Ներկոալիցիոն «ռազբորկա՞՝ ապաքաղաքական մոտիվներով

20/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Անցած շաբաթ օրը` ապրիլի 17-ին, Երեւանում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց «ռազբորկան»:

Մի քանի տասնյակ զինված երիտասարդներ հավաքվել էին Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց` հաշիվներ մաքրելու նպատակով: Ոստիկանների եւ հատուկ ջոկատայինների կողմից ճիշտ ժամանակին միջամտության հետեւանքով՝ զինված երիտասարդները չեն հասցրել միմյանց վրա կրակել, եւ զոհեր ու տուժածներ չկան: Ըստ ականատեսների, հնչել է միայն մեկ կրակոց, որը դիպել է ավտոմեքենաներից մեկի դիմապակուն: Բանն այն է, որ երիտասարդների հավաքից ընդամենը րոպեներ անց դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանն ու այլ պաշտոնյաներ: Այսինքն` միջադեպը բավականին լուրջ է եղել, դրա մասնակիցներն էլ, ըստ տարբեր տեղեկությունների, քրեական աշխարհում հայտնի մականուններ ունեցող հեղինակություններ են:

Ոստիկանությունն այս «ռազբորկայի» մասին, ամենայն հավանականությամբ, տեղյակ է եղել նախապես. քիչ հավանական է, որ դրա մասին ահազանգած լինեն հարեւան շենքերի բնակիչները կամ փողոցով երթեւեկող վարորդներից մեկը: Իսկ այն, որ դեպքի վայրում են գտնվել իրավապահ մարմինների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, վկայում է, որ շաբաթ օրվա միջադեպը «շարքային ռազբորկաներից» չի եղել: Շաբաթ օրվանից այս դեպքի առնչությամբ շրջանառվում են բազմաթիվ վարկածներ` սկսած քրեական հեղինակությունների բախումից՝ մինչեւ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն: Բանն այն է, որ ականատեսների վկայությամբ, «ռազբորկայի» մասնակիցների մի կողմում եղել են ՀՀԿ-ականներ, որոնք էլ իրենց «թիկունքին կանգնելու» համար դիմել են մայրաքաղաքում ճանաչում ունեցող հեղինակությունների, իսկ մյուս կողմում եղել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ: Ընդ որում, կրկին ականատեսների վկայությամբ, երկու կողմերի ակտիվիստներից ոմանք «ռազբորկային» մասնակցել են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կուսակցական կրծքանշաններով: Ավելի ուշ տեղեկատվություններ տարածվեցին, թե ոստիկանների ժամանելուց որոշ ժամանակ անց դեպքի վայր է մեկնել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բնականաբար, թե ՀՀԿ-ում, թե ԲՀԿ-ում այս տեղեկությունները հերքեցին: «Իրավապահները արդեն արագ արձագանքել են, եւ կարծում եմ՝ դա նրանց խնդիրն է: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ քաղաքական խնդիր չկա: Միջադեպի քաղաքական ենթատեքստը բացառում եմ: «Ռազբորկա է», թե ինչ է, դա թող պարզեն իրավապահները: Քաղաքական ուժերը իրենց մեջ ունեցած խնդիրները նման ձեւով չեն լուծում: 2-3 հոգի, լավ, 100 հոգի իրար հետ խնդիր են ունեցել, դա ՀՀԿ-ի հետ ի՞նչ կապ ունի»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Գրեթե նույն պատասխանը տվեց նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: «Ես հերքում եմ կուսակցական նման հակասության առկայությունը եւ, միաժամանակ, հերքում եմ նաեւ պարոն Ծառուկյանի` դեպքի վայր մեկնելու հանգամանքը: Դա քրեական ենթատեքստ ունեցող հակասության արդյունք է, որի հետ մեր կուսակցությունը որեւէ կապ չունի: Ես անլուրջ եմ համարում նաեւ այն խոսակցությունները, որ մասնակիցները եղել են կուսակցական կրծքանշաններով: Այս միջադեպի հետ կուսակցությունը որեւիցե կապ չի կարող ունենալ»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե այս պահին երկու կուսակցությունների միջեւ որեւէ հակասություն կա՞, Խ. Գալստյանը պատասխանեց. «Այս պահին մենք բացառապես գործընկերային հարաբերությունների մեջ ենք»: Իրականում, հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «ռազբորկայի» մասնակիցներից մի քանիսը իսկապես կուսակցականներ են եղել, սակայն խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի: Մեր տեղեկություններով, «ռազբորկայի» մի կողմում եղել են աբովյանցիները` ոմն «Աբովյանցի Արտակի» գլխավորությամբ, իսկ մյուս կողմում` երեւանցի մեծահարուստ երիտասարդներ, որոնց այդ Արտակը խոշոր չափի գումար է պարտք: Երիտասարդներն էլ այդ խնդիրը լուծելու` այսինքն` «գումարը ստանալու» խնդրանքով դիմել են քրեական հեղինակություն համարվող «Դմբուզ Գագոյին», որն էլ բոլորին հրավիրել է դեմ առ դեմ հաշիվները պարզելու:

Ի դեպ, երեկ ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ լիրիկական զեղումներով ինչ-որ հայտարարություն է տարածել: «Ցավոք, մեզանում դեռեւս կան այնպիսիք, որոնք իրենց վեր են դասում օրենքից, առաջնորդվում քրեածին կանոններով, ապրում քրեական սերիալների բարոյականությամբ: Նմանների հակահասարակական վարքագծի դրսեւորումն էր նաեւ 2 օր առաջ Նոր Նորքում կատարվածը, եւ դժվար է ասել` կրկին չէինք առնչվի «Տէցի կռուգ» անվանումը ստացած այլանդակության հետ, եթե զանգվածային անկարգությունը չկանխվեր ոստիկանների օպերատիվ ու կտրուկ գործողությունների շնորհիվ»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության ներածական մասում: Ինչ վերաբերում է կատարվածին, ապա, ըստ Ոստիկանության. «ապրիլի 17-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմացի այգում խուլիգանություն է կատարվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Քրեյզի Հորզ» սրճարանի հետնամասում ականատես եղան խուլիգանական գործողությունների, որոնց մասնակցում էր մոտ 60-70 մարդ: Զանգվածային անկարգությունը կանխելու նպատակով տարածքն անհապաղ շրջափակվեց ու նախազգուշական կրակոց արձակվեց: Տիրապետելով օպերատիվ իրավիճակին` ոստիկաններն իրականացրին խուլիգանության մասնակիցների զինաթափումն ու շղթայումը: Դեպքի վայրից Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը ձերբակալվել են: Նշված անձանց զինաթափման, դեպքի վայրի զննության եւ սանրման ընթացքում հայտնաբերվել է 12 ատրճանակ: Այդ թվում` 3 «ՏՏ», 4 «Մակարով», 2 թմբուկավոր, մեկական «Բերետա» եւ «Բրեւետե» տեսակի եւ մեկ հատ արտասահմանյան, դեռեւս չպարզված տիպի ատրճանակ` բոլորն էլ լիցքավորված: Պարզվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ: Խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են: Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած շահարկումների, հայտնում ենք, որ մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է»: Ի դեպ, այս հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, կարծես տեղի ունեցածը Ոստիկանության «անվեհեր աշխատանքի» ներկայացման շրջանակներում կազմակերպված միջոցառում է եղել: