Մինասի արձանը` Զեյթունում

20/09/2005

Անցած շաբաթ Քանաքեռ-Զեյթուն համայնքում մշակութային աշխուժություն էր
տիրում: Նախ, բացվեց Արամ բեկ Չոլակյանի արձանը Ներքին Զեյթունի իր իսկ
անունը կրող փողոցում, հետո Վերին Զեյթունի նախկին Գաստելլոյի փողոցում
բացվեցին նկարիչ Մինաս Ավետիսյանի անվան նկարչական դպրոցն ու արձանը: Այս
միջոցառումները բավական ոգեւորել էին զեյթունցիներին: Փոքր հուշահամալիրով
Ա.Չոլակյանի արձանը գտնվում էր կառուցապատումից փրկված փոքր անտառակի մեջ:

«Այս վայրն այսուհետ մեզ համար սրբատեղի կդառնա»,- ասում էր այդ փողոցի բնակչուհի տիկին Վարդուհին:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Ա.Չոլակյանի հետնորդները: Ծոռնուհի Սիրուհի
Չոլակյանը հուզված էր այդ իրողությունից: Իսկ թաղապետ Ռուբեն Սինոյանն
ուրախ էր, որ կատարել է իր ընկերներին տված խոստումը:

Ի դեպ, հուշահամալիրը կառուցվել էր թաղապետարանի միջոցներով: Թաղապետարանի
միջոցներով էր կառուցվել նաեւ Մինաս Ավետիսյանի արձանը, նկարչական դպրոցի
վերածվել հին մանկապարտեզը, բարեկարգվել ու կանաչապատվել Քանաքեռ-Զեյթուն
համայնքի շատ բակեր: Բնակիչները տրտնջում էին, որ բակերում դեռ ոռոգման
ջուր չկա, որպեսզի ծառերը ջրեն: Թաղապետն ասաց, որ այդ խնդիրն իրեն էլ է
շատ հուզում, գործն ընթացքի մեջ է, եւ շուտով ոռոգման ջուրը ծառերին
կհասնի:

Իսկ Մ.Ավետիսյանի արձանի ու նկարչական դպրոցի բացմանը ներկա էին մեծ
նկարչի որդիները եւ կինը՝ տիկին Գայանեն, որոնք իրենց երախտիքի խոսքերն
ուղղեցին զեյթունցիներին ու համայնքի ղեկավարին: Մեծ նկարչի այրին հույս
հայտնեց, որ այդ դպրոցից լավ նկարիչներ դուրս կգան:

Կ.Ս.