Խրախճանք՝ սպանությունից հետո

17/04/2010

Երեկ պաշտոնապես գրեթե հաստատվեց, որ ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանություն բերման ենթարկված 24-ամյա Վահան Խալաֆյանին սպանել են: Սպանել են Ոստիկանության բաժանմունքում, ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում: Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության` երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 15-ին Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Դիակի դատաբժշկական փորձաքննության անցկացումից հետո (որով պարզվել էր, որ երիտասարդի նկատմամբ բռնություն է կիրառվել) գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում` Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը: Հատուկ քննչական ծառայության կողմից «սպանելու վարկածը» դիտարկելու փաստը հաստատում է այն, ինչի մասին սպանության հաջորդ օրվանից ահազանգում է մասնավորապես իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս Չարենցավանում սպանվածի հարազատների ու ընկերների հետ հանդիպումներից հետո երեկ եւս ներկայացրել է մի շարք մանրամասներ, որոնք գրեթե կասկածի տեղ չեն ունենում, որ երիտասարդին դաժանաբար սպանել են ոստիկանական բաժանմունքում: «Սա նշանակում է կոծկել հանցագործությունը` ապատեղեկատվություն տարածելով: Նման պահվածքի համար նրան պիտի ազատել աշխատանքից»,- անդրադառնալով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ընդամենը երկու օր առաջ արած հայտարարություններին, որով նա պնդում էր, թե Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել, երեկ ասել է Արթուր Սաքունցը: Այս ֆոնին երեկ Հայաստանի ոստիկանները «մի ուրիշ» ճոխությամբ նշում էին Ոստիկանի օրը: