Ալարկոտ գյուղի առասպելը

22/04/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր հասարակությունը վերապահ վերաբերմունք ունի վիճակագրության հանդեպ: Սա հայտնի փաստ է: Այն, որ իշխանություններն էլ լուրջ չեն ընկալում դրանք, պակաս հայտնի ու համարյա անապացուցելի փաստ է: Ավելի ստույգ՝ անապացուցելի էր մինչեւ երեկ: Երկու-երեք օր առաջ Ազգային վիճվարչությունը հրապարակեց, որ երկրի գյուղատնտեսությունն աճում է (այս տարվա առաջին եռամսյակում՝ 2,7 տոկոսի չափով): Համարյա մեկ օրվա ընթացքում ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալը հերքեց այն: Ավելին, նա գյուղատնտեսության որոշ ոլորտներում վիճակը գնահատեց «խայտառակ»: «Մենք կորցնում ենք գյուղը»,- հայտարարել է առաջին գյուղփոխնախարարը: Ակնհայտ է, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը պետական վիճակագրություն չի ընթերցում: Տեղյակ չէ այն փաստին, որ գյուղատնտեսությունը Հայաստանում մշտապես աճ է արձանագրել: Բացառությամբ 2009 թվականի, երբ երկրում մոլեգնում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Բայց համաշխարհային ճգնաժամի ջիգրու՝ մեր գյուղատնտեսությունը պաշտոնապես անկում ապրել է ընդամենը 0,1 տոկոսով: Այս ցուցանիշը նման հոռետեսության հիմք պիտի որ չդառնար: Եթե Գյուղնախարարության ղեկավար անձը պարբերաբար գյուղվիճակագրություն կարդար, կարձանագրեր, որ, ասենք, կաթի արտադրության աշխարհում առաջինն ենք: Մեկ շնչին ընկնող արտադրության քանակով, իհարկե: Որ տարեցտարի գյուղատնտեսության բոլոր ճյուղերը անասնապահությունից մինչեւ բանջարաբոստանային կուլտուրաներ՝ ծլում, ծաղկում ու բարգավաճում են: Գյուղփոխնախարարը պնդում է, որ «հանրապետությունում 190 հա վարելահող գյուղացիների կողմից չի մշակվում»: Նույնիսկ մի քանի պատճառ գիտի: Օրինակ. գյուղտեխնիկայի 59 տոկոսը 25-30 տարի առաջվա արտադրության են: Այս մասին ազգիս վիճակագիրներն, իհարկե, լռում են: Հենց այնպես չեն լռում: Լռում են ազգային անվտանգության տեսանկյունից: Մի քանի տարի առաջ Վիճվարչությունից փորձում էի պարզել հանրապետությունում առկա բեռնատար մեքենաների քանակն ու միջին տարիքը: Պարզվեց՝ դրանք պետական գաղտնիք են: Եվ քանակը: Եվ տարիքը: 21-րդ դարում, երբ տիեզերքից կարելի է հաշվել Հյուսիսային պողոտայի սալաքարերի քանակը: Հիմա արդեն պարզ է, որ ահագին ծավալով հողեր չեն մշակվում, եւ գյուղտեխնիկան մաշված է: Դուք կարծում եք, թե դա մասամբ Գյուղնախարարության մեղքով է: Կամ իշխանությունների թերացում: Ոչ: Երիցս` ոչ: Մեղավորը հենց իրենք են` գյուղացիները: Առաջին գյուղնախարարի կարծիքով՝ «Գյուղացին այսօր ալարկոտ է դարձել: Գյուղում ամեն հարց քննարկում են, բայց գյուղատնտեսական աշխատանքներով չեն զբաղվում»: Կարելի է ենթադրել, որ գյուղում ամենաշահագրգիռ քննարկվողը հենց ոլորտի կառավարման հարցերն են: Սա, իհարկե, պիտի որ հարուցեր ոլորտի ղեկավարության վրդովմունքը: Հայ գյուղացին, որ 20 տարի պետական աջակցություն չի ստացել, պիտի որ չթաքցնի ոլորտի ղեկավարների մասին իր կարծիքը: Հատկապես հիմա, երբ գյուղատնտեսությունը կամաց-կամաց բերվում է հարկային դաշտ: Նույն պաշտոնյայի գնահատականներով՝ ամեն տարի տարերային աղետների հետեւանքով հայ գյուղացին 25-30 մլրդ դրամի (մոտ 65-70 մլն դոլար) վնասներ է կրում: Կրում է ու փոխհատուցում համարյա չի ստանում: Պետությունը համարյա ոչինչ չի անում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ընկերությունների ձեւավորման ուղղությամբ: Պարզապես արձանագրում է, որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, եւ ապահովագրական ընկերությունները խուսափում են այս ոլորտից: Բոլոր նրանք, ովքեր վերջին տարիներին երթեւեկել են գյուղամիջյան ճանապարհներով, գիտեն, որ դրանք իրականում համարյա անանցանելի են: Պետությունը նույնիսկ ենթակառուցվածքներին անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում: Պաշտոնապես Հայաստանում կա մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Գյուղերի դատարկման մասին մինչ այսօր խոսում էին բոլորը: Բացառությամբ մեր իշխանավորների ու վիճակագիրների: Բայց օրերս ինչ-որ անհասկանալի բան է կատարվել: Առաջին գյուղփոխնախարարն էլ է սկսել խոսել գյուղի ծանր վիճակից: Տեսեք, թե ինչ է հայտարարում նա. «Ցածր եկամտաբերությունը գյուղատնտեսության համար սպառնալիք է: Եթե բիզնեսի այլ ճյուղի ներկայացուցիչն է գործը տակ տալիս, դա ընկալելի է, բայց երբ հողը օգտագործողն է տակ տալիս, նա գյուղը թողնում-հեռանում է: Մենք կորցնում ենք գյուղը»: Ոչ թե գնահատական է, այլ ախտորոշում: Գյուղղեկի ասածին ոչինչ չես ավելացնի: Չես ավելացնի հայ գյուղի ներկայի գնահատականի ու ապագայի կանխորոշման տեսանկյունից, իհարկե: Այլ տեսանկյունից դիտարկման դեպքում, հարկավ, հարցեր են առաջանում: Ու պատասխաններ տրվում: Օրինակ. այսպիսի հարց. «Ինչո՞ւ է բիզնեսի մյուս ոլորտներում տակ տալը ընկալելի»: Եվ պարզ է դառնում «Մեր հեռուստաեթերից հնչող նեոգողական հայերենը՝ որտեղի՞ց» հարցի պատասխանը: Այն գալիս է մեր գրագետ ու արհեստավարժ, «տակ տվող ու վրա հէլնող» չինովնիկների բառապաշարից: Կարդացե՛ք պաշտոնական վիճակագրություն: Վայելե՛ք մեր չինովնիկների մայրենին: