«Աղետ»

20/04/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Վերջերս Գերմանիայի Հանրային հեռուստաալիքով ցուցադրվեց «Աղետ» ֆիլմը, որը գերմանացի վավերագրող Էրիկ Ֆրիդլերի եւ պատմաբան Բարբրա Զիբերտի երկարատեւ աշխատանքի արդյունքն է։ Ֆիլմի հիմքում 1915 թվականի Մեծ եղեռնն է։ Ցանկացած փաստ ու դոկումենտալ ակնարկ «Աղետ» ֆիլմում (ընդ որում, ֆիլմի անվանումը թարգմանված չէ, այն հենց այդպես էլ գրվում է՝ «Achet») ներկայացված է շատ սառնասրտորեն։ Էմոցիոնալ մեկնաբանություններն ու եզրահանգումները թողնված են դիտողին, ֆիլմի հեղինակները կատարված դեպքերը ցուցադրում են որպես փաստեր, որպես բոլորին հասանելի արխիվային նյութերի դասավորություն։ Ոչ մի ավելորդ պաթոս (ինչին մենք կամա թե ակամա սովոր ենք) այս ֆիլմում չես տեսնի։ Փոխարենը՝ կարող ես տեսնել մի ընդհանուր պատմական համատեքստ, որի մեջ համադրվում են ժամանակները, պատմական դեմքերն ու իրադարձությունները։ Սա գերմանական ֆիլմ է, որը ստեղծվել է գերմանական բծախնդրությամբ։ Եվ հենց նման մոտեցման շնորհիվ էլ ֆիլմը ձեռք է բերել այն հավաստի շեշտադրումները, որոնք 21-րդ դարում ապրող ցանկացած մարդու մտորելու առիթներ են տալիս։ Օգտագործվել են ողբերգության ականատեսների թողած նամակները, օրագրերը, հեռագրերը, ռեպորտաժները, արձանագրությունները, որոնք ընթերցում են հանրահայտ գերմանացի դերասանները։ Որպես էմոցիոնալ ֆոն կազմելու միջոց՝ դերասաններին թողնված է միայն ձայնը, քանի որ նկարահանման տաղավարները միտումնավոր զրկված լինելով դեկորացիաներից՝ ինքնին արդեն դոկումենտի հավաստիություն են ստանում։ «Աղետ» ֆիլմում կարելի է տեսնել նաեւ հազվագյուտ քրոնիկա ու արխիվային կադրեր, որոնք ֆիլմի հետազոտող Բարբրա Զիբերտը մի քանի տարիների ընթացքում հավաքել է Գերմանիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի արխիվներից։ Լինելով պատմաբան՝ Բարբրա Զիբերտը հոդվածներ ու ֆիլմեր է պատրաստել գերմանական պատմության մասին, մասնավորապես ֆիլմերի շարք է արել եւ գիրք է տպագրել Աուշվիցի ողբերգության մասին։ Մեր հանդիպումը Բարբրա Զիբերտի հետ կայացավ «Արեւորդի» բնապահպանական փառատոնի գրասենյակում, քանի որ ֆրաու Բարբրան նաեւ էկոլոգիական ուղղվածության տարաբնույթ ծրագրերի համակարգող է եւ հանդիսանում է «Արեւորդի» փառատոնի ծրագրերի տնօրեն։

– Դուք շեշտում եք, որ «Աղետ» ֆիլմի բոլոր նյութերը կան արխիվներում։ Դա Ձեզ համար սկզբունքայի՞ն մոտեցում է։

– Այո, աշխարհի տարբեր գրադարաններում, արխիվներում կարելի է Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստեր գտնել։ Մենք շեշտը չենք դրել միայն Եղեռնը վերապրածների վկայությունների վրա, այլ օգտագործել ենք քաղաքական գործիչների, միսիոներների, դեսպանների, զինվորականների վկայությունները։ Չէ՞ որ անցյալ դարասկզբում շատ գերմանացի ռազմական գործիչներ, ուսուցիչներ, տարբեր միսիոներներ են աշխատել Օսմանական կայսրությունում, եւ բոլորը արձանագրել են կատարվածը։ Մեր բոլոր նյութերը օֆիցիալ են, տպագրված են գրքերի տեսքով, տեղադրված են ինտերնետում։ Ցանկացած դոկումենտ համարակալված է, եւ ցանկության դեպքում բոլորը կարող են նրա հետ ծանոթանալ (դա ասում եմ ենթադրելով, որ ոմանք կարող են դոկումենտի իդենտիֆիկացիա պահանջել)։ Այնպես որ, մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ ինֆորմացիայի տեսակետից մենք բացահայտում չենք անում։ Ինձ համար այս ֆիլմը շատ կարեւոր է իր ստեղծման եղանակով։ Չէ՞ որ փաստերը «չոր» երեւույթ են, եւ միշտ հարց է ծագում՝ ինչպես փաստը դարձնել վառ, «կենդանի»։ Մենք նպատակ ունեինք անցյալի ձայները կրկին վերակենդանացնել եւ հրավիրեցինք ամենահայտնի գերմանացի դերասաններին՝ հնչեցնելու անցյալը։ Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուին, օրինակ, իր ձայնը նվիրեց մեր ժամանակակից լավագույն դերասան Հանս Շիզլախը (որն, ի դեպ, շատ հոլիվուդյան ֆիլմերում է նկարահանվում)։ Ֆիլմի ռեժիսորի հետ որոշեցինք ընտրել մինիմալիստական ոճը՝ վստահ լինելով, որ դա ամենաազդեցիկ ոճն է՝ փաստը ներկայացնելու համար։ Այդպես ֆիլմի ընդհանուր տոնայնությունը պահպանվեց, եւ դերասանների ձայները համադրվեցին հին տեսանյութերի հետ։ «Աղետն» ընդհանրապես շատ զուսպ ֆորմա ունի, բեմադրված հատվածներ, էմոցիոնալ, սարսափազդու կադրեր գրեթե չկան։ Տպավորություն է, որ մարդիկ պարզապես խոսում են, եւ նրանց խոսքը անմիջապես ուղղվում է հանդիսատեսին։ Նման տեխնիկական հնարքը Էրիկ Ֆրիդլերի ոճն է, այն նման է պատմական արգումենտների կոլաժի, բոլոր պատմական փաստերը կողք կողքի են դրվում, եւ համաշխարհային մեծ «փազլը» ամբողջանում է։

– Սպասելի է, որ ֆիլմը մեծ արձագանք կունենա հատկապես Թուրքիայում եւ թուրքական արմատներ ունեցող եվրոպացիների մոտ։ Ինչպիսի՞ն էին առաջին արձագանքները։

– «Աղետը» մի քանի օր առաջ է ցուցադրվել, ես այդ ժամանակ Հայաստանում էի։ Սակայն Էրիկ Ֆրիդլերն ասաց, որ շատ մեծ աղմուկ է բարձրացել։ Գիտեք, որ Գերմանիայում մոտ 1 մլն թուրք է ապրում, եւ բնական է, որ նրանք պետք է դժգոհ լինեին։ Էրիկն ասաց, որ հազարավոր նամակներ է ստանում թուրքերից, որոնք «Աղետը» որպես հայկական պրոպագանդա են դիտարկում եւ աղաղակում են՝ թե ինչպե՞ս պատահեց, որ Հանրային ալիքով նման ֆիլմ ցուցադրվեց։

– Իսկ Գերմանիայի Հանրային ալիքով Եղեռնը ժխտող ֆիլմեր ցուցադրվո՞ւմ են։

– Կարելի է տեսնել այնպիսի ֆիլմեր, որտեղ ասվում է, որ ոչ մի ցեղասպանություն էլ տեղի չի ունեցել։ Իսկ որոշ ֆիլմերում հենց հայերն են որպես մուսուլմանների հանդեպ եղեռն իրականացրած ազգ ներկայանում։ Դա զարմանալի չէ, քանի որ Թուրքիայում հատուկ հանձնաժողով կա, որը վերադասավորելով պատմական փաստերը՝ փորձում է ցեղասպանության զոհ ներկայացնել ոչ թե հայերին, այլ թուրքերին։ Այդ մոտեցումը թուրքական միֆոլոգիայի մասն է կազմում, որը հեշտությամբ փշրվում է «մերկ» փաստերի ներկայացմամբ։ Պատմական ապացույցներն այնքան շատ են, որ դրանցից խուսափել չի ստացվի։ Էլի եմ ուզում շեշտել, որ ֆիլմում եղած բոլոր նյութերը կան արխիվներում եւ ֆալսիֆիկացիայի հնարավորություն չեն թողնում։

– «Աղետ» ֆիլմի ստեղծման որոշումը ինչպե՞ս կայացավ։

– Տարիներ առաջ ես ու Էրիկը կարճ ռեպորտաժ արեցինք Հայոց Եղեռնի ու Լեփսիուսի մասին եւ հանկարծ հայտնվեցինք մի սկանդալային իրավիճակում, երբ գրեթե ամեն օր սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներ էինք ստանում։ Որպես լրագրողներ՝ մենք հասկացանք, որ այդ գործը շարունակություն է պահանջում։ Եվ սկսվեց տարիների բարդագույն աշխատանքը։ Երբ նախաձեռնում էինք «Աղետի» ստեղծումը, չէինք պատկերացնում՝ ինչի՞ մեջ ենք սուզվում։ Հետազոտության ժամանակ ես հարցազրույցների շարք արեցի ցեղասպանություն վերապրած հայերի հետ։ Այդ մարդկանց դիմանկարները կարելի է տեսնել նաեւ «Աղետ» ֆիլմում, նրանք ոչինչ չեն խոսում, մենք պարզապես օգտագործել ենք նրանց կերպարները՝ որպես տպավորիչ հավելում, հուշի ու սպասումի մետաֆորա։

– Ֆիլմում հիմնական վկայությունները անում են եվրոպացիները, կարելի՞ է ենթադրել, որ հիմնական լսարանը նույնպես եվրոպացիներն են։

– Կարծում եմ, ոչ միայն եվրոպացիները։ Վկայություններից շատերում սարսափ, ահազանգ, սակայն նաեւ իրավիճակը փրկելու անզորություն կա։ Որբանոցի ուսուցիչները, սպաները, քաղաքական այրերը նամակներով ռմբակոծում էին գերմանական կառավարությունը՝ խնդրելով՝ փրկել հայերին։ Սակայն արձագանք չկար։ Ֆիլմն, իհարկե, միայն թուրքերի ու հայերի մասին չէ, այլեւ՝ այն եվրոպացիների, որոնք տեսել են հայերի սպանությունները եւ հնարավորություն չեն ունեցել որեւէ կերպ ազդել մեծ քաղաքականության վրա։ 1915 թվականին Գերմանիան հաջողակ դիրքեր ուներ Առաջին աշխարհամարտի ռազմի դաշտերում եւ բնավ էլ հետաքրքրված չէր հայերի ճակատագրով։ Այն տարիների Գերմանիայի վարչապետը ձեռագիր արձանագրություն է թողել, որտեղ գրել է՝ Թուրքիան մեր դաշնակիցն է, ի՞նչ կարող ենք անել, մենք մտահոգվում ենք միայն սեփական դիրքորոշմամբ։ Ուշագրավ է, որ նույն այդ միտքը 2006-ին կրկնել է ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, որի խոսքը մեջբերվում է «Աղետ» ֆիլմում։ Նա ասել է բառացիորեն հետեւյալը. «Որպես ակադեմիկոս եւ պատմաբան՝ ես շատ լավ գիտեմ բոլոր փաստերը, բայց որպես ԱՄՆ պաշտոնյա՝ ոչինչ չեմ կարող այդ հարցին ավելացնել»։ Պատմությունը կրկնվել է։

– Ֆիլմում հազվագյուտ կադրեր կան, որտեղ ցուցադրվում են, թե ինչպես է նացիստական Գերմանիան հանդիսավորությամբ հանձնում Թուրքիային հերոսացված Թալեաթ Փաշայի աճյունը։

– Եվ կրկին Գերմանիան ու Թուրքիան դաշնակիցներ են (արդեն Երկրորդ աշխարհամարտի տարիներին)։ Թալեաթ Փաշան թաղված էր Գերմանիայի գերեզմանոցում, իսկ հետո նացիստները որոշեցին նրա դին, որպես հարգանքի նշան, հանձնել Թուրքիային։ Դա շատ մեծ, շքեղ պաշտոնական արարողություն էր, որն, ի դեպ՝ մինչ այդ ոչ մի տեղ չէր ցուցադրվել։ Այդ կադրերը շատ կարեւոր դեր ունեն ֆիլմում, քանի որ ցուցադրում են, որ երբ ցեղասպանություն գործած երկիրը ոչ մի կերպ չի պատժվում, ապա քաջալերում է հետնորդներին կրկին ու կրկին նույն ոճրագործությունն անել։ Եվ նացիստների համար այդ արարողությունը դարձավ սկիզբ՝ հրեաների դեմ ուղղված սեփական ցեղասպանության ծրագիրը իրականացնելու համար։

– Հաջորդ կադրերում տեսնում ենք, որ այսօրվա Բեռլինում Թալեաթ Փաշայի անունը կրող փողոց կա։

– Դպրոց էլ կա։ Մենք ակնարկում ենք նաեւ այն մասին, որ թուրքերը չեն էլ փորձում պատմական ժառանգությունից դասեր քաղել ու հասկանալ՝ ի՞նչ է իրականում կատարվել։ Դպրոցներ ու համալսարաններ անվանելով Թալեաթ Փաշայի անունով, նրանք միայն խորացնում են հակասությունները։

– Օրեր առաջ իմացանք, որ Թալեաթ Փաշայի անունը կրող հուշատախտակ տեղադրվել էր նաեւ Թբիլիսիում։

– Դա իրական խենթություն է։ Պատկերացրեք, որ հանկարծ Գերմանիայում համալսարաններից մեկը կոչվի, ասենք, Ադոլֆ Հիտլերի անունով։ Մարդիկ չեն հասկանում, որ դա նույն անհեթեթ մոտեցումն է։

– Դուք օգտվե՞լ եք Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերից։

– Ճիշտն ասած, դուք շատ նյութեր չունեք։ Սակայն դա բնական է, քանի որ խորհրդային տարիներին ինֆորմացիան սեւ փոսի մեջ էր գտնվում, եւ արխիվն ամբողջացնելու հնարավորություն չկար։ Ես կարծում եմ՝ լուրջ դերակատարություն կարող էր ունենալ հայկական սփյուռքը։ Բայց չունեցավ, եւ շատ բան մնաց միայն որպես ցանկություն, երազանք, էմոցիա։ Իրականում շատ զարմանալի ու ծիծաղելի է, որ Թուրքիան պահանջում է Հայաստանից բացել արխիվները։ Հարց է ծագում՝ ի՞նչ արխիվների մասին է խոսքը, եթե հիմնական նյութերը գտնվում են արտասահմանում կամ էլ հենց Թուրքիայում։ Դա անհեթեթ պարտադրանք է, էմոցիոնալ պաշտպանության յուրատեսակ ձեւ է։ Չէ՞ որ, երբ տեղի ունեցավ Ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չուներ։ Վստահ եմ, որ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը կարող է փոխել իրավիճակը, նա փորձում է գիտականորեն կազմակերպել աշխատանքը։ Գոյություն ունեն գիտական ստանդարտներ, որոնք չի կարելի անտեսել։ Իսրայելի օրինակը շատ լավ փաստում է այն մասին, թե ինչպես կարելի է ցեղասպանության ուսումնասիրությունը գիտական մակարդակի հասցնել։ Գիտությունն ու մեդիան կարող են շատ լավ համադրվել, սակայն ցանկացած ֆիլմում պետք է լինեն փաստեր, որոնցից «փախչել» հանդիսատեսը չի կարողանա։ Թուրքերին «անկյուն կանգնեցնելով» ու գոռալով, որ նրանք վատն են, ոչնչի չեք հասնի։ Չէ՞ որ, երբ սպանեցին Հրանտ Դինքին, հազարավոր թուրքեր խիզախաբար դուրս եկան փողոց ու հայտարարեցին՝ «Մենք հայ ենք»։ Եվ դա վկայում է, որ նոր ժամանակներ են սկսվել, ու սուտն այլեւս չի գերիշխում։ Սուտն ընդհանրապես երկար կյանք չի կարող ունենալ, ցանկացած շինծու վարկած ջարդվում է գիտական փաստարկով։

– Շատ հետաքրքիր էր «աղետ» բառի Ձեր ներմուծումը։ Դա կատաստրոֆա չէ, այլ հենց աղետ է։

– Պատմական շերտը պետք է իր էքվիվալենտ անվանումը ստանա, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ ի՞նչն ենք ուսումնասիրում։ Պիտի գտնվի այն անվանումը, որը կարող է գործածվել գիտական բանավեճերում, գիտաժողովներում։ Անվանումը շատ կարեւոր է, այն պետք է հեշտ արտասանվի ու ճանաչելի լինի տարբեր ազգերի համար (ինչպես «Հոլոքոստ» բառն է) եւ միանգամից հուշի, թե ի՞նչ է թաքնված տերմինի ետեւում։ «Մեծ եղեռն» բառերը օտար ազգերը դժվարանում են արտաբերել, «աղետը» ֆոնետիկ առումով շատ ավելի հեշտ բառ է։ Ես հատուկ եմ ֆիլմն անվանել պարզ, բայց շատ սիմվոլիկ այդ բառով։ Չէ՞ որ տեղի ունեցածն իրոք աղետ էր։

– Իրականում մեզ համար դժվար է էմոցիաներից ազատվել, միգուցե այդ պատճառով էլ ցեղասպանության մասին շատ քիչ ֆիլմեր ունենք։

– Ես դա շատ լավ հասկանում եմ, բայց ամեն պարագայում (մանավանդ հիմա, երբ Ցեղասպանության ճանաչման խնդիր կա), պետք է հիմնվել գիտության, այլ ոչ թե էմոցիաների վրա։ Եթե գիտական լեզուն գործածվի, թուրքերը անզոր կլինեն որեւէ հակափաստարկ օգտագործել։ Այս պահին եւ հայերը, եւ թուրքերը հիմնականում էմոցիոնալ պայքար են մղում։ Ես վստահ եմ, որ երբ հայերը դադարեն էմոցիոնալ լինել այդ հարցում, ու նոր տերմինոլոգիայով ներկայացնեն «սառը» ու «չոր» փաստերը, նրանք շատ կարճ ժամանակում կվերականգնեն ճշմարտությունը։

– «Աղետը» ցուցադրվելո՞ւ է Հայաստանում։ Հնարավո՞ր է արդյոք հանրային ալիքների համագործակցությունը՝ ֆիլմի ցուցադրման իրավունքները ձեռք բերելու գործում։

– Հույս ունենք այն ցուցադրել ամռանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ Իսկ հեռուստատեսային ցուցադրման մասին ոչինչ չեմ կարող ասել։ Կարծում եմ, եթե նման ցանկություն լինի, ցուցադրման իրավունքները կարելի է գնել։

– Չե՞ք պատրաստվում արդյոք շարունակել Ձեր ուսումնասիրությունները։

– Ստացվեց այնպես, որ ես Աուշվիցից հետո միանգամից ներխուժեցի Հայոց եղեռնի թեմայի մեջ, եւ եկավ ժամանակ, երբ այդ սարսափելի ողբերգությունները ուղղակի իմ անձնական կյանքի մի մասը դարձան։ Նույնիսկ երազում էի մահ ու սպանություններ տեսնում։ Այնպես որ, այդ թեմաներին ես մոտ ժամանակներում չեմ անդրադառնա։ Այլապես կխելագարվեմ։