Փող աշխատելու նոր հորիզոններ

20/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Երեւաննախագիծ» ինստիտուտը մինչեւ տարվա վերջ կավարտի Հերացի, Մյասնիկյան
փողոցները Ազատության փողոցին, ապա՝ Ավետիսյան, Քոչար, ու Վաղարշյան
փողոցներին կապող նոր մայրուղու նախագծային աշխատանքները: Ամենայն
հավանականությամբ, շինարարական աշխատանքները կսկսվեն եկող տարվա սկզբին եւ
կտեւեն մեկ-երկու տարի: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն
Մուշեղյանի ասելով` նախագծային աշխատանքները ֆինանսավորվում են
պետբյուջեից: Իսկ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ 10 մլն դոլարը
հավանաբար կհատկացվի «Լինսի» հիմնադրամով սպասվող գումարներից: Հիշեցնենք,
որ այս ինստիտուտն իրականացնում է նաեւ Երեւանի գլխավոր հատակագծի
նախագծային աշխատանքները: Պարոն Մուշեղյանի ասելով, այս մայրուղին գլխավոր
հատակագծի բաղադրիչներից մեկն է: Ընդհանուր առմամբ, նոր մայրուղին իրար է
միացնելու արդեն գործող մի քանի փողոցներ, իսկ միացման մի քանի հատվածները
կառուցվելու են զրոյից: Դրանցից մեկը լինելու է Մյասնիկյան փողոցից մինչեւ
կահույքի գործարան ձգվող երկաթգիծը, որն ապամոնտաժվելու է: Իսկ մայրուղու
նոր կառուցվող հատվածը, պարոն Մուշեղյանի ասելով, լինելու է ընդամենը
2,5-3 կմ, լայնությունը մայթերի հետ միասին՝ 27 մետր: Մայրուղու
շարունակությունը Քոչարի փողոցով դուրս կգա մետրոյի «Բարեկամություն»
կայարանի հատվածում, իսկ Վաղարշյան փողոցով ու կամրջով՝ դեպի Դավիթաշեն:
Նախագծողների ասելով՝ այն ունենալու է համաքաղաքային նշանակություն:

«Նոր մայրուղին թեթեւացնելու է քաղաքի կենտրոնով անցնող ծանրաբեռնված
տրանզիտ ուղղությունները,- բացատրեց պարոն Մուշեղյանը: -Սա է այս
մայրուղու կառուցման կարեւոր նպատակներից մեկը: Փաստորեն, սա կլինի
Բաղրամյան փողոցին զուգահեռ փողոց եւ կկիսի նրա ծանրաբեռնվածությունը: Եվ
հետո, Աբովյան պուրակի հատվածը կարծես թե դառնում է քաղաքի մեծ
խաչմերուկներից մեկը, բոլոր ուղղություններն այստեղ են հատվում, եւ
բավական ծանրաբեռնված է: Այս մայրուղին կկիսի նաեւ այս հատվածի
ծանրաբեռնվածությունը»:

Ճանապարհի նոր կառուցվող հատվածների, այդ թվում` նաեւ երկաթգծի
շրջակայքում շատ անբարեկարգ տարածքներ կան, որոնք հարմար են կառուցապատման
համար: Քոչարից դեպի «Կասկադ» ընկնող հատվածում ժամանակին փոքր անտառ է
եղել: Խորհրդային վերջին տարիներից սկսած օրինական ու ապօրինի կերպով այն
հատվել ու զավթվել է, կառուցվել են շինություններ, առանձնատներ: Բավական
մեծ մասն էլ դեռ պահպանվել է ու հավանաբար ենթակա է վաճառքի: Շատ հնարավոր
է, որ մեր քաղաքային իշխանությունները նոր տեղից գումարներ ստանալու հոտ
են առել, եւ դրա համար էլ որոշել են, նոր ճանապարհ կառուցելով, այսպես
ասած, ներդրողների համար այդ տարածքները գրավիչ ու հասանելի դարձնել:
Մանավանդ, որ այդ հատվածների արդեն կառուցապատված մասով մեծ փողոցներ չեն
անցնում: Իսկ այդ մասերում ծառեր են կտրել ու հսկայական առանձնատներ են
կառուցել ոչ պատահական մարդիկ, ովքեր այսօր կարողացել են գլխավոր
հատակագծի նախագծային աշխատանքների վրա այնպես ազդել, որ կառուցվի նոր
մայրուղի, որն իբր թե թեթեւացնելու է Բաղրամյան փողոցի
ծանրաբեռնվածությունը: Սա փոքր-ինչ կասկածելի է, որովհետեւ դժվար թե
վարորդները թողնեն հարթ ու կարճ Բաղրամյան փողոցը եւ ընտրեն ինչ-որ
խուճուճ ճանապարհ: Ավելին, այս նպատակի համար պետք է ծախսվեն Լինսի
միջոցները: Իսկ դեռ ազատ մնացած տարածքները բավական շատ են եւ
վաճառողներին մեծ գումարներ կբերեն: Ի դեպ, փող կբերեն նաեւ ապամոնտաժված
երկաթգծերը. մերոնք երկաթգծի ռելսերը քանդելու եւ ծախելու փորձ էլ ունեն: