Ամերիկյան բանտարկյալների գործը մտահոգությունների տեղիք է տալիս

22/04/2010

Աֆղանստանում վրացական հավելյալ զորքերի տեղակայումը լայն աջակցություն է ստացել Վրաստանում, սակայն երկրորդ ամերիկամետ քայլը` Գուանտանամոյի երեք նախկին կալանավորների ընդունումը, շատ ավելի հակասական ընդունվեց: 2003-ին իշխանության գալուց ի վեր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձգտել է ԱՄՆ-ի հետ սերտ կապեր հաստատել. այս քաղաքականությունը զայրացրել է Մոսկվային, սակայն մեծ աջակցություն է վայելում երկրի ներսում: 750 հոգուց բաղկացած գումարտակն Աֆղանստան մեկնեց ապրիլի 7-ին. նրանք կծառայեն ամերիկյան հրամանատարության ներքո` անհանգիստ Հելմենդ շրջանում: Երկրում եղած վրացական զինված ուժերի մյուս մասն արդեն իսկ տեղավորվել են ֆրանսիական զորքերի հետ: Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, որպես կանոն, չեն զլանում քննադատել Սահակաշվիլու վարած քաղաքականությունը, այս քայլը որեւէ կերպ չեն մեկնաբանել, սակայն նույնը չի կարելի ասել Գուանտանամոյի բանտի հետ ձեռք բերված համաձայնության մասին: Վաշինգտոնում ցանկանում են փակել Գուանտանամոյի ծովախորշի բանտը, այդ պատճառով դրա կալանավորների համար ապաստան էին փնտրում աշխարհի տարբեր ծայրերում. Սահակաշվիլու կառավարությունը համաձայնել է ընդունել երեք կալանավորների, որոնց Վրաստան տեղափոխեցին անցյալ ամսին. այս համաձայնությունը երկու երկրների «ռազմավարական համագործակցության» մասը դարձնելով: Բանտարկյալները, որոնք, ըստ լրատվամիջոցների` լիբիացիներ են, Վրաստանում ազատ են լինելու եւ կկարողանան այստեղ իրենց ընտանիքներին տեղափոխել, սակայն երկրից հեռանալ նրանք չեն կարող: Ընդդիմության առաջնորդներից մեկը` Ժողովրդական կուսակցության ղեկավար Կոբա Դավիթաշվիլին, ասում է, որ սա վիրավորական է վրաց ազգի համար: «Այն փաստը, որ Գուանտանամոյում ապրած մարդիկ այստեղ ազատ են լինելու, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը Վրաստանը մեկ մեծ բանտ է համարում»,- համոզված է նա:

Կառավարության պնդմամբ` նախկին բանտարկյալները հնարավորություն կունենան ինքնուրույն ընտրել երկրում իրենց բնակության վայրը: «Մենք համոզված ենք, որ նրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում»,- ասում է Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվավերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ութիաշվիլին` նշելով, որ Ոստիկանությունն ուսումնասիրել է բանտարկյալների գործերը: Սակայն Դավիթաշվիլին ընդդիմության առաջնորդների այն շարքում էր, ովքեր ասում են, թե բանտարկյալների ներկայության շնորհիվ Վրաստանի անվտանգության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքը կմեծանա: «Ամերիկյան եւ բրիտանական հետախուզական ծառայությունները չեն կարող երաշխավորել սեփական երկրների անվտանգությունը Գուանտանամո բանտում նստած ահաբեկիչների պատճառով»,- ասում է «Քարթուլի դասի» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական Ջոնդի Բագատուրիան:

Խորհրդարանականը հարց է տալիս` եթե Գուանտանամոյի մնացած 200 բանտարկյալները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, ինչո՞ւ նրանք ԱՄՆ-ում չեն հաստատվում: ԱՄՆ-ի հետ ձեռք բերված այս համաձայնությունն արժանացավ նաեւ Վրաստանի լեյբորիստական կուսակցության քարտուղար Կախա Ձագանիայի խիստ քննադատությանը: «Սահակաշվիլին Վրաստանը համակենտրոնացման ճամբար է դարձրել եւ սկսել է բանտարկյալների բերել»,- հայտարարել է նա: Այս քայլը, նրա խոսքով, Վրաստանի դեմ կտրամադրի մուսուլմանական աշխարհը` Վաշինգտոնի հավանությունը ստանալու համար: «Թող Գուանտանամոյի բանտարկյալներին ուղարկեն իրենց ծննդավայրերը: Կարիք չկա, որ նրանք այստեղ գան,- ասում է նա: -Ոչ մի իրեն հարգող նախագահ չպիտի թույլ տա, որ իր երկիրը վերածվի աքսորավայրի, սակայն Սահակաշվիլին դիմեց այս քայլին` փորձելով վերականգնել իր դիրքը ԱՄՆ նախագահի աչքում եւ հանդիպել նրա հետ»:

Ներքին գործերի նախարարության տեղեկատվավերլուծական բաժնի ղեկավար Ութիաշվիլուն շփոթեցրել է այն միտքը, թե բանտարկյալները կարող են վնաս հասցնել երկրին. «Այս մարդիկ ահաբեկչական գործունեություն չեն ծավալել: Նրանք Վրաստան չեն եկել ահաբեկչական ակտեր իրականացնելու համար: Նրանք նույնիսկ չեն դատվել եւ գիտեն, որ օրենքի ցանկացած խախտման դեպքում դատվելու են վրացական օրենքներով»: Սակայն նրա մոտեցումը չի ընդունվում Մոսկվայի կողմից. երկրի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց Վրաստանի` բանտարկյալներին ընդունելու որոշումը` որպես անհամաձայնության նշան երկու երկրների միջեւ, որոնց թշնամությունը սկսվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ որոնք նույնիսկ պատերազմել են 2008թ.:

«Գուանտանամոյի բանտարկյալների տեղափոխումը Վրաստան հազիվ թե կարելի է «լավ միտք» կոչել: Ահաբեկչության հետ կապված մարդիկ ուղարկվել են մի անկայուն գոտի, ուր ահաբեկչության վտանգն ակնհայտ է, եւ հետո հանձնվել են մի երկրի «խնամքին», որտեղ ղեկավարությունը հաճախ ցուցաբերել է անպատասխանատվություն եւ հանցավոր ձեռնարկում երկրի պաշտպանության հարցում»,- ասում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեյ Նեստերենկոն:

Ըստ նրա` Ռուսաստանը վստահ չէ, որ Վրաստանը կկարողանա բանտարկյալներին հսկողության տակ պահել, կամ, որ նրանք Հյուսիսային Կովկասում չեն միանա Չեչնիայում եւ դրանից դուրս ռուսական օրենքի դեմ պայքարող խմբերի: Վրաստանի անկախ փորձագետները, որոնցից է կրթության նախկին նախարար Գիա Նոդիան` Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի այժմյան ղեկավարը, ասում են, որ երկու կողմերն էլ չափազանցնում են, եւ որ Վրաստանի ազգային անվտանգությունը չի վտանգվում այս քայլով: «Վրաստանն արդեն զորքեր է ուղարկել Իրաք, սակայն ահաբեկիչների համար երկիրը առաջնահերթ երկրների ցուցակում չէ»,- ասում է Նոդիան: Նրա հետ համաձայն է նաեւ Հասարակական Հարցերի Ինստիտուտի փորձագետ Թորնիկե Շարաշենիձեն. «Վրաստանը միջազգային ասպարեզում այնքան էլ կարեւոր տեղ չի գրավում, որ ահաբեկիչների ուշադրությունը գրավի: Չարժե ռեսուրսներ ծախսել Վրաստանի վրա»: «Բացի այդ, բոլորը հասկանում են, որ մենք ոչ ոքի հետ թշնամություն չենք անում: Մենք պարզապես ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»:

Դմիտրի ԱՎԱԼԻԱՆԻ
Թբիլիսի, «24 ժամ» թերթի լրագրող, «Կովկասյան լրատու»