2010թ. հունվար ամսին ՀՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» է տեղափոխվել 26-ամյա Արմինե Սահակյանը: Ա. Սահակյանի էպիկրիզում արձանագրված բժշկական ախտորոշման համաձայն, նրա մոտ արձանագրվել է` «Թոքերի դիսեմինացված տուբերկուլյոզ. ինֆիլտրացիայի եւ քայքայման փուլ, ԲԿ + (դրակ), տոքսիկ հեպատիտ, թոք-սրտային անբավարարություն 2-րդ աստիճանի»: Ինչպես հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ, այնպես էլ այսօր` բժիշկները երիտասարդ աղջկա կյանքը փրկելն անհույս են համարում: Արդեն մի քանի օր է, Արմինեի վիճակը վատացել է, նա կոմայի մեջ է ընկնում, արյունահոսությունը կանխելն այլեւս անհնար է դարձել, հետեւաբար նրա կյանքը գոնե երկարացնելու հարցում բժիշկներն արդեն անզոր են:
Մենք արդեն մեր նախորդ հրապարակումների մեջ գրել էինք, որ 2008թ. գարնանն Ա. Սահակյանն ամուսնացել է Ռոբերտ Հովհաննիսյանի (Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ) հետ եւ համատեղ կյանքի ընթացքում ենթարկվել ընտանեկան բռնությունների: Սկեսուրը` Արեւ Պողոսյանը, ամուսնությունից անմիջապես հետո սկսել է վերջինիս հալածել, մասնավորապես կշտամբելով օժիտ չբերելու համար: Սկեսուրը հարսից պահանջել է ծնողների առաջ բնակարան հատկացնելու հարց բարձրացնել: Սակայն Ա. Սահակյանը, գիտակցելով ծնողների սոցիալական վատ վիճակը, լռել է, չի ըմբոստացել: Երեխայի ծնունդից հետո Արեւ Պողոսյանը կտրականապես արգելել է շփվել հարազատների հետ. նույնիսկ վերահսկել է իր եւ որդու բջջային հեռախոսներում զետեղված ելքային եւ մուտքային զանգերը: Ըստ Արմինեի` ծնունդով կապանցի Ա. Պողոսյանը եւ նրա որդին` Ռոբերտը, մշտապես միմյանց հետ խոսել են թուրքերեն լեզվով, ուստի ինքը չի հասկացել, թե ինչ են խոսում մայր ու որդի: Մեկ ամիս առաջ մենք այցելեցինք հակատուբերկուլյոզային դիսպանսեր, որտեղ Արմինեի հետ զրուցելու շատ քիչ հնարավորություն ունեցանք, քանի որ վերջինս ի վիճակի չէր: Նա ասում էր, որ վերջին ամիսներին սկեսուրն ընդհանրապես արգելել էր տանից դուրս գալ եւ հազվադեպ արեւի երես էր տեսնում միայն նրա հետ մոտակա խանութ գնալու ընթացքում: Ջրվեժում բնակարան վարձակալելուց հետո, որը նախկինում եղել է հոգեկան հիվանդություն ունեցող մի մարդու բնակարան, Արմինեն մշտապես քնել է խոնավ բազմոցին: «Երբ էդ հիվանդ մարդը մահացել էր` էդ բազմոցը լվացել էին, ու ես էդ կիսաթաց բազմոցին էի քնում»,- մեզ հետ զրույցում ասում էր Արմինեն: Նաեւ ասում էր, որ որդուն` Գոռին, ծննդաբերելուց հետո սկեսուրն իրեն թույլ է տվել միայն կերակրել երեխային` սպառնալով, թե` «Կրծքից կտրվի` քեզ հանելու եմ դուրս շպրտեմ»: Ամուսնու հետ հարաբերությունները նկարագրելիս Արմինեն ասում էր` «Մենք ապրում էինք հարեւանների պես»: Քաշի արագ նվազեցումը, վատ ինքնազգացողությունն ու գիտակցության կորուստն Արմինեի մոտ սկսել էին հաճախակի դառնալ, սակայն անգամ այդ վիճակում սկեսուրը իրեն պարտադրել է կենցաղային աշխատանքներով զբաղվել: Երբ Արմինեն խնդրել է իրեն բժշկի տանել` սկեսուրը հակադարձել է` «Ձեւեր մի թափի, գլուխ ես պահում, որ գործ չանես: Փող չկա, ո՞նց տանենք»: Որոշ ժամանակ անց Արմինեն վերջնականապես հյուծվել եւ անկողին է ընկել: Օրերով անգիտակից վիճակում պառկել է: Հարեւանների այցելության ժամանակ սկեսուրը` Արեւը, ստիպել է մասնակցել սուրճի հյուրասիրությանը` հարեւաններին ցույց տալու համար, որ Արմինեի հետ ամեն ինչ կարգին է ու լավ փոխհարաբերություններ ունեն: Մինչդեռ հարեւանները, տեսնելով Արմինեի օրեցօր նիհարելն ու անհաղորդ լինելը, Արեւին խորհուրդ են տվել հարսին բժշկի տանել: «Կանազի հիվանդանոցում բուժզննման ենթարկելուց հետո բժիշկն ասաց, որ դրսում սպասեմ, ու սկեսուրիս ասաց, թե մոտս ինչ են հայտնաբերել»,- մեզ պատմում էր Արմինեն, ում առանց տեղեկացնելու հիվանդության մասին՝ Արեւը տարել է տուն: Հետո զանգահարել է Արմինեի մորը` Անուշ Խեչումյանին: «Եկեք ձեր դիակին տարեք»,- ասել է նա` իմանալով, որ Արմինեի մոտ տուբերկուլյոզ հիվանդությունն են հայտնաբերել: Սակայն նա Ա. Խեչումյանին խաբել է` ասելով, որ թոքերի քաղցկեղ են ախտորոշել: Արմինեի մայրը հետո հասկացել է, որ անգամ այս ողբերգությունն օգտագործելով՝ Արեւ Պողոսյանը դիտավորյալ թաքցրել է Արմինեի իրական հիվանդությունը, որպեսզի նրան հայրական տուն տեղափոխելուց հետո, ինչպես ասաց Ա. Խեչումյանը. «Ուզում էր վարակը տարածել մյուս երեխաներիս, որ հետո արդարանալու պատճառներ գտներ»:
Հետաքննություն` առանց պատշաճ քննության
Ինչեւէ, «168 Ժամն» այս ողբերգական պատմությանն, ինչպես նշեցինք, արդեն անդրադարձել էր, սակայն եւս մեկ հրապարակում պատրաստելու շարժառիթն այս երիտասարդ կնոջ հետ կատարվածի մանրամասները հրապարակելն է, մանավանդ, որ ՀՀ ոստիկանության քննիչներն «ալարում են» այս գործը մի քիչ «քրքրել»: Արմինե Սահակյանի մայրը` Անուշ Խեչումյանը, դիմում էր գրել ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով բացահայտել ընտանեկան բռնության այս դեպքը եւ քրեական պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Հովհաննիսյանին ու նրա մորը` Արեւ Պողոսյանին: Ա. Սարգսյանն այս գործով զբաղվելու հանձնարարական էր իջեցրել ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին: Հետաքննիչ Մուկուչ Գեւորգյանը մի քանի ամիս իբր նյութեր էր հավաքում: Ա. Խեչումյանի պատմելով` Գեւորգյանին իրենք «զոռով էին բրթում» հարցաքննություն կատարելու, իսկ Աբովյանի տուբդիսպանսեր գնալու համար վերջինս ամեն անգամ պահանջում էր ապահովել փոխադրամիջոցով, ավելի ճիշտ` տաքսիով: Ա. Սահակյանի հետ հարցաքննությունների ժամանակ Մ. Գեւորգյանը ստիպել է սեփական մտքերը շարադրել եւ ստորագրել: Ա. Խեչումյանը մեզ բազմիցս ահազանգել է ՀՀ ոստիկանության քննիչի անաչառությունը կասկածի տակ դնելու հայտարարությամբ: Թեեւ այս աղմկահարույց գործը գտնվում է ՀՀ ոստիկանապետի եւ ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ, այդուհանդերձ, ապրիլի 7-ին ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ Մ. Գեւորգյանը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել: Դեռ երկու շաբաթ առաջ Մ. Գեւորգյանը մեզ հետ զրույցի ընթացքում հավատացնում էր, որ ինքը ոչ մի շահ չունի հարցաքննության արդյունքում ձեռք բերված նյութերն «աղավաղելու» հարցում: Այսօր, երբ մեր ձեռքի տակ է գտնվում հետաքննիչ Մ. Գեւորգյանի հետաքննություն կատարելու արդյունքում ձեռք բերված նյութերը` հարկ ենք համարում նշել, որ հետաքննիչը գուցեեւ փաստերը չի աղավաղել, քանի որ փաստեր, որպես այդպիսին, նա ձեռք չի էլ բերել: Իրավապահ մարմինը ներկայացնող քննիչն ուշադրություն չի դարձրել այնպիսի հանգամանքների վրա, որոնք այս գործի համար կարող էին շղթայի մի օղակ համարվել: Ծանոթանալով այս գործով ձեռք բերված «նյութերին»՝ կարելի է ենթադրել, որ Մ. Գեւորգյանը «նստած տեղը» հետաքննություն է իրականացրել եւ հանցադեպի բացակայության պատճառով քրեական գործ հարուցելը մերժել է: Անուշ Խեչումյանը քննիչին է տրամադրել Արմինեի նամակը, որը նա դեռեւս 2008թ. օգոստոսին ուղարկել է մորը: Այդ նամակը վերջինս գրել է ամուսնուց եւ սկեսուրից գաղտնի, եւ եղբորը խնդրել է այն թաքցնել զուգագուլպայի մեջ ու փոխանցել մորը: Քննիչը նպատակահարմար չի գտել նույնիսկ ծանոթանալ դրա բովանդակությանը: Նամակի վրա գրված է. «Մա՛մ ջան, մենակ դու կկարդաս, պետք չի, որ մեկն իմանա էս նամակի մասին»: Նամակի մեջ Արմինեն մի քանի անգամ նշում է, որ կորցրել է ապրելու ցանկությունը, եւ եթե այսպես շարունակվի` ինքնասպանություն կգործի. «Մա՛մ ջան, ես քեզ շատ-շատ եմ կարոտել, էլ չեմ կարում առանց քեզ եւ քո ձայնը լսելու ապրել: Մա՛մ ջան, ամեն գիշեր լաց լինելով քո հետ եմ խոսում, բայց էլ հույս չունեմ, որ մի օր լավ կլինեմ ու ուրախ: Ինձ անընդհատ երեսով են տալիս, թե` բերածդ ի՞նչ ա, կծում, դաղում են, անտեր շուն են ասում, ես էլ չեմ արտահայտվում, որովհետեւ լեզուս կարճ ա: Արդեն դարձել եմ հոգեկան հիվանդ: Մամ ջան, ուղղակի ուզում եմ մի քիչ դատարկվեմ, ներսս փոթորիկ ա, չգիտեմ գլուխս որ պատին խփեմ, որ հանգստանամ: Մամ ջան, ես էլ առաջվա Արմինեն չեմ, դարձել եմ քայլող ուրվական, էլ չեմ ուզում ապրեմ: Արմինեից մնացել ա մի հատ ջարդված Ա, մազերս ամբողջովին սպիտակել են, գույնս սփրթնած: Ոչ ոք չգիտի, թե ինձ հետ ինչ ա կատարվում: Էլ չեմ ուզում ապրեմ: Մամ ջան, շուշուտ եմ գրում, որովհետեւ ամեն վայրկյան կարող ա գա: Մամ ջան, մի բան արա, խնդրում եմ, գոնե մինչեւ սեպտեմբեր մի բան արա, մեկ սենյակ վերցրու, թե չէ` ես թույն կխմեմ, էլ չեմ դիմանում…»,- անփույթ ձեռագրով գրված է նամակի մեջ: Այս նամակը որդու միջոցով ստանալուց հետո Ա. Խեչումյանն աղջկան հանդիպել է արդեն ծննդատանը: «Խոսակցությունների ընթացքում պարզվեց, որ նա ակնկալիքներ ունի բնակարանի, օժիտի հարցում: Արմինեիս խնայելով` փորձեցինք եզրեր գտնել: Ես Արեւին ասացի` դուք հիմա վարձով տնից տուն եք տեղափոխվում: Երբ տուն կունենաք, ես մի բան կանեմ, ստեղից-ընդեղից կճարեմ ու կահույք կգնեմ որպես օժիտ: Ամուսիններին առաջարկեցի ժամանակավոր տեղափոխվել մեր տուն, որը հանրակացարան է ու շատ անհարմար: Հետո Արեւը, թե` ես առանց իմ տղու չեմ կարա: Դրանից հետո նրանք արգելել են Արմինեին ինչ-որ կերպ ինձ հետ շփվել, բայց մտքովս էլ չի անցել, թե երեխայիս մահամերձ վիճակում կգտնեմ: Հասկանո՞ւմ եք, բոլոր ընտանիքներում էլ լինում են կոնֆլիկտներ, անհաշտություններ: Ես աշխատել եմ աղջկաս ընտանեկան հարցերին չմիջամտել, մանավանդ, որ նրանից էլ դժգոհություն չկար, լուր չկար: Անընդհատ տունը փոխում էին, հասցե էլ չէին թողնում: Կարծում էի` խաղաղվել են»,- վստահեցնում է Ա. Խեչումյանն` ասելով, որ Արմինեն մորաքրոջ` Լուսյայի հետ ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար սկեսուրը 1 ժամ ժամանակ է տվել` ասել է. «Մորքուր, ես շատ դժբախտ եմ, բայց ինչ էլ լինի` Գոռիս չեմ թողի»:
ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ Մ. Գեւորգյանը, պարզվում է, հարցաքննություն չի կատարել նաեւ Ա. Սահակյանի մյուս մորաքրոջ` Գոհար Միքայելյանի հետ, որի տուն երկու անգամ այցելել են Արեւն ու Արմինեն: «Էդ քննիչ կոչվածը զանգեց, ինձ Ոստիկանություն հրավիրեց: Իրեն խնդրեցի, ասացի` ես վիրահատություն եմ տարել, կուրծքս հեռացրել են, վատառողջ եմ, չեմ կարող գալ, դուք եկեք: Ես կարեւոր փաստեր ունեմ: Չեկավ… Էդ ի՞նչ քննիչ է, որ կարեւոր վկային հարցաքննելու համար ալարում է երկու քայլ անել: Նա նույնիսկ մի անգամ գնացել է հիվանդանոց, Արմինեն մենակ է եղել: Հարցը տվել է, պատասխանն ինքը գրել է, հետո էլ ստորագրել է տվել: Արմինեն անուժ, անկողնում ընկած է, ո՞նց պիտի տեսներ, թե ինչ է գրված թղթի վրա»,- ասում է Գ. Միքայելյանը` պատմելով, որ տիրապետում է փաստերի, ըստ որոնց` ուղիղ 4 ամիս Արմինեին Արեւը պահել է ննջասենյակում, որը դրսից կողպված է եղել. «Օրը մի անգամ մի կտոր հաց է շպրտել ու դուռը փակել է: Անգամ զուգարան գնալու ցանկություն ունենալու ժամանակ լաց լինելով բղավել է, բայց դրսից չեն բացել: Նրա տղան ոչինչ է, ամբողջը մայրն է արել: Մայրն ինչ ուզել` արել է, իսկ նա անձայն, անողնաշարի մեկն է: Նրանք ղափանցի են ու մշտապես իրար հետ թուրքերենով են խոսել: Արմինեն ասում էր` իրանք առավոտից իրիկուն թուրքերենով են խոսում, իսկ ես չգիտեմ ինչի մասին են խոսում: Նրանք անընդհատ հասցե էին փոխում, մեզ իրենց տեղն էլ չէին ասում: Վարձը չէին վճարում ու ուրիշ տուն էին գտնում: Ախր էս ի՞նչ եղավ էս երեխու հետ: Ո՞վ է տեսել էս դարում…»:
Հետաքննիչ Մ. Գեւորգյանը նաեւ նպատակահարմար չի գտել, օրինակ` ծանոթանալու այն ծննդատան արխիվային փաստաթղթերին, որտեղ Արմինեն երեխա է լույս աշխարհ բերել: Անուշ Խեչումյանն ասում է, որ Արմինեն, ինչպես հղիության, այնպես էլ հետծննդյան շրջանում եղել է միանգամայն առողջ: Վերջինս շուտով ծննդատնից ձեռք կբերի Արմինեի բժշկական փաստաթղթերը, որոնք պահպանվել են արխիվային նյութերում եւ, ըստ որոնց` հղիության ընթացքում բժիշկների հսկողության տակ գտնվելու ժամանակ նա առողջ է եղել: Մենք կրկին փորձեցինք կապվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քննիչ Մ. Գեւորգյանի հետ` ճշտելու համար, թե ինչո՞ւ համակողմանի քննություն չի կատարվել եւ ինչո՞ւ գործով կարեւոր վկաներ չեն հարցաքննվել: Մեզ պատասխանեցին, որ Մ. Գեւորգյանի հետ դեպք է պատահել, եւ նա գտնվում է հիվանդանոցում:
Արմինեին մորը հանձնելուց հետո նրանով չեն հետաքրքրվել ոչ ամուսինը, ոչ էլ սկեսուրը` Արեւը: Արմինեի վերջին ցանկությունը որդուն տեսնելն է, բայց անգամ բժիշկների` երեխային հիվանդանոց բերելու խորհուրդներին նրանք չեն արձագանքել (բժիշկների հավաստմամբ` վարակի վտանգն անցել է): Մորաքույրը` Գոհարն, ասում է, որ նրանց հանգրվանած վերջին բնակարանի շենքում մի ծանոթ է գտել: Էդ ծանոթն ասել է, որ երեխան առավոտից իրիկուն իրեն պատռելով լաց է լինում: Հավանաբար մորը կարոտում է…
Մենք նույնպես փորձում ենք գտնել Ռոբերտ Հովհաննիսյանին եւ նրա մորը` Արեւ Պողոսյանին: Սակայն առայժմ չի հաջողվում, քանի որ վերջիններս անընդհատ բնակարան եւ հեռախոսահամար են փոխում: Նրանք չեն էլ արձագանքել մեր նախորդ հոդվածներում Ա. Սահակյանի եւ նրա մոր` Ա. Խեչումյանի կողմից իրենց հասցեագրված մեղադրանքներին: