Տարեցտարի աճում է երիտասարդական կառույցների քանակը, որոնք գործում են ոչ
միայն անկախ ու առանձին, այլեւ որոշ կուսակցությունների հովանու ներքո:
Չնայած այս ամենին, հանրապետության շրջաններում դարձյալ առկա են
երիտասարդների պասիվության, մայրաքաղաք-գյուղ կապի ամրապնդման խնդիրները:
Մարտակերտի բնակչուհի Արմինե Բադալյանը, ում վերջերս հանդիպել ենք
«Երիտասարդ դեմոկրատներ» կազմակերպության կողմից Ստեփանակերտում անցկացված
թրեյնինգին, գտնում է, որ մայրաքաղաքի եւ շրջանի երիտասարդների կապը շատ
թույլ է, ինչի պատճառով վերջիններս կարծես կտրված են հանրապետությունում
եւ նրանից դուրս կատարվող իրադարձություններից: Ինչպես պատմում էր
զրուցակիցս, մի քանի տարի առաջ Մարտակերտում գործում էր «Միասնություն»
երիտասարդական կազմակերպության մասնաճյուղը, որն իր գործունեությամբ
ինչ-որ չափով նպաստում էր շրջանի երիտասարդության ակտիվացմանը: Սակայն
միառժամանակ հետո այն դադարեց գործել: Կարեւորելով երիտասարդների կապի
ամրապնդումը` նա նշեց, որ դրա համար շրջաններում պետք է ստեղծել
կազմակերպությունների մասնաճյուղեր, իսկ միջոցառումներն առավել հաճախակի
կազմակերպել ոչ թե մայրաքաղաքում, այլ շրջաններում` ընդգրկելով ավելի մեծ
թվով գյուղաբնակ երիտասարդների:
«Երիտասարդ դեմոկրատներ» կազմակերպության նախագահ, ծրագրի հեղինակ Տիգրան
Գաբրիելյանի հավաստմամբ, ծրագիրը, որը կազմված է երկու փուլից, կրում է
«Ժողովրդավարություն եւ կոնֆլիկտ» անվանումը: Առաջին թրեյնինգը
«Ժողովրդավարական գործընթացների ազդեցությունը կոնֆլիկտի տրանսֆորմացմանը»
թեմայով էր, իսկ երկրորդը` «Ընտրությունների անցկացման մեթոդիկան»:
Սեմինարին ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ 20 երիտասարդներ`
Ստեփանակերտում գործող երիտասարդական կազմակերպություններից,
հանրապետության շրջաններից եւ այլն։
«Մենք նպատակ ունենք ԼՂՀ-ում ստեղծել դիտորդական խումբ, որը հետագայում
կընդլայնի իր շրջանակները, ամենայն հավանականությամբ` հարավկովկասյան
մակարդակով։ Հատկանշական է, որ թրեյնինգի ընթացքում մասնակիցները հանդես
են եկել տարբեր առաջարկություններով։ Հուսով եմ, որ խումբը կշարունակի իր
աշխատանքները։ Ուրախալի է եւ, որ երիտասարդները պատրաստ են աշխատել նաեւ
տարածաշրջանի մյուս պետությունների գործընկերների հետ` համատեղ քննարկելով
երիտասարդությանը հուզող եւ ընդհանրապես տարածաշրջանում առկա խնդիրները»,-
այս մասին ասել է Տ.Գաբրիելյանը։
Իսկ որքանո՞վ է հնարավոր դիտորդական խմբի համատեղ աշխատանքը, ասենք,
Վրաստանի, Ադրբեջանի կամ տարածաշրջանի մյուս երկրների երիտասարդների հետ,
արդյոք կա՞ համապատասխան պայմանավորվածություն։ Այս հարցերին ի պատասխան`
զրուցակիցս նկատեց. «Մինչեւ թրեյնինգի մեկնարկը ծրագրի մասին տեղեկացրել
ենք Հարավային Կովկասի մեր գործընկերներին, որոնք պատրաստակամություն են
հայտնել աջակցել մեզ: Կարծում եմ, համատեղ աշխատանքի դեպքում`
հասարակության ժողովրդավարացման միջոցով մենք կկարողանանք լուծել այն
խնդիրները, որոնք առկա են կոնֆլիկտներով հարուստ Կովկասում»:
Միջոցառման մասնակիցներից մի քանիսի կարծիքով, այս թրեյնինգի դրական
առանձնահատկությունն այն էր, որ ներկա էին տարբեր շրջանների երիտասարդներ,
որոնց հետ շփման արդյունքում հնարավորություն ստեղծվեց տեղեկանալու նրանց
խնդիրներին, պայմանավորվելու իրավիճակը բարելավելու եւ այլ հարցերի շուրջ:
Վիոլետա Պետրոսյանը, որը Մարտունու շրջանի Քերթ գյուղից է, առաջին անգամ է
մասնակցում թրեյնինգի: Նրան թվում էր, որ այդ ամենը ձեւական բնույթ է
կրում, բայց ներկա գտնվելուց հետո կարծիքը փոխեց: Հիմա արդեն համոզված է,
որ դրանք օգտակար են: «Գյուղերում երիտասարդների մեծամասնությունը չի
հետաքրքրվում երկրում, այդ թվում` նաեւ երիտասարդական դաշտում տեղի
ունեցող իրադարձություններով, իսկ հետաքրքրվողները «կուլ են գնում»
ընդհանուր անտարբերությանը»:
Արմինե Գասպարյանը, որը 1997 թվականին Մարտունի քաղաքից տեղափոխվել է
Ստեփանակերտ, նույնպես առաջին անգամ է մասնակցում նման միջոցառման եւ
ափսոսանքով է խոսում այն մասին, որ այդ տարիներն այս առումով արդյունավետ
չի օգտագործել: «Պարզապես իմ շրջապատում չկային այնպիսի երիտասարդներ,
որոնք մեծ հետաքրքրություն ունեն հասարակական կյանքի հանդեպ: Իհարկե,
պատկերացումներս այլ էին, բայց երբ մասնակցեցի թրեյնինգին, տեսա իմ
հասակակիցների շահագրգռվածությունն ու նպատակասլացությունը, հասկացա, որ
երիտասարդները կարող են շատ բան փոխել այս փոքրիկ երկրի կյանքում»,- այս
կարծիքն է արտահայտել Արմինեն: