Օրինաչափ է, բայց ոչ արդյունավետ

17/04/2010

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու` Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 13-ի որոշումը տվյալ դեպքում օրինաչափ է, սակայն սպասվող արդյունքը «մեծ լինել չի կարող»: «Շատ ցածր է լինելու սրա արդյունավետությունը: Ընդհանրապես տոկոսադրույքների քաղաքականության դերը մեր տնտեսության մեջ բավականին ցածր է»,- ասել է նա: Հայաստանում արձանագրվող ներկայիս գնաճը, Բ. Ասատրյանի մեկնաբանությամբ, տնտեսության շուկայական օրինաչափություններին այնքան էլ չի առնչվում: Ըստ նրա, այս պարագայում առկա են համաշխարհային տնտեսությամբ պայմանավորված գնաճային ճնշումներ: Առավել էական գործոնը, սակայն, նրա խոսքով, Հայաստանում գնաճի պատճառ դարձած զուտ վարչական, այլ ոչ թե շուկայով պայմանավորված քայլերն են: Օրինակ` գազի թանկացումը: «Գազի գնի թանկացումը դա զուտ վարչական վճիռ է: Այստեղ ոչ շուկայական մեխանիզմն է աշխատում: Սրա դեմը Կենտրոնական բանկը փորձում է առնել մոնետար գործոնով: Պարզ է, որ սրա ազդեցությունը լինելու է ցածր»,- ասել է նա: Անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսը խթանելու մասին խնդրին, Բ. Ասատրյանն ասել է, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքով խթանումը Հայաստանի պարագայում առանձնապես դեր չունի: «Միշտ առաջին տուժողը բոլոր դեպքերում եղել է փոքր ու միջին բիզնեսը` առանց սրա էլ լավ տուժած: Տեղ չի մնացել, որ այս տոկոսը ազդիգ Իսկ եթե ուզում են փոքր բիզնես զարգացնեն, բոլորն էլ գիտեն, որ այդտեղից չեն սկսելու: Երկիրը մենաշնորհների ձեռքում է, մի բուռ մարդկանց ձեռքում է, որոնք, իհարկե, թշնամի են փոքր բիզնեսին»,- ասել է ԿԲ նախկին նախագահը՝ հավելելով, թե այդ խնդիրը քաղաքական լուծում է պահանջում:

Իսկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն արդարացված է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը: Երեկվա ասուլիսում նա ասել է, թե տնտեսական ակտիվությունը կասեցնելու առումով, այն առանձնապես մեծ ռիսկեր չի առաջացնի: