ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը կոնգրեսականներին կոչ է արել մերժել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը հերքող «բարոյապես կույր» վիճաբանությունները: Ըստ «Ամերիկայի ձայնի», Բերմանն այդ կերպ պատասխանել է վերջերս թուրքական հարցերին աջակցող ամերիկացի կոնգրեսականների մի խմբի կողմից պալատի նախագահ Նենսի Փելոսիին հղված նամակին: Թուրքական հարցերին աջակցող կոնգրեսականների խումբն իր նամակում հորդորել էր ցեղասպանության վերջերս հաստատված բանաձեւը քվեարկության չդնել լիագումար նիստում: Նամակի հեղինակները պնդել էին, որ այդ բանաձեւի հաստատումը «անուղղելի վնաս» կհասցնի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին եւ կվնասի ամերիկյան ապրանքների վաճառքին Թուրքիայում: «Ես համաձայն չեմ այդ նամակի առաջարկած կետերին եւ հատկապես դեմ եմ, «այսպես կոչված, Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը: Այն հակասում է ծանրակշիռ եւ անժխտելի պատմական փաստերին եւ ցեղասպանության հարցերով փորձագետների կարծիքներին,- իր նամակում գրել է կոնգրեսական Հովարդ Բերմանը` ավելացնելով,- Ես կարծում եմ նաեւ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա, եւ, որ Թուրքիան հազիվ թե հրաժարվի այն բազմաթիվ նպաստներից, որոնք ստանում է անվտանգության երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»: Կոնգրեսական Բերմանը նաեւ նշում է, որ դեմ է այն պնդումներին, թե բանաձեւը կվնասի հայ-թուրքական արձանագրություններին: «Այդ արձանագրությունները հոկտեմբեր ամսից ի վեր հաստատման են սպասում Թուրքիայի խորհրդարանում: Թուրք ղեկավարների հաստատած նախապայմանները է՛լ ավելի են նվազեցնում արձանագրությունների վավերացման հավանականությունը Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- գրել է Բերմանը: