«Հարավ-արեւելյան եվրոպական մեդիա կազմակերպությունը» խստորեն դատապարտել է Մերձդնեստրի իշխանությունների կողմից լրտեսության մեղադրանքով հայազգի հայտնի լրագրող Էռնեստ Վարդանյանի անհիմն ձերբակալությունը` պետական պաշտոնյաների եւ հասարակական շահերի անտեսման մասին քննադատական հոդվածներ հրապարակելու համար: Հիշեցնենք, որ ռուսական «Նովիյ ռեգիոն» գործակալության թղթակից, անցած տարվանից մոլդովական «Պուլս» պարբերականում աշխատող Է. Վարդանյանը ձերբակալվել է Մերձդնեստրում ապրիլի 7-ին` «լրտեսության եւ պետական դավաճանության» մեղադրանքով: Ձերբակալողները ներկայացել են որպես Մերձդնեստրի գաղտնի ծառայության գործակալներ: Իսկ շաբաթ օրը Է.Վարդանյանի հարազատները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով միջամտել նրան ազատ արձակելու խնդրով: «Հաշվի առնելով այն իրողությունը, որ Մերձդնեստրյան անջատված հանրապետությունը փաստացի գտնվում է ՌԴ ենթակայության ներքո, խնդրում ենք Ձեզ` որպես աշխարհասփյուռ հայերի իրավունքների ու շահերի երաշխավորի, դիմել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւին` հայրենասեր, արժանապատիվ հայորդի, միջազգային շրջանակներում հեղինակություն ունեցող, ընտանիքի երիտասարդ հայր Է. Վարդանյանին ազատ արձակելու խնդրով»,- ասված է նամակում:
Նշենք, որ լրագրողի կալանավորման կապակցությամբ հատուկ հայտարարությամբ են հանդես եկել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ, այդ թվում` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Անկախ լրագրության կենտրոնը, Անկախ ԶԼՄ-ների ընկերակցությունն ու մոլդովական լրատվական կազմակերպությունները` ընդգծելով, որ այս ձերբակալությունը կարող է «ճանապարհ հարթել Տիրասպոլի իշխանությունների համար` ընդդիմադիր ձայները լռեցնելու եւ բիրտ միջոցներով անհաճո տեղեկությունների տարածումը կանխելու համար»: