Մեր «Աղետ» հրապարակման մեջ, որը ներկայացնում էր գերմանացի պատմաբան ու հետազոտող Բարբրա Զիբերտի վերջին «Աղետ» վավերագրական ֆիլմը, տեղի է ունեցել անճշտություն: Գրելով 1915թ. Մեծ եղեռնի մասին փաստող այս ֆիլմի մասին, մենք հիշատակել էինք, որ այսօրվա Բեռլինում Թալեաթ Փաշայի անունը կրող փողոց եւ դպրոց կա: Բ. Զիբերտը նշում է, որ նման բան Գերմանիայի Հանրապետությունում լինել չի կարող. «Դա նույնն է, ինչ դպրոց անվանել Ադոլֆ Հիտլերի անունով»: Ֆիլմի այդ կադրերը նկարահանվել են ոչ թե Բեռլինում, այլ թուրքական քաղաքներում: Եվ քանի որ ֆիլմը դեռ չունի իր անգլերեն ու հայերեն տարբերակները, դիտողի (այսինքն` մեզ մոտ) թյուր տպավորություն էր ստեղծվել: Հասկանալի է, որ Գերմանիայի քաղաքացիների համար դա սկզբունքային հարց է, եւ անցյալի հետ հաշտ ապրելու կամք դրսեւորած գերմանացիները սերտել են պատմության դասերն, ու նման վրիպակը չէին կարող անարձագանք թողնել: Ոճրագործության ակունքներում կանգնած անձերը չեն կարող հավերժացվել այն հանրապետությունում, որը շատ լավ գիտե, որ մեծ աղետները սկսվում են հենց նման մանր վրիպակներից: Մենք ներողություն ենք խնդրում Բ.Զիբերտից, ով տարիներ շարունակ զբաղվում է հայկական պատմության ուսումնասիրությամբ եւ հանրապետության քաղաքացի լինելու փաստը վեր է դասում ազգային պատկանելությունից: