Սեւազգեստ, լուռ, մոմերով եւ ծաղիկներով

22/04/2010

Ապրիլի 24-ին առաջին անգամ թուրք մտավորականները 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված ցույց են անցկացնելու Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակում: «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է: 1915 թվականին, երբ Թուրքիան ընդամենը 13 միլիոն բնակչություն ուներ, այս հողի վրա նաեւ 1.5-2 միլիոն հայ էր ապրում: Նրանք նպարավաճառներ էին, դերձակներ, ոսկերիչներ, հողագործներ, նրանք մեր դասընկերներն էին, ուսուցիչները, զինվորները, պատգամավորներն ու պատմաբանները: Նրանք մեր ընկերներն էին, դուռ-դռան մեր հարեւանները, դժվարին պահերին մեզ հետ մեր ցավը կիսողները»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ շուրջ յոթ տասնյակ թուրք մտավորականներ են ստորագրել: «1915 թվականի ապրիլի 24-ին նրանց «քշեցին», նրանք այլեւս այստեղ չեն, գերակշիռ մեծամասնությունը այլեւս կենդանի չէ, եւ անգամ նրանց գերեզմանը չկա: Կա միայն «Մեծ աղետի» մեծ ցավը, որ վերջին 95 տարիների ընթացքում գնալով ավելի ու ավելի է ծանրանում մեր խղճին»,- հայտարարել են թուրք մտավորականներն ու կոչ արել բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում զգում են այդ ցավը, ապրիլի 24-ին հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` «…սեւազգեստ, լուռ, մոմերով եւ ծաղիկներով ոգեկոչելու 1915 թվականի զոհերի հիշատակը, քանի որ այդ ցավը մերն է, եւ բոլորինս է այդ վիշտը»:

Ինտերնետային կայքէջում թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով տեղադրված կոչին անցած մի քանի օրերի ընթացքում նաեւ հարյուրավոր մարդիկ են միացել. հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ ուսանողներ, գիտնականներ, լրագրողներ: