Թուրքիան Ղարաբաղի խնդիրը նախապայման չի դնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին երեկ Վաշինգտոնի Council on Foreign Relations վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, որը վերաբերել է Իրանի միջուկային խնդրին եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարաններում վավերացնելու համար անհրաժեշտ է երկու երկրներում էլ ապահովել քաղաքական եւ հոգեբանական անհրաժեշտ մթնոլորտ: Անհրաժեշտ է, որ մեր հայ բարեկամների հետ համբերատարությամբ ու համակարգված այդ ուղղությամբ հող նախապատրաստենք»,- ասել է նա: Ըստ Դավութօղլուի` «եթե դա արվի, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն էլ իր հերթին գործընթացին աջակցություն կլինի: Ղարաբաղի հարցը մենք նախապայման չենք դնում: Սակայն գիտենք, որ Կովկասում, Միջին Արեւելքում, Բալկաններում բոլոր նման խնդիրները մեկը մյուսի հետ կապված են: Դրական արդյունքների համար աշխատում ենք եւ լավատես ենք: Մենք պատրաստ ենք ոչ միայն պետությունների մակարդակով հաշտեցման հասնել, այլեւ ցանկանում ենք հաշտության հասնել նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում ապրող հայկական Սփյուռքի հետ: Մեր պատմության հետ կապված` մենք պատրաստ ենք լսել մեր հայ բարեկամներին»,- նշել է նա: