Հոգեբանների հավաստմամբ՝ մարդը չի կարող ֆիզիկապես առողջ լինել առանց հոգեկան առողջության: Համաձայն վիճակագրական տվյալների` աշխարհում 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան եւ վարքային խանգարումներով:
– Ի՞նչ է ենթադրում հոգեկան առողջությունը:
– Հոգեկան առողջությունը լայն հասկացություն է: Օրինակ, երբ մարդը հիասթափություններին վերաբերվում է համարժեք ձեւով, չի կորցնում, այսպես ասած` իր գլուխը, կարողանում է հասկանալ իր զգացմունքները եւ իրավիճակը գնահատում է օբյեկտիվորեն: Լայն իմաստով` հոգեկան առողջությունը սիրելու ու սիրված լինելու հնարավորությունն է: Եթե մեկի կյանքում բացակայում է սիրո օբյեկտը (դա կարող է լինել տարբեր` սերը հայրենիքի, մոր, հակառակ սեռի նկատմամբ եւ այլն), այդ պարագայում` տվյալ անձի հոգեկան առողջությունը խաթարվում է: Նախկինում կար թյուր կարծիք, ըստ որի` առողջ մարմնի մեջ պետք է լինի առողջ հոգի: Կյանքը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ ֆիզիկապես առողջ մարմնում առողջ հոգի է լինում: Հաճախ մենք կարող ենք տեսնել առողջ մարմնի մեջ հիվանդ հոգի: Այսօր ամբողջ աշխարհում մի հսկայական շարժում է սկսվել, որն ուղղված է ոչ թե դեպի հիվանդությունը, այլ՝ դեպի հոգեկան առողջությունը:
– Իսկ ինչպիսի՞ն է մեր հասարակության հոգեկան առողջությունը:
– Մեր հասարակությունը աշխարհի մյուս հասարակությունների պես է: Այդ իմաստով կան որոշակի թվային տվյալներ, որոնք տարբեր չեն նաեւ Հայաստանի դեպքում: Համեմատելով` նկատենք, որ ընդհանրապես ազգաբնակչության 15%-ի մոտ պետք է լինեն հոգեկան դժվարություններ, որոնց մինչեւ 10%-ը հոգեբուժական բնույթի են: Չնայած դրան, մի շարք շրջաններում մարդիկ ապրում են առանց ախտորոշվելու: Այնտեղ, որտեղ կա քաղաքակրթություն, ախտորոշումն ավելի լավ է կատարվում:
– Քաղաքական անցուդարձն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա:
– Ցավոք, մենք որքան էլ ձեւացնենք, թե քաղաքականությունը չի ազդում մարդու հոգեկան առողջության վրա` սխալ կլինի: Ազդում է, որովհետեւ մարդու մոտ կա արդարության ձգտման իլյուզիա: Երբ մարդն այս կամ այն պատճառով, այդ թվում` քաղաքական, կորցնում է արդարության մասին իր զգացողությունը, դա նրա հոգեկան առողջության վրա բացասաբար է անդրադառնում: Բոլոր տեսակի քաղաքական պոռթկումներն ու անցուդարձերն իրենց արձագանքն են գտնում հասարակության ընդհանուր եւ մասնակի յուրաքանչյուր անդամի հոգեկան աշխարհում, այդ թվում՝ նաեւ երեխաների: Ազգային ժողովի (Հոկտեմբերի 27-ի) դեպքերից հետո մենք մի հետաքրքիր ուսումնասիրություն էինք կատարել: Խմբային թերապիայի միջոցով փորձում էինք հասկանալ, թե երեխաների ու պատանիների հոգեկան առողջության վրա ինչպես էր ազդել կատարվածը: Պատանիների մոտ առաջացել էր հասարակության, պետականության նկատմամբ՝ եթե ոչ նեգատիվիզմ, ապա՝ գոնե անտարբերություն: Պատճառներից մեկն այն էր, որ նրանց մոտ թյուր կարծիք էր ձեւավորվել, որ նրանք, ովքեր փորձում են հասարակության մեջ որոշակի դրական փոփոխություններ կատարել, սպանվում են: Երբեմն քաղաքականությունը, իսկապես, վանում է երիտասարդներին: Մինչդեռ մեր հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի պետական մտածողության սերմանումը աճող սերնդի մոտ: Եթե մենք ունենանք հասարակություն, որտեղ երկրորդ պլան են մղվել պետության նկատմամբ գնահատանքը, հոգածությունը, ու մեր ազգը լինի միայն եսակենտրոն մարդկանց հավաքականություն, մենք որեւէ ընդհանուր հաջողություն չենք գրանցի, որովհետեւ եսակենտրոն անհատների ամբողջությունը էթնիկական ամբողջություն չէ:
– Հոգեբանների կարծիքով՝ հասարակության մեջ պահպանվում են բռնության ու վախի միեւնույն մակարդակը, փոխվում են միայն դրանց դրսեւորումները: Հիմա ինչպիսի՞ն են բռնության ու վախի դրսեւորումները Հայաստանում:
– Դեռեւս հին սոցիալական հոգեբանները` Պոպերը եւ այլք, նշել էին, որ պատիժը պարտադիր պետք է լինի` որպես հասարակության մեջ կարգավորող հանգամանք: Դժբախտաբար, մեզանում երբեմն տեսնում ենք, որ բռնությունն ավարտվում է անպատժելիությամբ: Բերեմ մի մասնավոր օրինակ: Այսօր աշխատանքի գալուց կրկնվող համարանիշերով մեքենան խախտում կատարեց, բայց ավտոտեսուչները այդ մեքենան չկանգնեցրին, փոխարենը դրա ետեւից եկող տաքսուն կանգնեցրին: Տաքսու վարորդը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենից առաջ գնացած մեքենային չկանգնեցրին, երբ առաջինը հենց այդ մեքենան էր խախտում արել, որին ինքը հետեւեց: Այդ դեպքում չենք կարող ասել, թե պետությունը որոշել է, որ մենք պետք է պետականություն ունենանք: Մենք վերաբերվում ենք ընտրողական կերպով ու վերապահումներով: Իսկ վերապահված արդարությունը տհաճ, խոշտանգված արդարության զգացում է փոխանցում: Ավելի լավ կլիներ, որ մարդն անկեղծորեն ասեր`«Գիտե՞ս` ես վախենում եմ նրան կանգնեցնել, որովհետեւ նա այսինչ պաշտոնյան է կամ նա պարզապես շտապում էր, ու մենք հարգեցինք նրան»: Իսկ ձեւացնել, թե արդարություն ենք հաստատում, դա արդեն այն դերերն են, որոնք մարդիկ կատարում են: Գրեթե բոլորն էլ խոսում են այդ երեւույթների վտանգավոր ու վնասակար լինելու մասին: Մենք հաջորդ սերունդներին չենք փոխանցում այնպիսի արժեքներ, որոնցով մենք կհիանայինք: Մենք չունենք գաղափարախոսություն: Գոնե կոմունիզմի ժամանակ մենք գիտեինք, որ մենք բոլորս կոմունիզմի կառուցողներ ենք: Այսօր մենք ո՞ւր ենք գնում եւ ինչո՞վ պետք է դաստիարակենք ներկա սերնդին: Ավելին` մեզ մոտ առաջացել է գաղափարախոսական վակուում: Առաջին պլանում մնացել են գերնյութապաշտական արժեքները, որտեղ կորցնում ենք բարոյական, մշակութային ու ազգային էլեմենտները, որոնց վերականգնումը տեւական ժամանակի խնդիր կլինի:
– Բայցեւայնպես, հենց Ձեր նշած կրկնվող համարանիշերով մեքենաների վարորդների, այլ կերպ ասած` «էլիտար» քրեաօլիգարխիկ խավի գործողությունների նկատմամբ հասարակությունը գրեթե միշտ լռում է: Դա վախի՞ դրսեւորում է:
– Գիտեք` վախ տարածողները հենց իրենք՝ վախ կրողներն են:
– Այսինքն` օլիգա՞րխն էլ է մարդ ու կարող է վախենա՞լ:
– Իրենք սարսափելի ծանր վիճակի մեջ են: Ապրում են կասկածամտության ճիրաններում: Նրանք որքան էլ եկեղեցիներ կառուցեն, միեւնույն է, իրենց մեղքի բաժինը չեն թոթափելու: Թեեւ այս համատեքստում կա նաեւ մի դրական երեւույթ: Այդ մարդկանց հաջորդ սերունդները լավ կրթություն են ստանալու: Այն, ինչ ձեռք է բերվել անբարոյական միջոցներով, կստանա բարոյական գործադրություն հաջորդ սերունդների կողմից:
– Լավատե՞ս եք:
– Այո (ժպտում է.- Մ.Մ.): Մենք իրականում շատ մեծ պոտենցիալ ունենք, որը կտա դրական ելք:
– Այնուհանդերձ, Հայաստանում հոգեկան ո՞ր հիվանդություններն են առավել տարածված:
– Մեծ տարածում ունեն կպչուն սեւեռուն խանգարումները, որոնք այլ երկրների համեմատ մեծ թիվ են կազմում Հայաստանում եւ Իսրայելում: Կպչուն սեւեռուն խանգարումները այնպիսի գործողություններ կամ մտքեր են, որոնք մարդուն այցելում են առանց նրա վերահսկման, եւ կարող են անձին հարկադրել գործողությունների դիմել: Իսկ մնացյալ հիվանդություններն արտահայտված են նույն չափով, ինչպես այլ երկրներում:
– Երկրի սոցիալական վիճակը կարո՞ղ է պատճառ դառնալ հոգեկան խանգարման:
– Սոցիալական գործոնը որոշ դեպքերում սրում է հոգեկան խանգարումները, բայց երբեմն այն կարող է ունենալ նաեւ իր դրական նշանակությունը: Օրինակ, այն ընտանիքներում, որտեղ օրվա հացի խնդիր կա, երբեք չենք տեսնի, որ տվյալ ընտանիքի անդամը հրաժարվի սննդից: Այդ հիվանդությունը հատուկ է սոցիալապես ավելի ապահով ընտանիքներին, որոնց անդամները հրաժարվում են սննդից: Այս երեւույթը, ի դեպ, որոշ հեղինակներ դասում են շիզոֆրենիայի շարքը: Ամեն դեպքում միանշանակ չենք կարող ասել, թե սոցիալական գործոնը ո՞ւմ վրա ի՞նչ ազդեցություն ունի: Ցանկացած մարդու հոգեկան առողջության խաթարումն ունի խիստ անհատական բնույթ:
– Հաճախ դժգոհում ենք, որ մեր հասարակությունը կորցրել է ժպիտը: Մարդիկ ավելի շատ դժգոհ ու բարկացկոտ դեմքերով են քայլում, քան, ասենք, այլ երկրներում: Ինչո՞ւ:
– Դա պայմանավորված է մշակութային առանձնահատկություններով: Կան մշակույթներ, որտեղ սեփական դժվարությունը ցույց տալը համարվում է գռեհկություն, ամոթ եւ անընդունելի երեւույթ: Բայց դա չի նշանակում, թե այնտեղ խնդիրներ չկան: Ուսումնասիրություններն ապացուցում են, որ դեպրեսիան կտրուկ աճում է, եւ 2020թ. դառնալու է աշխարհի ամենամեծ չարիքներից մեկը: Դեպրեսիան լինելու է ամենամեծ էպիդեմիան ու համաշխարհային ամենամեծ խնդիրը: Իսկ դեպրեսիան իր հետ ունի նաեւ մի շարք զուգահեռ հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել թե՛ ինքնասպանությունների, թե՛ սոմատիկ դժվարությունների ու տագնապային խանգարումների: Եվրոպական երկրներում ինքնասպանության ցուցանիշի կտրուկ աճ ու երիտասարդացում է գրանցվել: Պատանիների ու երեխաների շրջանում ինքնասպանության թիվը մի քանի անգամ ավելացել է, քան 30-40 տարի առաջ էր: Մեզ մոտ իրավիճակը պետք է օբյեկտիվորեն գնահատել: Մարդիկ գուցե չեն ժպտում, որովհետեւ ժպտալու առիթ էլ չկա: Մեր հասարակության մեջ եթե մեկը ժպտում է, բարյացակամ է, այդ անձին մատնացույց են անում: Իհարկե, ժպիտը հոգեկան առողջության պակաս ինդիկատոր չէ, չնայած՝ այն տարբեր ընկալում ունի մշակույթների մեջ:
– Բայց մեզ մոտ էլ, կարծես, պատանիների շրջանում քիչ չեն ինքնասպանության դեպքերը, որոնք մեծամասամբ պայմանավորում են հակառակ սեռի ուշադրության պակասով:
– Մենք չենք կարող ասել` մեզ մոտ ավելացե՞լ, թե՞ պակասել են: Մենք ունե՞նք գիտական ուսումնասիրություն, որը կարող է ցույց տալ, որ, ասենք, ինքնասպանությունների դեպքերի աճ է նկատվում: Մենք պարզապես լսում ենք դեպքերի մասին: Այսօր արդեն ապացուցված է, որ ինքնասպանությունը հոգեկան հիվանդություն է: Եվ ժամանակն է, որ մեր եկեղեցին դրան անդրադառնա: Դեռեւս հին ժամանակներից մեր եկեղեցին օրենք ունի, որ ինքնասպանությունը մեղք է, եւ ինքնասպան եղածներն իրավունք չունեն թաղվելու եկեղեցապատկան գերեզմանոցներում: Դա նույնն է, ինչ, ասենք, երբ սրտանոթային հիվանդը մահանա, ու նրան թույլ չտան, որ եկեղեցապատկան հողում թաղվի: Համաձայն Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների` Հայաստանը ինքնասպանությունների ցուցանիշով գտնվում է վերջին տեղերում, թեեւ չենք կարող ասել, թե որքանով են իրական այդ թվերը: Շատ դեպքերում հայ ընտանիքում, բանակում կատարված ինքնասպանությունները չեն ներկայացվում: Մեզ մոտ դա փորձում են փոխարինել դժբախտ պատահարներով:
– Հետաքրքիր է` ի՞նչ ազդեցություն ունեն ԶԼՄ-ները անձի հոգեկան առողջության համար:
– Հայտնի բան է, որ բոլոր ԶԼՄ-ներն էլ ձգտում են միայն սենսացիոն լուրերը վերցնել: Նրանք ուզում են ավելի մեծ ուշադրություն գրավել: Մարդը մի արարած է, որը հաճույք է ստանում ուրիշի ցավի, տառապանքի մասին լսելով: Իսկ ԶԼՄ-ներն, ասես, օգտվում են մարդկային այդ թուլությունից: Այս իմաստով անհրաժեշտ է նաեւ որոշակի գրաքննություն, թե նյութը արդյո՞ք չի վնասում մարդու հոգեկան առողջությանը: Օրինակ, ինքնասպանության մասին գրելիս պետք է միշտ նկատի ունենալ այն, որ միգուցե հոդվածը կարդում է այն մարդը, որն ինքնասպան լինելու մտադրություն ունի: Եթե ԶԼՄ-ները մի բան են հայտարարում, պետք է հաշվի առնել, որ հրապարակումը ինչ-որ մեկի համար չդառնա վարքի նմանակման մոդել: Եթե հեռուստասերիալի մեջ ինչ-որ բան են ցուցադրում, պետք է զգույշ լինել, որ հաջորդ սերունդը չնմանակի հաշվեհարդարի, սպանությունների տակտիկան: Որոշ դեպքերում մեր հեռուստասերիալներն ավելի բուլվարային են ու էժան, իսկ երբեմն էլ արվում են սարսափելի գռեհիկ ձեւով: «Որբեր» սերիալից հետո ես ունեցել եմ 2 դեպք: Մի դեպքում 9 տարեկան մի երեխա էր, որը սերիալը նայելուց հետո ինքնասպանության փորձ էր արել: Տեսեք, թե ինչքան չկշռադատված էր այդ սերիալը: Եթե կան նման ֆիլմեր, հեռուստատեսությունը պետք է այն նշանակի այն ժամերին, որ երեխաները չդիտեն: Անշուշտ, այստեղ մեծ է նաեւ ընտանիքի գործոնը, ինչպես նաեւ՝ պետականության գաղափարը: