«Փորձում ենք մեր ուժերից վեր ծանրություն բարձրացնել»

22/04/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մենակատարների պետական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Զավեն Վարդանյանը խոսելով Օպերայի ու բալետի ազգային թատրոնի մասին՝ նշում է, որ թատրոնում ձեւավորված «ճահճային» մթնոլորտն ու աշխատաոճը արգելակում են հայաստանյան օպերային արվեստի զարգացումը:

– Մենք աշխարհահռչակ մեներգիչներ, լավ երաժիշտներ ունենք: Ի՞նչն է մեզ խանգարում որակյալ օպերային բեմադրություններ ունենալ։

– Թատրոնը հստակ պատկերացումներ չունի, թե ի՞նչ է ուզում։ Եվ այդ ռազմավարական պլանի բացակայության պատճառով էլ լուրջ աշխատանք չի արվում։ Մեր օպերային թատրոնը հիմա այնպիսի խառնապղտոր վիճակում է, որ ամեն բան պետք է նորից սկսել։ Պետք է հստակեցնել աշխատանքային գրաֆիկը, ընտրել աշխատանքային ճիշտ մեթոդներ, լուրջ քննություն պետք է անցնեն մենակատարներն ու ճշտվի ծրագրային քաղաքականությունը։ Եվ դա պետք է հիմնված լինի ոչ թե քմահաճույքով կազմված ռեպերտուարի վրա (ինչպես մինչեւ հիմա եղել է), այլ ելնելով այն ներուժից, որը հիմա կա (ձայներից, դերասանների տեսակից, երաժիշտների կարողություններից): Եվ միայն հիմնվելով մեր իրական ուժի վրա՝ որոշել, թե ո՞ր օպերաները պետք է առաջիկայում բեմադրվեն:

– Իսկ մինչ հիմա Օպերային թատրոնը չի՞ հիմնվել Կոնսերվատորիայի ուսանողներին, այսպես ասած՝ «հետազոտելու» պրակտիկայի վրա։

– Թատրոնի ու Կոնսերվատորիայի կապը լրիվ խզված է։ Հիմա թատրոնի տնօրենը մոտ 60-65 երգիչների աշխատանքի է ընդունել։ Մի կողմ դնենք այն հարցը, թե ինչպիսի՞ չափանիշներով է արվել այդ ընտրությունը։ Հարցը հետեւյալն է՝ ի՞նչ պիտի անեն այդ երգիչները, եթե մենք այդքան ռեպերտուար չունենք։ Երգիչների քանակը պետք է ավելանա՝ ռեպերտուարի մեծացման հետ համընթաց, այլ ոչ թե հակառակը: Եվ բացի դրանից՝ երգիչը հո չի՞ կարող միայն 1-2 օպերաներում զբաղված լինել, նա պետք է առնվազն շաբաթական 3-4 անգամ բեմ դուրս գա։ Իսկ մեր թատրոնի ունեցած ռեպերտուարով (խաղացանկում հայտարարագրված 10 ներկայացումներից իրականում խաղացվում են ընդամենը 5-ը) հնարավոր չէ 65 հոգու զբաղեցնել։ Եթե այդպես է, ուրեմն` պետք է կոմպակտ դերասանական կազմ ունենալ ու յուրաքանչյուր երգչի հետ մանրակրկիտ ու լուրջ աշխատել։ Իսկ այսօր թատրոնում «սպեւկա» կոչված աշխատանքը անեկդոտիկ բնույթ է կրում։ Եվ դա միայն խոսքեր չեն, դա դառը իրողություն է։

– Հիմա Օպերային թատրոնում գեղարվեստական խորհուրդ կա։ Կարծես այդ խորհրդի ստեղծման գաղափարը ժառանգել ենք սովետական տարիներից։ Դուք գիտե՞ք, թե ինչպիսի սկզբունքներով է այն աշխատում։

– Իզուր չեն ասում` եթե ուզում ես մի գործ տապալել, հանձնաժողով ստեղծիր, եւ այդ հանձնաժողովը «հաջող» տապալում կիրականացնի։ Մեզանում ասողներն են շատ, լսողները չկան։ Օպերային թատրոնի խորհրդի կազմում 18 մարդ կա (այդ թվում՝ նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը), եւ անդամների մեծ մասն օպերային գործունեության հետ երբեւիցե չի շփվել։ Գիտեմ, որ, օրինակ, մեր հիանալի երգիչ Բարսեղ Թումանյանն այլեւս անիմաստ է համարել ներկա լինել այդ խորհրդի քննարկումներին։ Միայն գեղեցիկ խոսքեր ասելով հո չի՞ ստացվի գործն առաջ տանել։ Խորհրդի անդամը պետք է օպերան ներսից իմանա, վերջիվերջո, օպերային երաժշտությանը լավ ծանոթ լինի եւ կարողանա տեսնել, թե ինչպիսի ուժեր կան այդ դաշտում եւ ինչպես նրանց կարելի է օգտագործել։

– Մենք անընդհատ լսում ենք, որ Օպերային թատրոնի ղեկավարությունը բողոքում է գումարների պակասից…

– Միայն լաց լինելն ու փող խնդրելը ելք չէ։ Հիմա Օպերային թատրոնն իր դահլիճը վարձակալության է տալիս, եւ թող խելամիտ լինի եւ այդ գումարները ներդնի օպերաների բեմադրությունների մեջ կամ երգիչների ու երաժիշտների աշխատավարձը բարձրացնի։ Սակայն դա տեղի չի ունենում։ Թատրոնի գլխին կանգնած է մի մարդ, որը օպերային թատրոնից բացարձակապես ոչինչ չի հասկանում։ Եվ ընդհանրապես, երբ թատրոնը սկսում է ղեկավարել իր աշխատանքի հանդեպ անտարբեր մարդը, ցանկացած գումար, որը տրվում է թատրոնին, վերջիվերջո, անպայման փոշիանում է։ Հավատացնում եմ, որ միայն գումարի ավելանալով, աշխատանքը չի բարելավվում։ Եթե թատրոնի մարդկանց աշխատավարձը եռապատկվի եւ նույնիսկ քառապատկվի, շատ բան չի փոխվի, քանի որ թատրոնից վաղուց ջնջվել են գեղարվեստական խնդիրները։ Ավելին, այդ խնդիրները կրող անձերը չկան, որոնք կկարողանան միավորվել ու տաղանդավոր երիտասարդներին բացահայտել։ Շատ խնդիրներ կան հատկապես երգիչների անձնախմբի հետ, քննադատության է արժանի նաեւ նվագախմբի որակը:

– Հիմա հայտարարվում է, որ հատուկ գումար է տրամադրվում, հրավիրվում է իտալացի բեմադրիչը, որը պետք է մեր թատրոնում «Աիդա» օպերան պատրաստի։ Դա կօգնի՞ վերակենդանացնել թատրոնը։

– Վստահ եմ, որ չի օգնի։ Կարող եմ կոպիտ օրինակ բերել ֆուտբոլից։ Եթե ֆուտբոլային բարձր մակարդակ չունեցող երկրի որեւէ թիմ հանկարծ հաղթում է «Ռեալի» կամ «Ինտերի» նման մի թիմի, դա դեռ չի նշանակում, որ այդ երկիրը ֆուտբոլ ունի։ Մենք կարող ենք մեկ փայլուն հաղթանակ-ներկայացում բեմադրել, սակայն այն որոշ ժամանակ հետո անպայման փլվելու է, քանի որ կայուն օպերային արվեստ չկա։ Հաղթանակը պետք է ամուր բազայի վրա հիմնված լինի, այլապես որպես պատահականություն կդիտվի։ Ահա «Սպարտակ» բալետի օրինակը, որը որոշակի հաջողություններ բերեց բալետային ժանրում։ Հիմա աշխատում է Ռուդոլֆ Խառատյանը, եւ վստահ եմ, որ նա լավ գործ կանի։ Իսկ օպերային արվեստին թերահավատորեն եմ նայում, քանի որ այս վերջին 10 տարիները ոչ մի արդյունք չեն տվել։ Ես շփվում եմ շատերի հետ եւ տեսնում եմ, որ բոլորը՝ երգիչները, երաժիշտները լավ, հետաքրքիր, օգտակար աշխատանքի կարոտ են։ Նրանք, միեւնույն է, գալիս են թատրոն (նստելով հանրային տրանսպորտ ու ծռմռվելով հասնում են աշխատանքի), սակայն թատրոնում անցկացրած նրանց ժամանակն անարդյունավետ ու անիմաստ է։ Երբ թատրոնը գլխավորող անձը շահագրգռվածություն ու գիտելիքներ է ունենում, բոլորը դա նկատում են, եւ ինչպես ասում են՝ «ձգվում» են, իսկ մեզ մոտ հիմա համատարած «յոլա տանելու» սկզբունքն է իշխում։ Պատահում է` ինչ-որ մեկը սկսում է գոռալ, որ թատրոնում ամեն ինչ շատ լավ է, բայց բառակույտեր արտասանելով աշխատանքը հո լավը չի՞ դառնում։ Մենք գնում ենք թատրոն ու տեսնում, թե ի՞նչ է այնտեղ կատարվում։ Օրինակ, «Ալեկո» օպերայի վերջին կատարման ժամանակ կարելի էր նկատել, որ նվագախումբն ու երգիչները «կորցրել» էին իրար, եւ երգիչները որոշ ժամանակ ստիպված ակապելլա էին երգում։ Եթե նման բան կատարվեր այլ թատրոններում, դա կհամարվեր «արտակարգ իրավիճակ» եւ մեղավորներն ուղղակի աշխատանքից կհեռացվեին։ Իսկ մեզ մոտ բոլորը շարունակում են «ախպերավարի», ընկերավարի քողարկել իրար։ Եվ արդյունքում զարգացում տեղի չի ունենում։

– Հիմա տնօրենն ասում է, որ հանդիսատեսի քանակն ավելացել է: Այդպե՞ս է:

– Երբեմն պատահում է այնպես, որ բեմի վրա ավելի շատ մարդ է լինում, քան դահլիճում։ Իսկ երբ հայտարարում են, որ ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներում են խաղացվում, չեն էլ ուզում հասկանալ, որ ախր մենք գիտենք, թե ինչպիսի տեխնիկայով են դահլիճները հավաքվում։ Եվ մի՞թե դահլիճների լեցուն լինելը խոսում է ներկայացման որակի մասին։ Խնդիրն այն է, որ մեր բոլոր օպերային ներկայացումները շատ ցածրորակ են։ Եթե լավ բեմադրություն լինի, ապա արձագանքն էլ մեծ կլինի։

– Տպավորություն է, որ թատրոնում լավ բեմադրություն անելու խնդիր չի դրվում։ Չէ՞ որ երբ շուրջդ միջակություն է, քո սեփական միջակությունը կարող ես որպես մարգարիտ ներկայացնել։ Եվ դա նկատվում է ցանկացած թատրոնի աշխատանքում։

– Իսկ ո՞վ է մեղավոր։ Իհարկե, թատրոնի ղեկավարը, որը պարտավոր է անաչառ ու ազնիվ մարդ լինել։ Եվ մի մոռացեք, որ պատրաստի աշխատանքի տակ վերջինը ստորագրում է հենց գեղարվեստական ղեկավարը։ Նա պետք է այնքան բանիմաց, ուժեղ, հուժկու լինի, որ կարողանա փաստարկներով ազդել իրավիճակի վրա ու միջակության դեմն առնել։

– Չե՞ք կարծում, որ եթե նա հուժկու լինի, ղեկավար չի լինի։

– Եթե խոսքը Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի մասին է, ապա այդ մարդը աշխատելով երաժշտական դպրոցում` հանկարծ դարձել է օպերային արվեստի «գիտակ» եւ միանգամից հայտնվել է Օպերային թատրոնի ղեկին։ Եվ հենց նրա ներկայությամբ է մեր թատրոնը նմանվել անղեկ նավի, որին ալիքը մե՛կ աջ, մե՛կ ձախ է տանում, առանց որեւէ ուղղության ու նպատակի։

– Իսկ հնարավո՞ր է պատկերացնել, որ թատրոնի ղեկավար կդառնան, ասենք, Բարսեղ Թումանյանը կամ Հասմիկ Պապյանը, մարդիկ, ովքեր ազնիվ ու բանիմաց են իրենց պրոֆեսիայում եւ նաեւ միջազգային կապեր ունեն, որոնք կարող են օգտագործել թատրոնը զարգացնելու համար։

– Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե բարի կամքի դրսեւորում լինի։ Մենք պետք է հասկանանք, որ եթե, իրոք, ուզում ենք արվեստի որեւէ օջախում հաջողություններ ունենալ, ապա ղեկավարության կազմում պետք է ընդգրկել մարդկանց, որոնք գիտեն իրենց գործն ու շահագրգիռ են այն կատարել։ Ձեր նշած մարդիկ, իհարե, կարող են լավ ղեկավարներ լինել (եւ էլի կան), բայց ես ընդհանրապես սովոր եմ անուններ չտալ, քանի որ, երբ որեւէ մեկին հիշատակում ես, հանկարծ սկսում են նրա անունը վարկաբեկել, «պոչ ու ականջ» կպցնել։ Չուզողները շատ են, շատ են նաեւ ինտրիգներն ու տհաճ մեկնաբանումները։ Կարծում եմ` անունները նշել կարելի է միայն ճիշտ պահին եւ ճիշտ տեղում։ Հիշո՞ւմ եք` ինչ եղավ Օհան Դուրյանի հետ։ Տարիներ առաջ նա ղեկավարում էր իր հիմնած հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը եւ զուգահեռ, որպես հրավիրված դիրիժոր, գլխավորում էր Լայպցիգի «Գեւանդհաուս» նվագախմբը։ Բավական էր նա 2 ամսով մեկներ Երեւանից, որպեսզի մնացածը օգտվելով նրա բացակայությունից` սկսեին նրա «տակը քանդել»։ Նման բան միշտ է տեղի ունենում, քանի որ միջակությունները շատ մարտունակ են եւ տաղանդներին տապալելու անհագուրդ ձգտում ունեն։ Վստահեցնում եմ, երբ պահը հասունանա եւ այլեւս հնարավոր չլինի փոփոխությունները հետաձգել, բանիմաց մարդիկ կհամախմբվեն։

– Չե՞ք կարծում, որ պահը վաղուց է հասունացել, այդ մասին շատ է գրվում, ահազանգվում։

– Թատրոնում ձեւավորված ամենաթողության մասին վերջին 7 տարիների ընթացքում շատ էին գրում տարբեր երաժշտագետներն ու լրագրողները, սակայն նրանց մտահոգությունները երբեք հաշվի չեն առնվել, քանի որ թատրոնի ղեկավարներն իրենց ամենակարող եւ «անձեռնմխելի» են զգացել։ Եվ այդ անպատժելիությունը մեր օպերային թատրոնը փակուղու մեջ գցեց։ Հիմա մենք ջանք պիտի գործադրենք՝ ղեկավարության փոփոխություն անելու համար։ Օպերային թատրոնը պետք է գլխավորի մարդ, որն ունի գիտելիքներ, երեւակայություն, գաղափարներ, կամք, ցավում է թատրոնի ապագայի համար եւ ուզում է օգտակար լինել։ Թատրոնը բուրգ է, ինչպիսին ղեկավարն է, այնպիսին էլ անձնակազմն է։ Լավ ղեկավարը կմոբիլիզացնի իր գաղափարակիցներին։ Իսկ հիմա թատրոնի ղեկավարներին թվում է, որ անձնական մեղադրանքներ ուղղելով քննադատների վրա, փրկում են իրավիճակը:

– Կրկին զուգահեռներ անցկացնենք ֆուտբոլի հետ. կարո՞ղ է հրավիրված մարզիչ-մասնագետի կարիք ունենք։ Եվ արդյո՞ք նման մարզիչ կարող է դառնալ իտալացի բեմադրիչը, որը պատրաստելու է «Աիդան»։

– Ցանկացած գործ սկսելուց առաջ պետք է հասկանալ` ունե՞ս այդ գործը կատարելու համար անհրաժեշտ պոտենցիալ, թե՞ ոչ։ Մենք հիմա Ռադամեսի դերը կատարող երգիչ չունենք, թեեւ վստահ եմ, որ մի քանի տարի հետո ճիշտ աշխատելով` այդ պարտիան կատարելու ունակ երգիչ կլինի։ Մենք մի քանի երիտասարդ փայլուն երգիչներ ունենք, որոնց փորձառություն է հարկավոր` երգչական ապարատը ամրապնդելու համար։ Այսօր դեռ վաղ է «Աիդա» բեմադրել սեփական ուժերով։ Իսկ եթե դրսից ենք ուզում Ռադամես հրավիրել, ապա հարց է ծագում՝ լավ, այդ մարդը եկավ, մի քանի անգամ երգեց ու գնաց, իսկ հետո՞։ «Աիդան» արտակարգ գեղեցիկ, բայց միաժամանակ՝ բարդագույն օպերա է։ Եվ մենք այսօր այն բեմադրելու հնարավորություն (ոչ գումար, ոչ էլ մարդկային ռեսուրսներ) չունենք։ Չէ՞ որ դա շատ հանդիսավոր, պոմպեզ օպերա է, որի ընթացքում բեմում հսկայական բազմություն է լինում, թանկարժեք զգեստներ են կարվում։ Ուրեմն այդ բեմադրությունը ճիշտ կլիներ հետաձգվեր։ Պարզ է, որ «Աիդան» 1-2 անգամ խաղալուց հետո, կսպառվի ու կիջեցնի իր որակը, քանի որ մեր ֆիզիկական ու հոգեւոր ուժը չի հերիքի ներկայացումը մշտապես բարձր մակարդակի վրա պահելու համար։ Սա է խնդիրը։ Մենք հիմա նման ենք թեթեւ քաշային ծանրամարտիկի, որը փորձում է իր ուժերից վեր ծանրություն բարձրացնել։ Արդյո՞ք դա հնարավոր է։ Աշխատանքային ավանդույթների բացակայության պայմաններում նման «քաշ» մեր թատրոնը չի կարող բարձրացնել։ Եկեք դնենք մի կողմ մեր չիրականացվելիք ցանկություններն ու իրատես լինենք:

Շատ լավ բանաձեւ կա՝ տաղանդը ինքնասահմանափակում է։ Պետք է կարողանանք առաջին հերթին «ոչ» ասել ինքներս մեզ, իսկ հետո՝ այն անվանի մարդկանց, որոնք մեր ուժերից վեր գործ են առաջարկում։

– Իսկ եթե ոչ՝ պոմպեզ օպերայից, ապա ինչի՞ց է պետք սկսել խաղացանկի համալրումը։

– Ես կսկսեի Ռոսինիի, Դոնիցետիի կամ Մոցարտի օպերաներից։ Այսինքն՝ այն օպերաներից, որոնք մենք այսօր ի զորու ենք փայլուն ներկայացնել։ Բնական, արդյունք ակնկալող խաղացանկ է պետք ձեւավորել։ Չմոռանանք նաեւ օպերետաների մասին, որոնք բեմադրելով կարելի է դահլիճ բերել հանդիսատեսին:

– Իսկ ինչպիսի՞ ծրագրով է այժմ ուղղորդվում թատրոնը։

– Ծրագիրն ու աշխատանքային գրաֆիկը միայն թղթի վրա են, որն էլ ուղարկվում է Մշակույթի նախարարություն։ Սակայն այդ ծրագիրը միշտ մեծ փոփոխությունների է ենթարկվում։ Քանի որ նախարարությունը չի կարող ծրագիրը կոնտրոլի տակ պահել, ապա օպերաները կամ ձգձգվում են, կամ էլ ընդհանրապես չեն բեմադրվում (ինչպես եղավ «Սայաթ-Նովայի» դեպքում)։ Էլի եմ կրկնում, օպերային թատրոնի ղեկավարությունը աշխատանքը խելամտորեն չի կառուցում՝ վստահ լինելով, որ ցանկացած պահի կարող է փոփոխություններ անել։ Իսկ դա անթույլատրելի է։

– Օպերային թատրոնը հանրապետության դեմքն է, եւ շատ հաճախ թատրոնում հոգաբարձուների խորհուրդ է ձեւավորվում։ Մենք ունե՞նք նման կառույց։

– Ոչ, մենք ոչինչ չունենք։ Մեր թատրոնի ղեկավարությունը նույնիսկ չգիտե, թե աշխարհում ի՞նչ է կատարվում օպերային արվեստի հետ։ Մենք նստել ենք փոքր Երեւանում ու Մալյանի ֆիլմի հերոսների նման կրկնում ենք՝ մենք ենք ու մեր սարերը։

Հոգաբարձուները մարդիկ են, որոնք պատրաստ են ներդրում անել ու վերահսկել ներդրումների ընթացքը։ Իսկ ներդնողները կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ ակնառու հաջողություններ լինեն, այլ ոչ թե ինքնախաբեություն տիրի։ Անկեղծ ֆոնի պակասը մեզ շատ է խանգարում։ Ինքս իմ էությամբ «Ամեն ինչ շատ վատ է» ասողներից չեմ, հիմա պահը հասունացել է, եւ ցանկանում եմ մի փոքր տարածք լուսավորել։

– Լավատեսության առիթներ կա՞ն:

– Իհարկե, կան։ Մենք փայլուն օրինակ ունենք՝ «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնը (հովանավորվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից)։ Ստեփան Ռոստոմյանն ու Սոնա Հովհաննիսյանն իրենց համառ, դժվարություններով լի աշխատանքով կարողացան այնպես անել, որ իրենց փառատոնը աշխարհի ամենաանվանի փառատոների շարքը դասվեց։ Նրանք արդեն համբավ ունեցող մասնագետների հետ միջազգային երաժշտական հարցեր են քննարկում։ Այդ մարդիկ գիտեին՝ ի՞նչ են ուզում եւ ինչպե՞ս պետք է դրան հասնեն։ Եվ մենք բոլորս հիմա նրանց շնորհակալ ենք։