջում են լուծել իրենց հարցը, գոնե ժամանակավոր կացարան հատկացնեն: Բողոքի ակցիային մասնակցում էին 25 ընտանիքներից միայն կեսը, մյուս կեսը չէր եկել, որովհետեւ, ինչպես ներկաներն են ասել` «կոշիկ չունեն քաղաք գալու հասնելու համար»:

Ի դեպ, ըստ բնակիչների, իրենք լուրեր են ստացել, որ հյուրանոցը սեփականաշնորհել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Սակայն վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում հերքել է, թե ինքը հյուրանոց է գնել: