Չի վճարել

22/04/2010

«Վանաձորի քիմպրոմ գործարանը տիպիկ հայկական բնավորություն ունի: Դե ոնց որ հայերը, չէ՞, էս էլ ա սիրում պարտքի մեջ խրվել: Խասյաթ ա` միշտ պարտքի մեջ լինել: Էնպես որ, մի զարմացեք, որ քիմպրոմը 4-5 ամսվա աշխատավարձ չի տվել»,- Վանաձորի կենտրոնական հրապարակում ասացին Վանաձորի բնակիչները: Վերջիններս, անդրադառնալով Վանաձորի քիմիական գործարանի այսօրվա աշխատանքներին, նշեցին, որ նախկին գործարանից այսօր հետք չի մնացել: «Դե մի պահակ ա մնացել, ու մեկ էլ երեւի մի քանի աշխատող: Իսկ առաջ` գիտե՞ք էս ինչ գործարան էր»,- նշեց Վանաձորի ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը: «Մեր պարտքերը տվել են, բայց ինչքան գիտեմ` դեռ նախորդ տարվա աշխատողներից շատերին մի քանի ամսվա աշխատավարձ կա, որ պիտի տան»,- նշեց 2001թ. գործարանի հարկադիր պարապուրդի ուղարկված աշխատակիցներից մեկը, ով արդեն մի քանի տարի է` չի աշխատում գործարանում: «Ժամանակ առ ժամանակ աշխատողներին հարկադիր պարապուրդի են ուղարկում: Հեն ա` հարսիս մորն էլ են ուղարկել հարկադիր պարապուրդի: Ու մի քանի ամսվա աշխատավարձ էլ չեն տվել»,- նշեց Վանաձորի բնակիչներից մեկը: Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսին ընկերության աշխատակիցներն աշխատավարձերը չտալու պատճառով գործարանի դարպասների մոտ կազմակերպել էին բողոքի ցույց: Դեռ այն ժամանակ ընկերության աշխատավարձերի պարտքը կազմում էր 100.000 դոլար: