Որ կոսմետիկական միջոցն է վնասակար առողջությանը

22/04/2010

Ինչպես սնունդը, այնպես էլ կոսմետիկական խնամքի միջոցները շատ շուտ են հնանում: Ժամանակի ընթացքում դրանց մեջ հավաքվում են այնպիսի բակտերիաներ, որոնք, դեմքին դիպչելուն պես, վերածվում են վարակի աղբյուրի: Վերջին հարցումներից պարզվել է, որ կանանցից շատերը օգտագործում են խնամքի միջոցներ, որոնց պահպանման ժամկետը վաղուց արդեն անցել է: Օրինակ` հին տուշի խոզանակի վրա հավաքված բակտերիաները կարող են պատճառ դառնալ կոնյուկտիվիդի առաջացման: Այդ պատճառով տուշը բացելուց հետո 6 ամիս անց այն արդեն պիտանի չէ օգտագործման: Կամ, օրինակ` պահպանման ժամկետն անցած շրթներկը լավագույն դեպքում կչորացնի շրթունքները, իսկ վատագույն դեպքում շրթունքների վրա կառաջացնի ճաքեր ու գրգռվածություն: Շրթներկի վրձնի վրա ժամանակի ընթացքում հավաքվում են միկրոօրգանիզմներ, որոնք էլ իրենց հերթին դառնում են հերպեսի առաջացման պատճառ: Մոտ 5 տարի առաջ Եվրախորհուրդը օրենք է ընդունել, ըստ որի՝ բոլոր խնամքի միջոցներ արտադրող ընկերությունները պետք է իրենց արտադրանքի վրա անպայման նշեն տվյալ ապրանքատեսակի պահպանման ժամկետը: Այսօր կանանց մեծ մասը նույնիսկ չգիտի էլ, որ նման ինֆորմացիա գոյություն ունի: Պետք է միշտ հետեւել, որպեսզի սրվակների ու քսուքների վրա գրված լինի եւ պահպանման ժամկետը, եւ բացելուց հետո օգտագործման տեւողությունը: