Ապրիլի 13-ին լրանում էր այն ժամկետը, երբ ՀՀ Վարչական դատարանը պետք է որոշում ընդուներ 7230 քաղաքացիների կողմից` գազի սակագնի բարձրացման դեմ հայցը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ: Սակայն, խախտելով օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը, դատարանը միայն ապրիլի 15-ին է տեղեկացրել, որ հայցն ընդունվում է վարույթ` մասնակի, բացի այդ, այն քննարկվելու է գրավոր ընթացակարգով:
Այս որոշումը զայրացրել է ոչ միայն ՀԱԿ-ին, որի նախաձեռնությամբ կազմակերպվել է այս գործընթացը, այլ նաեւ գազի սակագնի մոտ 40 տոկոս թանկացման դեմ բողոքող բնակչությանը: Սա նշանակում է, որ, ըստ էության, դատական պրոցես` որպես այդպիսին, չի լինելու: Կողմերը գրավոր կերպով ներկայացնելու են իրենց բացատրություններն ու հիմնավորումները, որոնք էլ ի մի բերելով` դատարանը վճիռ է կայացնելու:
Նշենք, որ ըստ Վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ գործերը դատարանը քննում է գրավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը, դատարանի գնահատմամբ, ունի հասարակական հնչեղություն: Իսկ հազարավոր քաղաքացիների կողմից ներկայացված հայցն արդեն իսկ ապացուցում է, որ այն հասարակական հնչեղություն ունի:
Երեկ հազարից ավելի քաղաքացիներ, ՀԱԿ ներկայացուցիչների հետ միասին, Վարչական դատարանի ընդունած որոշման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել: Մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից նրանք երթով գնացին մինչեւ Վարչական դատարան` փոխանցելու իրենց ուղերձը եւ պահանջելու, որպեսզի դատարանը փոխի իր որոշումը: Ուղերձում, որը բարձրաձայն կարդաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ասվում էր. «Գազի գնի ապօրինի եւ անհիմն բարձրացումը ծանր հարված է հասցրել Հայաստանի ամբողջ բնակչությանը` առաջացնելով գների շղթայական բարձրացում կյանքի եւ տնտեսության բոլոր բնագավառներում: Այն խեղդելու է առանց այդ էլ կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությունը: Մարտի 1-ից սկսվել են տասնյակ-հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի զանգվածային ցույցեր եւ երթեր, որոնց մասնակիցները պահանջում են չեղյալ համարել գազի գնի բարձրացման մասին պետական մարմինների որոշումը: Ավելին, 7230 ընտանիք ներկայացնող համահայցվորներ դիմել են գազի գնի բարձրացման որոշումն անհիմն եւ ապօրինի ճանաչելու եւ չեղյալ հայտարարելու պահանջով: Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ իրավական ակցիա է, ամենամեծ կոլեկտիվ հայցը, որ երբեւէ եղել է Հայաստանում: Այդ հայցը հայտնվել է Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ձեռք է բերել այնպիսի հասարակական հնչեղություն, որը նույնպես չունի իր նախադեպը: Վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն, այն գործերը, որոնք ձեռք են բերել հասարակական մեծ հնչեղություն, պետք է քննվեն բանավոր ընթացակարգով, սակայն Վարչական դատարանը, խախտելով օրենքը, որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով, ինչը թույլ է տալիս իշխող ռեժիմին առավելագույնս նվազեցնել հասարակության մասնակցությունը դատավարությանը: Երթի մասնակիցներս մեր վճռական բողոքն ենք հայտնում վարչական դատարանի այդ ապօրինի որոշման կապակցությամբ, պահանջում ենք անմիջապես վերանայել այն եւ կազմակերպել ամբողջ հասարակությանը հուզող հարցի հրապարակային դատաքննություն»: Այս ուղերձը փաստաբան Վահե Հովսեփյանը հանձնեց Վարչական դատարան, որից հետո, դիմելով ցույցի մասնակիցներին, Լ. Զուրաբյանն ասաց. «Եթե Վարչական դատարանը այնքան խուլ է, որ չի լսում, ու այնքան կույր է, որ չի տեսնում հարցի հասարակական հնչեղությունը, ուրեմն այդ հնչեղությունը մենք կբերենք իրենց դուռը: Բայց շատ շուտով մենք ունենալու ենք մի իշխանություն, որը ոչ կույր է լինելու, ոչ էլ` խուլ»:
Նշենք, որ հայցվորները դատարան էին դիմել` պահանջելով վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 որոշումներ: Առաջինը գազասպառողներին մատակարարվող գազի սակագնի վերանայման մասին որոշումն է, մյուս երկուսը վերաբերում են ներտնային գազի սպասարկման, գազի բաշխման սակագների վերանայմանն ու գազի փոխադրման սակագնի վերանայմանը: Հայցադիմումը վերջին երկուսի մասով վարույթ չի ընդունվել: Փաստաբան Վ. Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշման պատճենները որեւէ մեկը չի ստացել, հետեւապես դեռեւս հստակ չէ, թե ինչ հիմքերով այդ երկու հայցերը վարույթ չեն ընդունվել: Ըստ փաստաբանի, դատարանի կողմից օրենքին հակասող գործողություններից մեկն էլ հետեւյալն է. «Ապրիլի 15-ին Վճռաբեկ դատարանը տեղեկատվություն էր տրամադրել, որի մեջ նշված էր, որ Վարչական դատարանը հայցի մասին որոշումը ընդունել է ապրիլի 13-ին, այսինքն՝ իբրեւ թե օրենք չի խախտվել: Սակայն ինձ համար մի բան մութ է մնում: Կոնկրետ ամսի 14-ին, երբ հետաքրքրվում էինք պատասխանի վերաբերյալ, ասում էին, որ ոչ մի պատասխան չկա, եթե ընդունվել էր ամսի 13-ին, ո՞րն էր գաղտնի պահելու պատճառը: Ենթադրում եմ, որ Վարչական դատարանը ամսի 15-ին որոշում էր ընդունել հետին թվով` ամսի 13-ի ամսաթվով»:
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի թանկացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հիմնավորումները տնտեսագիտորեն կարելի է համարել անգրագիտություն: «Գազի գնի բարձրացումը կապում են այն բանի հետ, որ գազի ծավալների սպառումը 20 տոկոսով կրճատվել է: Շուկայական տնտեսության մեջ նման բան չի կարող լինել: Եթե սպառման ծավալը պակասում է, ուրեմն ինքը պետք է գինը իջեցնի, ոչ թե բարձրացնի: Հիմա 40 տոկոսով գինը բարձրացնելուց հետո գազի սպառման ծավալները չեն աճելու, հակառակն է տեղի ունենալու: Եթե վերջին մեկ ամսվա գազի սպառման ցուցանիշները վերցնեն եւ համեմատեն նախորդ տարվա հետ, ապա կտեսնեն, որ մարդիկ սկսել են ավելի քիչ գազ սպառել: Ընդհանրապես այս «ՀայՌուսգազարդ» կոչվածը շատ անարդյունավետ մենեջմենթ ունեցող համակարգ է եւ իր թերի ու բաց կողմերը փորձում է լրացնել մեր գրպանների հաշվին: Բացի այդ, այն գազը, որ իրենք տալիս են մեզ, մինչեւ 2 անգամ իր որակով զիջում է այն գազին, որը մենք պետք է օրինական ստանայինք: Մենք վճարում ենք թանկ ու ստանում ենք անորակ գազ: «ՀայՌուսգազարդի» կողմից գերշահույթ ստանալն այստեղ ակնհայտ է»,- ասաց նա: Իսկ թե ինչ ընթացք կստանա դատական հայցը, ապա, ըստ Վ. Խաչատրյանի` «Բռնապետական նման երկրում, ինչպիսին Հայաստանն է, ես չեմ հավատում արդարադատությանը, բայց այլ ճանապարհ չեմ տեսնում, քան նրանց դիմելը»: