Եթե քաղաքակիրթ երկրներում աղբ նետելու համար օրենքը տուգանք է
սահմանում, ապա Հայաստանում կարող ես ոչ միայն կիլոգրամներով աղբ նետել
փողոց, այլ նույնիսկ բնակարանի վերանորոգումից գոյացած շինարարական աղբը
թափել շքամուտքում: Եվրոպական երկրներում այդ տուգանքները ոչ միայն
մաքրությունն են ապահովում, այլեւ աղբի կուտակման, դրա հավաքման
մատչելիությունն են կարգավորում, քանի որ աղբը նաեւ բիզնես է: Ի
տարբերություն այլ երկրների՝ մեզանում բացակայում են աղբի վերամշակման,
վնասազերծման ձեռնարկություններն ու վտանգավոր թափոնների մասնագիտացված
պոլիգոնները:
Վերոնշյալ մեխանիզմների բացակայության պայմաններում մեզանում աղբը
նետվում, տեղափոխվում, տեղադրվում, այրվում է առանց վտանգավորը` ոչ
վտանգավորից, կենցաղայինը` ոչ կենցաղայինից տարանջատելու(սեպարացիայի):
Զարգացած երկրներում աղբի վերամշակումը նաեւ շահութաբեր է եւ տնտեսվարող
որոշ սուբյեկտների մեծ եկամուտներ է բերում, քանի որ աղբից առանձնացվում
են ստվարաթղթերը, թղթերը, ապակու ջարդոնները եւ արտադրության համար պիտանի
այլ նյութեր:
Արտադրության եւ սպառման կոշտ թափոնների մշակման սկզբնական փուլը
թափոնների կուտակումն է: Կուտակված թափոնների հեռացումն իրականացվում է
հատուկ տեխնիկայի՝ աղբահան մեքենաների միջոցով: Հայաստանում ներկայումս
թափոնները կուտակվում են չտեսակավորված եղանակով եւ հատուկ փաթեթներ չեն
օգտագործվում, դրանք կուտակվում են հիմնականում սննդի տեղափոխման
փաթեթներով: Այս երեւույթը հատուկ է թույլ զարգացած երկրներին, որտեղ
հնարավոր չի եղել ներդնել հետագա վերամշակման եւ երկրորդային հումքի
ստացման նպատակով տեսակավորված կուտակման համակարգը: Այս ոլորտի
մասնագետները հավաստում են, որ թափոնների չտեսակավորված կուտակումը ոչ
միայն էկոլոգիապես վտանգավոր է, այլեւ զգալիորեն դժվարացնում է թափոնների
վնասազերծումը։ Մասնագետների գնահատմամբ՝ թափոնների տեսակավորված
կուտակման գործընթացն այնքան էլ բարդ չէ, այս գործընթացը կարելի է
իրականացնել փոքր ծախսերով: Օրինակ՝ ռուսական «Ctanko» հզոր միավորումը
թափոնների տեսակավորման առաջատար ընկերություններից մեկն է, որի կողմից
առաջարկվող հոսքագիծն ապահովում է թափոնների տեսակավորում, նախնական
վերամշակում, մամլում եւ փաթեթավորում: Իսկ «Ekomtex» ընկերությունն
արտադրում է 20-200.000 տոննա հզորությամբ տեսակավորող հոսքագծեր, որոնք
շահագործվում են Ռուսաստանի շատ քաղաքներում: Հայաստանում թափոնները
պարզապես այրվում են, մինչդեռ այդ մեթոդն աշխարհի զարգացած երկրներում
մերժվում է, քանի որ իր մեջ պարունակում է սանիտարական եւ էկոլոգիական մեծ
ռիսկ: Այրումը վերջնականապես չի լուծում թափոնների վնասազերծման խնդիրը,
քանի որ այրումից հետո թափոնների ընդհանուր քանակության 30%-ը ենթակա է
թաղման:
Հայաստանի աղբից առաջանում է միայն փոշի
Բնապահպանության նախարարության Վտանգավոր նյութերի եւ թափոնների
կառավարման բաժնի պետ Անահիտ Ալեքսանյանի հավաստմամբ՝ աղբի այրման
արդյունքում շատ վտանգավոր նյութեր են առաջանում` ծանր մետաղներ, կայուն
օրգանական աղտոտիչներ, որոնք չեն քայքայվում եւ մինչեւ 30 տարի մնում են:
Հայաստանում առկա վտանգավոր թափոնները ենթակա չեն վերամշակման, քանի որ
դրանք պետք է վնասազերծվեն եւ ոչնչացվեն: «Արդյունաբերական վտանգավոր
թափոնների վերամշակումը թանկ եւ ոչ շահութաբեր գործընթաց է,- ասում է
տիկին Ալեքսանյանը,- անգամ եվրոպական երկրներում այդ գումարները
պետությունն է տրամադրում: 1 տոննա վտանգավոր թափոնի ոչնչացումը պահանջում
է 800-1500 դոլար: Նույնիսկ զարգացած երկրների ձեռնարկությունները, որոնք
ունեն մեծ ծավալի արտադրություն, չեն կարողանում ապահովել վնասազերծման,
ոչնչացման համար պահանջվող անընդհատ աշխատանքը: Շահութաբեր կարող է լինել
միայն կենցաղային թափոնների վերամշակումը: Այս պարագայում նույնպես
սկզբնական շրջանում մեծ ներդրումներ են պահանջվում: Բացի այդ, շահույթ
հետապնդող գործունեության համար թափոնների կազմում պետք է առնվազն 50-60%
օրգանական մաս լինի, ինչը մեզ մոտ բացակայում է»: Տիկին Ալեքսանյանը
վկայում է, որ Հայաստանում թափոնների հիմնական մասը կազմում է շինարարական
աղբը: Առհասարակ, աղբի կազմը ցույց է տալիս նաեւ երկրի կենսամակարդակը,
ընդ որում, որքան երկրի կենսամակարդակը բարձր է՝ այնքան աղբի օրգանական
մասը շատ է լինում: Սննդամթերքի մնացորդներն ապահովում են
պարարտանյութերի, կոմպոստների ձեռքբերումը, այդ դեպքում թերեւս շահույթ
կարելի է հետապնդել: Ներկայումս Հայաստանի աղբից առաջանում է բացառապես
փոշի: Ավելին, աղբն այրվում է բաց եւ ցածր ջերմաստիճանային պայմաններում.
տիկին Ալեքսանյանի գնահատմամբ՝ դրա հետեւանքով դիօքսինների եւ ֆուրաների
արտանետում է լինում, որոնք խիստ վտանգավոր նյութեր են: Ինչ վերաբերում է
մեր փողոցներում տեղադրված աղբամանների աղբն այրելուն, ապա տիկին
Ալեքսանյանը նշում է, որ թեեւ աղբահանության խնդիրները կարգավորում են
Տեղական ինքնակառավարման մարմինները, այդուհանդերձ, Բնապահպանական
տեսչությունը վերահսկում է, որպեսզի աղբն աղբամաններում չայրվի, որովհետեւ
այրման հետեւանքով աղբի թունավոր նյութերն արտանետվում են օդ:
Շինարարական աղբը բնակչության խնդիրն է
Եթե կենցաղային աղբահանությունն ինչ-որ կերպ կարգավորում են ՏԻՄ-երը, ապա
շինաղբի դեպքում հիմնական մեղավորը քաղաքացիներն են: Երեւանի
Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ
Ֆրունզիկ Բասենցյանն օրերս հայտարարեց, որ շինաղբի տեղափոխման համար
սանմաքրման ձեռնարկությունները որեւէ մեկից վճար չեն ստանում: Նա
բնակչությանը կոչ արեց քաղաքի հետ այսքան անխնա չվարվել, այսինքն`
վերանորոգումից գոյացած շինարարական աղբը, սանմաքրման ձեռնարկություններին
վճարումներ կատարելով, տեղափոխել, այլ ոչ թե ծածուկ կերպով, գիշերվա
ժամերին ինչ-որ տեղ շպրտել: Ինչեւէ։ Մեր ունեցած տվյալների համաձայն՝
Երեւան քաղաքում գոյացող կոշտ թափոնների մեջ սպառման կոշտ թափոնները
կազմում են մոտ 97,3%, իսկ արտադրության կոշտ թափոնները՝ մոտ 2,7%: Ընդ
որում, որոշ տնտեսվարող սուբյեկտներ խուսափում են իրենց գոյացրած
թափոնների մասին ճշգրիտ տվյալներ հաղորդել, որպեսզի բնավճար չմուծեն:
Երեւանում մեկ բնակչի հաշվով առաջանում են տարեկան 6,9 կգ., իսկ մեկ
կազմակերպության հաշվով՝ տարեկան 20,8 տոննա արտադրության կոշտ թափոններ:
Երեւանում գոյացող արտադրության կոշտ թափոնների շուրջ 90-92%-ը
տեղափոխվում է Նուբարաշենի քաղաքային աղբավայր, ընդ որում, առանց հաշվի
առնելու թափոնների վտանգավորության աստիճանը, ինչը բնապահպանական նորմերի
լուրջ խախտում է:
Թափոնները պետք է ունենան անձնագրեր
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Թափոնների ուսումնասիրության կենտրոն»
պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որի կառավարումն իրականացնող
լիազոր պետական մարմինը ՀՀ Բնապահպանության նախարարությունն է:
Կազմակերպության գործունեության առարկան թափոնների գոյացման, վերամշակման,
օգտահանման օբյեկտների եւ հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի
կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաեւ` թափոնների
օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն եւ անթափոն տեխնոլոգիաների մասին
տվյալների հավաքումն ու վերլուծումն է: Բնապահպանության նախարարության
Վտանգավոր նյութերի եւ թափոնների վարչության պետ Ա. Ալեքսանյանի
հավաստմամբ՝ «Թափոնների ուսումնասիրության կենտրոնի» գործունեությունը
բխում է «Թափոնների մասին» օրենքից, ըստ որի` պետք է իրականացվի ՀՀ
տարածքում առաջացող թե՛ արտադրական, թե՛ սպառման թափոնների հաշվառում:
Ասել է թե՝ պետք է ստեղծվի առաջացող թափոնների կադաստր, եւ բոլոր
թափոնները պետք է ունենան անձնագրեր: Դա մի փաստաթուղթ է, որը հավաստում է
թափոնի ֆիզիկաքիմիական հատկությունները, ճիշտ անվանումը, թե որ
ձեռնարկությունում է առաջանում, տեխնոլոգիական որ փուլում է առաջանում,
ըստ վտանգավորության որ դասին է պատկանում, որովհետեւ թափոններն ըստ
վտանգավորության աստիճանի դասակարգված են 4 մասերի եւ ըստ դրանց էլ
վճարվում են բնավճարներ: Բացի այդ, պետք է ստեղծվեն աղբավայրերի
ռեգիստրներ, այսինքն՝ աղբավայրերի մասին ամբողջական տեղեկատվություն, ըստ
որի` պարզ կլինի, թե որոնք են արտոնագրված աղբավայրերը, ինչ քանակի
աղբավայրեր կան, ինչ քանակի թափոններ են այնտեղ տեղադրված, ինչ
վտանգավորության աստիճան ունեն եւ այլն: «Այս բոլորը «Թափոնների մասին»
օրենքով ամրագրված է,- ասում է տիկին Ալեքսանյանը,- եւ մենք պետք է
համապատասխան ենթաօրենսդրական ակտերով մշակենք»։