Մենք՝ հայերս, բավականին ինքնատիպ ժողովուրդ ենք։ Աշխարհում քիչ երկրներ կգտնվեն, որտեղ եթե հասարակ կոշկակարին առաջարկեն նախարար աշխատել՝ առանց վարանելու կհամաձայնի։ Մեզանում մեծ մասը հենց այդպես էլ վարվում է, քանի որ Հայաստանում «նախարար» ասելով՝ միանգամից պատկերացնում են՝ ընդարձակ աշխատասենյակ, փափուկ բազկաթոռ, քարտուղարուհի, «պադավատ», անվճար այցեր աշխարհի տարբեր երկրներ ու ինչո՞ւ ոչ՝ մի քանի «մարշրուտնու գիծ» կամ այլ բիզնեսներ։
«Ոչ» պատասխանողներ էլ, իհարկե, կգտնվեն։ Ու տարբեր պատճառներ կբերեն՝ տարիքը, առողջությունը, «կեղտոտ խաղերին» չխառնվելու ցանկությունը եւ այլն։ Բայց հազարից մեկը որպես հիմնական պատճառ կնշի, որ իր մտավոր ունակությունները, գիտելիքները, փորձը չեն համապատասխանում նախարարական աստիճանին։ Գաղտնիք չէ, որ հայ մարդիկ «չեմ կարող» արտահայտությունը չեն սիրում օգտագործել։ Չեն սիրում նաեւ ընդունել սեփական սխալները, մանավանդ, երբ հայտնվում են իշխանության վերին օղակներում։ «Այս ճգնաժամը մեզ օգնեց հասկանալ ամենավատ բանը, հատկապես տնտեսական քաղաքականության մեջ։ Դա այն է, երբ որ քաղաքականություն իրականացնողները մեծամտանում են, համարում, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ այդպես էլ պետք է լինի»։ Համաձայնեք` ոսկի խոսքեր են։ Թե ո՞վ է այդ խոսքերի հեղինակը` քիչ հետո։ Խոսքերի հեղինակը շարունակել է իր միտքը՝ հիշեցնելով, որ ոչ վաղ անցյալում «The Financial Times»-ը ավտոարտադրող 10 ընկերությունների ղեկավարներին հարց էր ուղղել՝ որո՞նք են ձեզ հուզող այն 10 խնդիրները, որոնց համար գիշերը չեք քնում։ Բոլոր պատասխանների առաջին եռյակի մեջ եղել է հետեւյալ արտահայտությունը՝ «Վախը, որ իմ աշխատողները, կամ ես, կամ իմ ղեկավարությունը կարող է մեծամտանալ»։ Նշենք, որ խոսքերի հեղինակը տվյալ դեպքում նկատի ունի նաեւ սխալները չընդունելն ու այլոց խորհուրդները չլսելը։ Ամեն ինչ շատ ճիշտ է։ Կարծես ասված լինի հայ իրականության մասին։ 2009 թվականին Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ամենաշատը տուժեց ճգնաժամից, բայց՝ ոչ ոք չի ընդունում իր սխալը։ Երբ ասում են՝ նախկինից ժառանգած տնտեսական կառուցվածքն է պատճառը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է՝ հիշեցնելով, որ իր օրոք տնտեսությունը երկնիշ թվերով էր աճում, պետական պարտքն էլ շատ քիչ էր։ Իսկ երբ ասում են, որ այսօր ըստ էության ոչինչ չի արվում տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար՝ պարզվում է՝ մեղավոր են բոլորը՝ հասարակությունը, համաշխարհային ճգնաժամը, անգամ՝ եղանակը, իհարկե՝ բացի քաղաքականություն իրականացնողներից։ Կառավարությունը իր հակաճգնաժամային քաղաքականությունը համարում է հաջողված, միլիարդավոր վարկային միջոցների ներգրավումը ներկայացնում է որպես հերոսություն, ու ամեն օր խոսվում է օլիգոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի, նորմալ տնտեսական միջավայր ձեւավորելու պատրաստակամության մասին։ Բայց զարմանալիորեն, որքան շատ են խոսում, փոքր ու միջին ձեռներեցներն այնքան ավելի շատ են սկսում բողոքել։ Բողոքում են անձամբ վարչապետին։ «Եվ մեզ ի՞նչ են բողոքում Ալավերդիում հանդիպման ժամանակ. որ բազմաթիվ ստուգող մարմիններ, այնուամենայնիվ, չնայած մեր բոլոր խոստումներին` իրար հետեւից մտնում են, ստուգում են, ընդ որում` նաեւ փոքր ձեռնարկություններ։ Հասկանալի չէ։ Մենք պետք է պարզենք նաեւ` խոսքը, պարոն Երիցյան, Ձեր գերատեսչության մասին է, որովհետեւ մեզ բողոքում էին Ալավերդիում, որ խախտելով վարչապետի հանձնարարականը 2009 թվականին` ստուգումներ են իրականացվել փոքր ձեռնարկություններում։ Մենք ցանկը կտրամադրենք Ձեզ, պարզեք»,- կառավարության անցած նիստում ասել է Տիգրան Սարգսյանը։ Նույն նիստում վարչապետը քննադատել է նաեւ Պետեկամուտների կոմիտեին եւ Ֆինանսների նախարարությանը, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում խիստ անհամաչափություն է նկատվել՝ ի վնաս փոքր ու միջին բիզնեսի։ Վարչապետին զայրացրել էր այն, որ հարկային մարմինների կողմից կատարված հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով։ Ընդ որում, խոշոր հարկատուների մոտ ստուգումների քանակն ավելացել է 30 տոկոսով, մինչեւ 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ՝ 250 տոկոսով։ Այսինքն՝ «հարկային մամլիչի» տակ, ինչպես եւ սպասվում էր, կրկին հայտնվել է փոքր ու միջին բիզնեսը։
Մամուլն անմիջապես սկսեց գրել այն մասին, որ Տիգրան Սարգսյանն ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը անձնական հաշիվներ են պարզում, կամ, որ Տիգրան Սարգսյանը ցանկանում է վերջապես ցույց տալ, որ ինքը ռեալ իշխանություն ունի։ Ընդ որում՝ այս տեսակետի հեղինակները, որպես հիմնավորում, հռետորական հարց են առաջ քաշում՝ մի՞թե վարչապետը միայն երեկ իմացավ, որ փոքր ու միջին բիզնեսը առավել շատ է ենթարկվում հարկային ստուգումների, կամ մի՞թե նրան մինչ օրս հայտնի չէր, որ Հայաստանում խոշոր բիզնեսի հարկերի չափը որոշվել եւ որոշվում է ոչ թե Հարկայինում, այլ՝ ավելի վերեւներում։ Կամ մի՞թե իր խոսքերը չեն, որ օլիոգոպոլիաների դեմ պայքարը չի նշանակում օլիգարխների դեմ պայքար։ Այն, որ հինգշաբթի օրվա կառավարության նիստը նաեւ PR-ի որոշակի տարրեր էր պարունակում, ակնհայտ էր անգամ կառավարության պաշտոնական կայքէջից։ Սովորաբար կառավարության նիստից հետո այնտեղ տրվում է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ մեջբերվում է վարչապետի խոսքից մի հատված եւ ընդունված որոշումների մասին տեղեկատվություն։ Ապրիլի 15-ին, սակայն, պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնում էր միայն Տիգրան Սարգսյանի ներածական խոսքն ամբողջությամբ, եւ ուրիշ ոչինչ։
Վերը շարադրվածից կարելի է անել ընդամենը 2 եզրակացություն։ Առաջին՝ տնտեսական միջավայրը, հակառակ գեղեցիկ ելույթների, գնալով ավելի է խաթարվում։ Եվ երկրորդ՝ կառավարությունում հավաքվել են մարդիկ, ովքեր ամեն ինչ խառնել են իրար եւ այժմ ձգտում են մեղքը գցել մեկը մյուսի վրա։
Բանն այն է, որ եկել է մի պահ, երբ ժողովրդական լեզվով ասած` «կռուտիտ լինելը» ահագին դժվարացել է։ Ճգնաժամը, ասում են, վերջացել է՝ մտել ենք վերականգնման փուլ, այնպես որ, բոլոր բացթողումները ճգնաժամի վրա բարդել այլեւս չի լինի։ Ընդ որում, այս առումով ամենաաննախանձելին պետք է լիներ էկոնոմիկայի նախարարի վիճակը, քանի որ հենց նա էր խոսում ճգնաժամը պատվով հաղթահարելու մասին։ Վերը նշված «ոսկի խոսքերի» հեղինակը նույնպես Էկոնոմիկայի նախարարն է, ով բացահայտ անուշադրության է մատնում, ասենք, Հրանտ Բագրատյանի կամ մյուս տնտեսագետների առաջարկած դեղատոմսերը՝ կենտրոնանալով միայն տիեզերական, դժվար արտասանվող վերնագրերով ծրագրերի վրա։ Սակայն նրան այս պատմության մեջ երկրորդական, «էպիզոդիկ» դեր էր վստահված։ Գլխավոր դերում չէր նաեւ Ֆինանսների նախարարը, որի դեմ վարչապետը կոչ էր անում ուղղել քննադատության սլաքը։ Գլխավոր գործող անձինք վարչապետն ու Պետական եկամուտների կոմիտեն էին։ Այն պարզ պատճառով, որ մեր տնտեսական քաղաքականություն ասվածն այսօր նույնանում է բյուջեն լցնելու հետ։ Բյուջեն լցնելու պարտականությունը դրված է հիմնականում Պետական եկամուտների կոմիտեի վրա: «Հայկական աշխարհը» այսօր տնտեսական դաշտում պարծենալու ոչ մի բան չունի (արտադրություն չկա, եւ այլն), բացի բյուջետային մուտքերի գերակատարումից, որի շնորհիվ ժամանակին վճարվում են թոշակներն ու նպաստները։ Իսկ եթե պետական քաղաքականության առաջնահերթությունը առավելագույն չափով փող հավաքելն է՝ ինչպես հարկերի, այնպես էլ, ասենք, «ռեմենի ակտերի», տույժ ու տուգանքների, պատժիչ միջոցների հաշվին, ապա արդարանալու համար «թուքումուրը» պետք չէ ուղղորդել կատարողների՝ փող հավաքողների վրա։ Ոչ Հարկայինում են սրբեր աշխատում, ոչ Ճանապարհային ոստիկանությունում, բայց պետք չէ մոռանալ, որ նրանք դրախտային համակարգում եւ հրեշտակների ցուցումներով չեն գործում։