«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան ուղեւորությունը, հանդիպումները եւ հատկապես ճառը, որն արտասանվել է Վուդրո Վիլսոնի շիրիմի մոտ` համարելով դրանք վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտում ծավալված գործընթացների ամփոփում, որը հիմնականում արտահայտում է հայաստանյան քաղաքական ուժերի դիրքորոշումները հայ-թուրքական երկխոսության զարգացման հեռանկարի վերաբերյալ: Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` ներկայացնելով իր կուսակցության 5 դիտարկումները` կապված վաշինգտոնյան այցի հետ: «Եթե այսուհետեւ էլ այս կուրսը շարունակվի, մենք ունենալու ենք էական հաջողություններ համայն հայության համախմբման տեսանկյունից»,- ասել է Սաֆարյանը: ԲՀԿ-ի երկրորդ դիտարկումն էլ այն է, որ տեղի ունեցածը Օբամայի վարչակարգի վարած հավակնոտ արտաքին քաղաքականության արդյունքն է, որի նպատակն է՝ «մեռյալ» կետից առաջ տեղաշարժել հայ-թուրքական երկխոսության խնդիրը: Ըստ երրորդ դիտարկման` հայ-թուրքական երկխոսության առաջխաղացումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի շահերից, այլ նաեւ այն ներդրում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար:«Պետք է ողջունել Թուրքիայի իշխանությունների պատասխանը, որ նրանք եւս մտադիր են շարունակելու երկխոսությունը Հայաստանի հետ, եւ վստահ եմ, որ այս երկխոսությունը պետք է շարունակվի»,- ասել է Ա. Սաֆարյանը: ԲՀԿ-ի չորրորդ դիտարկման համաձայն` հայ-թուրքական երկխոսությունը որպես ինքնուրույն քաղաքական երեւույթ՝ այնքան կարեւոր է, որ շփոթելը կամ խառնելը այլ գործընթացների հետ, մեկտեղելն այլ տարածաշրջանային կարեւոր խնդիրների հետ, էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Ա. Սաֆարյանը համոզված է, որ այս դեպքում հնարավորություն չի տալիս առաջ մղելու գործընթացներից եւ ոչ մեկը: «Հինգերորդ դիրքորոշումն էլ այն է, որ մենք համոզված ենք, որ հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի ոչ միայն քաղաքական մակարդակով, այլ նաեւ բոլոր հնարավոր այլ խողովակներով` հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների շփումներով»,- ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հարցի փոխկապակցման փորձերի մասին, Սաֆարյանն ասել է, թե հայ-թուրքական երկխոսությունը Ղարաբաղյան կարգավորման հետ մեկտեղելը, մեկ զամբյուղի մեջ քննարկելն անհեռանկարային է եւ չի բերելու ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հաջողությանը. «Վերջին երկու ամսվա ընթացքում տեղի ունեցած շփումները, հանդիպումները ցույց են տալիս, որ հայ-թուրքական երկխոսությունը, որպես ինքնուրույն քաղաքական գործընթաց, այնքան կարեւոր է եւ նշանակալից, որ այն մեկտեղելը այլ տարածաշրջանային գործընթացի հետ պարզապես էլ ավելի է բարդացնում իրավիճակը»: