«Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ այն դեպքում, եթե ԼՂՀ հակամարտությունը չկարգավորվի, եւ Ադրբեջանի տարածքի օկուպացիան շարունակվի»,- այդ մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Մենք փակել էինք սահմանը, քանի որ գրավված էր ադրբեջանական տարածքը,- հերթական անգամ հայտարարել է նա` ավելացնելով,- Օկուպացիան պետք է դադարեցվի, այդ դեպքում մենք հեշտությամբ սահմանը կբացենք, այլապես մենք նման քայլի չենք դիմի»: Նշենք, որ երեկ Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ընկերակցության (TUSIAD) պատվիրակությունը: Այցի ընթացքում թուրք գործարարները իրենց դժգոհությունն են հայտնել հայերի ցեղասպանության ճանաչման հարցում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների առիթով. խոսքը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում թիվ 252 բանաձեւին հավանություն տալու մասին է: