ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,
ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին
Նոր Արեշ 46 փողոցի 37 տունը սեփականության իրավունքով պատկանել է տատիկիս մորը` Սրբուհի Քոչումյանին: Նա մահացել է 1984թ. եւ տունը որպես ժառանգություն ընդունել է նրա դուստրը` իմ տատիկը՝ Մարգարիտա Քոչումյանը փաստացի տիրապետմամբ: Տատիկս ունեցել է երկու զավակ. հայրս` Հարություն Համբարձումյանը եւ հորաքույրս` Սոնյա Թովմասյանը: Ս. Թովմասյանը 1973 թվականից ամուսնացել է եւ բնակվել ամուսնու տանը, իսկ 1989 թվականից մշտական բնակվում է ԱՄՆ-ում: Այդ տանն ենք ծնվել եւ մեծացել մենք, իսկ 1998թ. դատարանի որոշմամբ ձեռք ենք բերել օգտագործման իրավունք, որը պահպանել ենք մինչ օրս: 2005թ. մայիսի 27-ին ԱՄՆ-ում մահացել է տատիկս` Մարգարիտա Քոչումյանը: Չորս ամիս անց մահացել է հայրս` Հարություն Համբարձումյանը` չհասցնելով ընդունել ժառանգությունը: Սակայն մեկ ու կես տարի անց, 2006թ. սեպտեմբերին, Ս. Թովմասյանն ԱՄՆ-ից եկել եւ մեզանից գաղտնի դիմել է նոտարական գրասենյակ` հայտարարելով, որ Ս. Քոչումյանի միակ ժառանգն է, եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանի օգնությամբ ձեւակերպել է ժառանգություն ամբողջ տան նկատմամբ:
Նոտարի կողմից ժառանգական գործը կազմվել է բազմաթիվ խախտումներով, որը հավանաբար ունեցել է շահադիտական նպատակներ: Ժառանգական գործը սկզբից կազմված է եղել 27 էջից, շապիկի վրա նշված է` «բաղկացած է 21 թերթից», իրականում 20 թերթ է, որի մեջ մտնում է նաեւ շապիկը, որն ընդհանրապես որպես էջ չի հաշվառվում, բացի այդ, ժառանգական գործում էջերը համարակալված են մի քանի անգամ եւ ջնջված ու նորից համարակալված, որը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին եւ անթույլատրելի է, մասնավորապես ՀՀ նոտարիատի մասին օրենքի 42-րդ հ. 1-ին կետին: Ժառանգական գործում բացակայում է տեղեկանքը վիճելի հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ, ինչը օրենքի պահանջն է: Գործում առկա 2 տեղեկանքներում էլ բացակայում է հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկությունը, որն առաջին անհրաժեշտ պայմանն է ժառանգական գործ կազմելիս: Գործում առկա է քաղվածք տնային գրքից` էջ «10» ջնջումով «9»-ը, որը կատարվել է նշված հասցեի տնային գրքից ու հաստատվել նոտարի կողմից «իսկականի հետ ճիշտ է» գրառումով ու կնքվել, մինչդեռ տնային գրքի պատճենը չի վերաբերում նշված հասցեին, որն ապացուցված է: ՀՀ քաղ.օր-ի 1227հ. 1 կ. ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում. Մ. Քոչումյանը մահացել է 2005 թ. մայիսի 27-ին, Ս. Թովմասյանը այն ընդունել է 14.09.06թ. նոտարական կարգով, այն դեպքում, որ նա բաց է թողել 6-ամսյա ժամկետը եւ այն կարող էր վերականգնել միայն դատական կարգով: Ս. Թովմասյանը տիրապետող ժառանգ չէր կարող լինել, քանի որ 1989թ. բնակվում է ԱՄՆ-ում, ինչն ապացուցվում է Վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքով, Մ. Քոչումյանի մահվան վկայականով եւ թ/լ-ի կողմից տրված տեղեկանքներով:
– Ժառանգական գործում բացակայում է այն հիմնական ապացույցը, որը հաստատում է տան սեփականատիրոջ՝ Սրբուհի Քոչումյանի եւ ժառանգատուի՝ Մարգարիտա Քոչումյանի մայր ու աղջիկ լինելու հանգամանքը:
– Ժառանգական գործին կցված է Ս. Քոչումյանի կողմից կազմված կտակը, որը Մ. Քոչումյանը չի ընդունել, եւ կտակի հետեւի մասում անհասկանալի նշում է կատարված, ջնջումներով եւ անգամ նշված չէ, որ նոտարի կողմից է տրված եւ երբ:
– Ժառանգական գործում նշված է, որ կոմունալ վճարները կատարվել է Ս.Թովմասյանի կողմից, սակայն նոտարը վճարման որեւէ անդորրագիր չի կցել գործին: Բոլոր տեսակի վճարումները կատարվել են մորս կողմից:
Ժառանգության բացման պահին Վ. Համբարձումյանը, որը հանդիսանում է առաջին ժառանգ, անչափահաս է եղել, որն, ըստ օրենքի` ժառանգության բացման պահին ունի ժառանգության պարտադիր բաժին:
Փաստորեն նոտար Է. Շաբոյանն՝ առանց ստուգելու ներկայացված տեղեկանքները, կեղծիքներով կազմել է կեղծ ժառանգություն: Այս բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներով առկա ժառանգական գործի պայմաններում հարուցվել է քրեական գործ, որի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմնավորումով: Դիմել ենք դատարան` վերականգնելու մեր խախտված իրավունքները, սակայն որեւէ հաջողության չենք հասել: Ավելին` մեզ դիտել են ուրիշի գույքն ապօրինի տիրապետողներ եւ պարտավորեցրել ետ վերադարձնել Ս. Թովմասյանին: ԴԱՀԿ կատարողական վարույթ է հարուցվել եւ առանց որեւէ փոխհատուցման` հեռախոսազանգերի միջոցով շարունակում են մեզանից պահանջել ազատել բնակարանը, մինչդեռ մեր օգտագործման իրավունքը դեռեւս դադարեցված չէ: Սույն բաց նամակով դիմում եմ ՀՀ Նախագահին եւ բոլոր պաշտոնատար այն անձանց, որոնք իրավասու են այս խնդրին լուծում տալ: Խնդրում ենք վերականգնել մեր խախտված իրավունքները, պատժել բոլոր այն անձանց, որոնք կատարել եւ շարունակում են կատարել ապօրինություններ` չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը. մասնավորապես՝ նոտար Էմմա Շաբոյանին, քննիչ Արթուր Պետրոսյանին, դատավորներ` Մանուշակ Պետրոսյանին, Գոհար Մատինյանին, Լյովա Գրիգորյանին, Վարդան Գրիգորյանին, Էրեբունի համայնքի դատախազ Հ. Սուքիասյանին: Հարգելի նախագահ, խնդրում ենք վերականգնել օրինականությունը մեր երկրում, որը գոյություն չունի եւ որն ավելի շատ ոտնահարվում է հենց օրինապահ մարմինների կողմից:
Վարդան, Աղասի Համբարձումյաններ