«Մենք որ մեծանանք՝ լավ ընտանիք ենք ունենալու»,- ասում են Վանաձորի մանկատան երեխաները

22/04/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վանաձորի Վերածննդի փողոցի «կարկատանապատ» ճանապարհին հատվող ցանկապատը, ասես, արտաքին աշխարհի ու հեքիաթի սահմանագիծն է: Սիրված հեքիաթների պես էլ զգացողություններն են, երբ գիտես հեքիաթի սյուժեն, բայց, միեւնույն է` ուզում ես այն վերապրել:

Մանկատան պատուհաններից դեպի դուրս նայող երեխաները մերթընդմերթ հետեւում էին եկող-գնացողին` փնտրելով ծանոթ ու հարազատ դեմքեր: «Դե մեզ տան էրեխեքն էլ են սիրում: Ճիշտ ա, մենք ընտանիք չունենք, բայց մանկատունն էլ մեր ընտանիքն ա: Եթե տան էրեխեքը դասերից հետո անհամբեր են, որ գնան իրենց տուն, իրենց ծնողների մոտ, մենք էլ անհամբեր ենք, որ գանք մեր տուն` մանկատուն: Դե էս էլ մեր ընտանիքն է: Ու էստեղ էլ մեր դաստիարակներն են մեզ շատ սիրում»,- մեկը մյուսին ընդհատելով` ասում են Վանաձորի մանկատան երեխաները, որոնց աչքերի անկյուններում կուտակված թախիծն, այնուամենայնիվ, ավելի խոսուն ու ազդեցիկ է: Նրանց համար ցանկապատից այն կողմ դրսի աշխարհն է, որտեղ ապրում են այն երեխաները, ովքեր ընտանիքներ ունեն: Իսկ այդ երեխաներին մեծ տան փոքր բնակիչներն անվանում են «տան» երեխաներ:

Իրականության գունավոր ցանկապատը

Բնակելի շենքերի ու սպիտակ շենքի միջեւ ձգվող սահմանագծին ամենքն էլ սովորել են: Երկու կողմերում էլ երեխաների խաղերը նույնն են, բացի, թերեւս, այն հանգամանքից, որ ցանկապատի մի կողմում երեխաներին ճաշի ժամի մասին հիշեցնում են մայրերը, իսկ մյուս կողմում` դաստիարակ-ուսուցիչները, որոնք պակաս մայրական հոգատարություն չեն ցուցաբերում: Վանաձորի մանկատան սպիտակ շենքի մոտ խաղացող երեխաների աչքից ոչինչ չի վրիպում: Բակի կոկիկությունն ու անթերի մաքրությունը նույնիսկ շփոթմունք է ստեղծում: Ավելին` եթե ինչ-որ մեկն այստեղ փորձի աղբ նետել, երեխաները մեծերի պես կբարկանան: «Մենք մեր ձեռքով ենք մաքրում ու ոչ մեկին չենք թողնի, որ մեր բակը կեղտոտեն»,- այսպես են արձագանքում մեծ տան փոքրիկ բնակիչները` ցույց տալով իրենց բակի այն ծառերը, որոնք տնկել են տուն այցելած հյուրերը: «Սա ԱՄՆ-ի նախկին դեսպանն ա տնկել, այ էս մեկը` մեր նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը` Ռիտա Սարգսյանը»,- ծառերն անխախտ հերթականությամբ թվարկելով` պատմում էին երեխաները: «Էնքան լավն էր Ռիտա Սարգսյանը: Մեզ համար անանաս էր ուղարկել, հետո հեռուստացույց էր ուղարկել»,- մանկական վարակիչ ջերմությամբ խոսում էին երեխաները: Ու ընդհանրապես այս մեծ տանը զգում ես պետական այրերի նկատմամբ մեծ հարգանք, թեեւ պետության կողմից մանկատանը տրվում է միայն, այսպես ասած, պահպանման գումար: «Մեզ համար կարեւորը հեռուստացույցը կամ անանասը չէր, այլ էն իսկական սերը, որ մենք ստացանք նրանից: Ու ընդհանրապես, երբ որ մեզ մոտ հյուրեր են գալիս, կարող ա իրենք մեզ հետո մոռանան, բայց մենք կյանքում էդ մարդկանց չենք մոռանա: Իրականում մենք ամեն օր էլ հիշում ենք նրանց»,- շարունակում են երեխաները, որոնց հետ զրուցելիս, այնուամենայնիվ, փորձում ես հասկանալ նրանց աչքերի մեջ կուտակված թախիծը: Երեխաներից ամեն մեկն ունի իր պատմությունն ու կյանքի դժվարություններին դիմակայելու կամային ուժը: Նրանցից շատերին մանկատուն են բերել մայրերը, ոմանց` հարազատները, իսկ ոմանցից էլ մայրերը հրաժարվել են հենց հիվանդանոցում: Իրենց պատմությունները ներկայացնելիս երեխաները խոսում էին սաստիկ սառնությամբ, ասես, այդպես էլ պետք է լինի: Ու նրանց հետ զրուցելիս հասկանում ես, որ նրանք ավելի ուժեղ են, քան մեզանից ամեն մեկը:

«Կյանքը հրաշալի ա, ինչ էլ պատահի»

«Մանկատուն եկել եմ 8 տարեկան հասակում: Ավելի ճիշտ` ես չեմ եկել, մորաքույրս էր ինձ բերել: Այդ ժամանակ մարդու հիշողությունն արդեն ձեւավորված է լինում: Ամեն ինչ էլ լավ հիշում եմ: Պապաս, արդեն 10 տարի է, անհայտ բացակայում է, չկա, մաման հիվանդ է: Ապրում է Ստեփանավանում: Մենք ապրում էինք տատիկի ու մամայի հետ, հետո երկուսն էլ հիվանդացան, ու ինձ ու երկու քույրերիս բերեցին այս մանկատուն, որտեղ, իսկապես, այնքան ջերմություն կա»,- ասաց Մարգարիտան` հանգամանորեն պատմելով իրենց մեծ ընտանիքի պայմանների մասին: Մարգարիտան սովորում է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Առաջին կուրս է: «Մաման հաճախակի չի կարողանում գալ: Շատ ժամանակ էլ ես չեմ թույլ տալիս: Հատկապես ձմռանն եմ ասում, որ չգա: Մեր պայմաններն էդքան էլ լավ չեն: Ես գիտեմ, որ իր համար գալ-գնալը մեծ նեղություն ա: Դե մամայի մոտ նյարդային խանգարումներ էին, հիմա երեւի ապաքինվել ա կամ էլ ապաքինվում ա: Չեմ կարող ասել»,- անշտապ ներկայացնում էր աղջիկն ու հայացքն անորոշ կետերի հառում: Սեղանի շուրջ համախմբված երեխաներն ավելի շատ Մարգարիտայի աչքերի կծկումներին էին հետեւում, քան` նրա պատմությանը: Աղջիկը խոսելիս հաճախակի ուղղում էր ակնոցը, որի ապակիների ետեւից երեւում էին Մարգարիտայի ջրակալած աչքերը: «Մանկատան առօրյան շատ հետաքրքիր ա: Մենք օրվա ռեժիմ ունենք: Մենք զբաղվում ենք պարով, երգով, ասմունք ենք սովորում, բեմադրություններ ենք կազմակերպում, լողով ենք զբաղվում: Մենք բազմակողմանի զարգացածություն ենք ստանում էստեղ: Մենք էստեղ սովորում ենք այն ամենը, ինչը մարդուն պետք կգա կյանքում, որ կարողանա իր հացը վաստակել»,- իրենց առօրյայի մասին պատմում էր Մարգարիտան, ում խոսքին իրենց լրացումներն էին անում մյուս երեխաները: Ոմանք իրենց պատմությունները ներկայացնելիս հուզվում էին, ոմանք` ամաչում սեփական ծնողների արարքից, իսկ երեխաներից շատերն էլ սենյակից ամոթխած դուրս էին գալիս: 3 ամիս առաջ Ջրաշեն գյուղից մանկատուն եկած ծնողազուրկ Զարուհու սեւ աչքերից արցունքները մեղմ հոսում էին: Մինչ Զարուհին մաքրում էր աչքերը, նրա քույրը` Զոյան, սկսեց խոսել իր նախասիրությունների մասին: Ասում է` շատ է սիրում գիրք կարդալ ու ասեղնագործությամբ զբաղվել: «Տերյան եմ սիրում կարդալ»,- ավելացրեց Զոյան: Այն հարցին, թե արդյո՞ք սիրահարված է, խեթ-խեթ նայեց ինձ ու պատասխանեց. «Մենակ սիրահարվածնե՞րն են կարդում: Կարդում են նրանք, որոնց հոգում թախիծ կա»: «Ես էստեղ էնքան փոքրուց եմ եկել, որ չեմ էլ հիշում: Դե էստեղ ամեն ինչ էլ շատ լավ ա: Ընտանիքը գիտե՞ս որն ա` երբ որ պապան-մաման ու էրեխեքը իրար հետ համերաշխ են լինում, դե մեզ մոտ էլ մեր ընտանիքն ա: Մենք քույր-եղբայրներ ենք, ու իրար մենակ չենք թողնում՝ ինչ էլ լինի»,- կահավորված ննջասենյակի իր մահճակալին նստած` նշեց Նելլին, որն, արդեն 10 տարի է, ապրում է մանկատանը: «Ճիշտ ա` մեզնից շատերը չունեն ծնողներ, կամ բերել-թողել են մեզ մանկատանը, բայց ինչի՞ են մեզ որբեր ասում: Հա, դաժե ներվայնանում եմ, երբ էն «Որբերը» սերիալն եմ հիշում: Էդ հաստատ մեր մանկատունը չէ: Մենք էնքան լավ ենք ապրում էստեղ, ու հետո մեր Աշիկ քեռին էնքան լավն ա: Համ էլ ի՞նչ անենք, որ մենք էստեղ ենք ապրում: Մեզ բոլորն էլ սիրում են»,- վրդովված ասացին երեխաները: Իսկ մանկատան ամենափոքր բնակիչները` 2 ամսական Մանեն ու 4 ամսական Անուշը, հազիվ հասցնում են ժամանակին ուտել ու քնել: Անուշին մանկատուն է հանձնել մայրը, իսկ Մանեի մայրը հարբեցող է ու ժամանակավոր երեխային հանձնել է մանկատուն: «Մենք մայրերի պես ենք վերաբերվում էս երեխեքին: Առավոտից գիշեր իրենց սնարի մոտ ենք»,- շշուկով նշեց փոքրիկների խնամքին հետեւող տիկին Սուսաննան: Իսկ նորածինների սենյակին կից 1-2 տարեկան երեխաների սենյակն էր, որոնցից մեկը` Իրինան, ինձ տեսնելով, սկսեց ժպտալ: «Հայրն անհայտ կորել է, մայրն էլ` կալանավայրում է»,- ասացին դաստիարակները` փաղաքուշ նայելով փոքրիկին: Վերջինս այնքան ամուր էր բռնել ձեռքիցս, որ դուրս գալուց ստիպված էի մեծ դժվարությամբ նրանից բաժանվել: «Մեր հասարակության մեջ այնպիսի կարծիք կա, թե մանկատունը որբանոց է, ու այնտեղ ոչ լիակատար մարդկային խնամք է իրականացվում: Իրականում մանկատունը մանուկների տունն է: Այն մի մութ անտառ է, որտեղ պետք է զգույշ քայլել, որովհետեւ այս երեխաներին նեղացնելն ամենամեծ մեղքն է: Նրանց հետ պետք է այնքա՜ն նուրբ վարվես: Մանկատանն աշխատելը նաեւ բարոյական հպարտություն է»,- ասաց մանկատան տնօրենը` Արշալույս Հարությունյանը, ում երեխաներն անվանում են Աշիկ քեռի: Մանկատան շենքում տնօրենի սենյակն ամենահասարակ կահ-կարասին ունի, մինչդեռ շենքի բոլոր սենյակներն ունեն շքեղ կահույք: Աշխատակիցները գիտեն Աշիկ քեռիի անձնվեր լինելը, որի շնորհիվ մանկատունն այսօր վերանորոգվել, կահավորվել ու ջեռուցվել է, եւ կարելի է ասել` որեւէ բանի կարիք չունի: Ի դեպ, մանկատանը նույնիսկ վարսավիրանոց կա, որտեղ աշխատում են երեխաներից ոմանք: Ասում են` տոնական օրերին հատկապես այս սենյակի մոտ մեծ հերթ է գոյանում: Հետաքրքիր է նաեւ այն, որ մանկատանն արդեն 13 ամուսնություն է գրանցվել, ընդ որում` 9 հարսանիք: Իսկ կարի արտադրամասում խնամքով պահվում են հարսի զգեստները, որոնք ամեն անգամ սպասում են հերթական հարսնացուին, իսկ բնակելի շենքերի բնակիչները` «կարմիր խնձորներին»: «Ինչ աղջիկ ամուսնացրել ենք, հաջորդ օրը եկել շնորհակալություն են հայտնել, որ բարոյական էր եղել մեր աղջիկը: Մենք մեր էրեխեքին էնքան լավ ենք պահում, որ նույնիսկ դրսի մարդիկ միշտ օրինակ են բերում: Ասում են` Աշիկը 100 երեխա է դաստիարակում, մենք մի երեխայի չենք կարողանում դաստիարակել»,- ծնողական հոգատարությամբ ընդգծեց մանկատան տնօրենը` նկատելով, որ հաճախ հարբեցող ու անբարոյական ծնողների «զոհն» է դառնում երեխան: Մի դեպքում 3 տարեկան երեխային հարբեցող հայրը շատ հանգիստ խղճով կարող է ուղարկել ծխախոտ գնելու, մյուս դեպքում` մայրը կարող է տանը երեխայի աչքի առաջ զբաղվել մարմնավաճառությամբ: «Տվյալ դեպքում երեխան ի՞նչ պիտի տեսնի այդ ընտանիքներում կամ ի՞նչ իմաստ ունի երեխային այնտեղ պահելն ու ամենօրյա ծեծուջարդին մաս կազմելը»,- ասաց Վանաձորի մանկատան տնօրենը` հիշատակելով նաեւ որդեգրությունների թիվը: Նրա հավաստմամբ` տարեկան կտրվածքով որդեգրվում է 7-8 երեխա: Քիչ անց էլ մանկատան երգչախումբը սկսեց փոքրիկ համերգը: «Ինչպես հեքիաթում, կյանքում եւս կան խոչընդոտներ»,- ահա այսպիսի անկոտրում տեսքով երգում էին նրանք, նայում իրար ու ժպտում: Նրանք մի երգից մյուսին էին անցնում շատ արագ: «Արի մենք ապրենք խաղաղ/ Իրար նայենք պարզ աչքերով»,- խրոխտ շարունակեցին երեխաները, որոնցից Լիլիթը որոշեց իր ձեռագործ շղթաներից մեկը նվիրել ինձ, իսկ Զոյան` իր նկարած վարդն ու նամակը: Իրականում երբեւէ այդքան թանկ նվերներ չէի ստացել ու այդպիսի հոգեցունց վիճակ ինձ համար չէր եղել, ինչպես այս մանկատանն անցկացրած մի քանի ժամը, որտեղ անկեղծության, ուժի ու պարզության մթնոլորտ էր: «Կյանքն էդքան վատ բան չի: Այն իսկապես հրաշալի է: Հաղթում է նա, ով ուժեղ է»,- թեեւ բոլոր դժվարություններին` ավելացրին երեխաները, որոնց ասած խոսքերը Վանաձոր-Երեւան ճանապարհին փորձում էի վերլուծել: Ու հանկարծ հիշեցի լուսամուտից երեւացող նրանց հայացքները, որոնք, ինչ էլ լինի, ով էլ գա-գնա, անհամբերությամբ սպասում են իրենց մայրերին, որոնց մի մասը կալանավայրերում են, մյուսը մասը` տարբեր պատճառներով մոռացել են իրենց երեխաներին, իսկ ոմանցից էլ դեռեւս բարուրից են հրաժարվել։ «Մենք էնքան երազանքներ ունենք… Ամենակարեւորը, որ մեծանանք, լավ ընտանիք ենք կազմելու»,- միակամ այս համոզմանն էին եկել երեխաները…