Փողերը քամուն տալու «մտահղացում»

17/04/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ապրիլի 12-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեւանի ավագանու խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ Երեւանում արդեն ներդրվել ու անգամ Նորք-Մարաշ համայնքում տեղադրվել են արեւային էներգիայով աշխատող լուսատուներ:

Լուսատուների ներդրման նպատակը մեկն է` կրճատել քաղաքի լուսավորության համար վճարվող գումարները: «Մենք գումարներ ենք դնում բյուջեից, լուսավորում ամբողջ քաղաքը, ինչը երեւանցու այսօրվա պահանջն է, բայց զուգահեռ աճում էին լուսավորության վճարները: Մեկ տարվա ընթացքում մոտ 250 միլիոն դրամի չափով լուսավորության գումարները ավելացել են: Այդ պատճառով մենք մի քանի մոտեցում ենք մտածել: Առաջինը՝ մենք փորձելու ենք 12-ից հետո քաղաքը չլուսավորել այնպես, ինչպես մինչեւ այդ ժամն ենք լուսավորում: Քաղաքը կլինի լուսավոր, բայց կաշխատի ամեն 3-րդ լուսատուն: Այդպիսով` մենք բավականին շատ տնտեսում կունենանք»,- նշել էր քաղաքապետը: Առաջին հայացքից այս ինֆորմացիան մարդկանց ոչինչ չի ասում, մտածում են` խնայողություն են անում: Այս խոսքերը, սակայն, մասնագետների մոտ զարմանք են միայն առաջացնում: Նույնիսկ Իսրայելի պես երկրում, որտեղ արեւային էլեկտրակայան է տեղադրվել, մինչ օրս դրա արդյունավետության մասին միանշանակ կարծիք չկա, քանի որ այն դեռեւս փորձարկման փուլում է: Իսկ մեզ մոտ ընդամենը 1 ամսվա ընթացքում տեսե՞լ են արդյունքը: «Արդեն մեկ ամիս է՝ դա իրականացնում ենք, եւ ակնհայտ է մեր տնտեսումը»,- Երեւանի ավագանու խորհրդի անդամներին վստահեցրել էր Երեւանի քաղաքապետը: Մեկ տարի առաջ արեւային էներգիայով աշխատող լուսատուների ներդրման փորձ էր արվել նաեւ Մոսկվայում: «Հատկապես շատ ծախսատար են լուսատուների մարտկոցները, որոնք, կախված արտադրության որակից, ծառայում են առավելագույնը 10-12 տարի»,- խոսելով դրանց արդյունավետության մասին՝ ասել էին ռուս ինժեներները:

Ի՞նչ արժե այս թանկ եւ կարճատեւ հաճույքը

«Ընդհանրապես արեւային էներգիայով հիմնականում զբաղվում են հարուստ երկրները, ինչպիսիք են` Իսպանիան, Իսրայելը եւ այլն: Այդ լուսատուների մարտկոցների արդյունավետությունը մի քանի տոկոս է կազմում, կարելի է ասել` չնչին է: Դա բավական ծախսատար ու թանկ հաճույք է: Ամեն դեպքում, եթե նույնիսկ Դուք հարուստ մարդ եք եւ ուզում եք էլեկտրաէներգիան խնայել, ինչպե՞ս կարող եք Ձեզ այդպիսի շքեղություն թույլ տալ»,- Երեւանի քաղաքապետի «մտահոգության» մասին իր զարմանքը հայտնեց ֆիզիկոս Հրաչյա Բաբուջյանը: Վերջինս զարմացած էր Երեւանի գիշերային լուսավորության համար ծախսված գումարի չափից: «Մենք այդքան շա՞տ լույս ենք վառում փողոցներում»,- հավելեց Հ. Բաբուջյանը: «Ամեն ինչ կախված է էներգիայի քանակից: Այսօր ամբողջ աշխարհում էներգիայի մեծ պահանջ կա, ավելին` արեւային էներգիան մարդկության ապագան է: Այլ հարց է, եթե այդ լուսատուները վատորակ են, ունեն թույլ հզորություն: Ամեն դեպքում դա այդքան էլ թանկ հաճույք չէ: Լուսատուն առանձին վերցրած շատ ավելի մատչելի է: Այստեղ կան ավելի թանկ կոմպոնենտներ` մարտկոցն է, կուտակիչ լուսափոխակերպիչը»,- ընդգծեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Հելիոտեխնիկա» լաբորատորիայի ավագ գիտաշխատող Երեմիա Ենգիբարյանը: Այն հարցին, թե արդյոք թանկ չե՞ն նման լուսատուները, ավագ գիտաշխատողը պատասխանեց, որ գիտության մեջ թանկ-էժան արտահայտություններ չկան: «Պետք է դա դիտել հարաբերության մեջ: Օրինակ, ինչի՞ համեմատ է այն թանկ` ծխախոտի՞, հացի՞, «Մերսեդես բենցի՞», թե՞ սովորական էլեկտրական հոսանքի: Այդ դեպքում, իհարկե, թանկ է: Այն, ինչ նոր է ստեղծվում, դեռեւս թանկ գին ունի, որից հետո աստիճանաբար գինն էժանանում է: Դա բնական է: Ես իսկապես տեղյակ չեմ լուսատուների գներից: Կարող եմ միայն ասել լուսափոխակերպիչի գինը, որը Չինաստանում սկսում է 2,5 դոլարից, այսինքն` 1Վտ-ն արժե 2,5 դոլար: Փողոցային լուսավորության LED-երով ասած` 60Վտ-ի նույն հզորությամբ կարելի է տեղադրել 6 մետր բարձրությամբ: Դրանք կունենան նույն էֆեկտը, ինչ փողոցային լամպերը»,- շարունակեց Երեմիա Ենգիբարյանը, ով խրախուսում էր արեւային էներգիայով նման լուսատուների ներդնումը Երեւանում: Իհարկե, քիչ անց «Հելիոտեխնիկա» լաբորատորիայի ավագ գիտաշխատողը նաեւ նկատեց, որ այդ լուսատուների միակ թերությունը մարտկոցներն են, որոնք նվազագույնը 5-6 տարին մեկ պետք է փոխել: «Այս համակարգի թույլ օղակը մարտկոցներն են: Դրանք շատ զգայուն են: Մնացած օղակների կյանքի տեւողությունը շատ ավելի երկար է` 30-40 տարի: Բայց ամեն դեպքում գիտական ամեն նորամուծություն էլ պետք է օգտագործվի»,- եզրափակեց Ե. Ենգիբարյանը: Մինչդեռ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար աշխատակից Արեգ Միքայելյանի կարծիքով` ավելի արդյունավետ կլիներ ոչ թե նման լուսատուների ներդրումը, այլ, օրինակ, քաղաքի երթեւեկության կարգավորումը: «Տվյալ պարագայում տեղին է օգտագործել ավելորդ, այսինքն` ազատ (դա նշում եմ դրական իմաստով) գումարների մասին, որոնք պետք է լուրջ ոլորտների մեջ ներդնել: Այդ իմաստով եթե քաղաքապետարանը միջոցներ ուներ, թող նպաստեր քաղաքի սոցիալական խնդիրների լուծմանը: Դրանց համար մեծ գումարներ հարկավոր չեն: Այնքան գումարներ, որ ծախսեցին ստորգետնյա անցումների շինարարության վրա, ես դա համարում եմ անխելքություն, բացառությամբ դեպի Կոմիտաս տանող նոր ճանապարհը: Արդյունքում մենք էական բան չստացանք, միայն գումարներ ծախսեցինք: Փաստորեն, մենք միայն մեծ ներդրումներն ենք անում, որ հետագայում մի փոքր խնայողություն ունենանք»,- նշեց Ա. Միքայելյանը: «Մենք տեխնիկայի ստեղծման ու իրագործման սկզբնական փուլում ենք: Խնդիրը պետք է դիտարկել երկու կողմից: Պոտենցիալ տեսակետից դա մի լուծում է, որ ամբողջ մարդկությունը ստանա այլընտրանքային էներգիա եւ շատ ավելի քիչ ծախսերով: Մարդկությունը արեգակնային էներգիայի 0,02 տոկոսն է օգտագործում: Իսկ պրակտիկ տեսանկյունից մենք միգուցե ուզում ենք ցույց տալ, որ մենք էլ որեւէ բանով ետ չենք մնում ու կարող ենք մեզ թույլ տալ թանկ տեխնոլոգիաներ գնելու: Իրականում այդ լուսատուների տված էներգիան իր արժեքը չի փոխհատուցի»,- ասաց Արեգ Միքայելյանը՝ իրավիճակը լավագույնս բնութագրելու համար բերելով մի օրինակ, երբ մինչ գազի գնի թանկացումները մարդիկ մեծ ծախսեր արեցին գազի սարքերը տեղադրելու համար: Մինչդեռ այսօր գազը արդեն քիչ է զիջում էլեկտրաէներգիային: Այս մասին կարծիք հարցնելու նպատակով դիմեցինք նաեւ արտասահմանում ապրող հայ ֆիզիկոսներից մեկին: Լսելով Երեւանի քաղաքապետի այս «նորամուծության» մասին, այսպես արձագանքեց. «Դա խայտառակություն է, եւ պետք է շուտ կանխել այդ փորձերը: Դա պարզապես փողերի լվացում է: Նախեւառաջ այդպիսի համակարգ ունենալը ենթադրում է մեծ ծախսեր՝ լուսատուների ինստալյացիան ու սպասարկումը շատ թանկ են, եւ միանշանակ ոչ էֆեկտիվ են: Ինչ խոսք, աշխարհի տարբեր երկրներում, որոշ քաղաքներում տեղ-տեղ տեղադրված են, բայց զուտ որպես էկզոտիկա, որովհետեւ դրանք արդյունավետ չեն, եւ արդարացված չէ դրանց տեղադրումը: Ինչո՞ւ չեն մտածում, թե օրինակ` Արաբական Էմիրությունների պես երկիրը չի տեղադրում այդպիսի լուսատու-սարքեր: Արաբական Էմիրություններում Հայաստանից պակաս խելոք մարդիկ չկան` ավելի հարուստ երկիր է, ավելի խելացի մարդիկ կան, եւ ամենակարեւորը` արեւ այնտեղ ավելի շատ կա, այսինքն` արեգակնային էներգիայի քանակն այդ երկրում տասնյակ անգամներ ավելի շատ է, քան Հայաստանում: Ինչո՞ւ չեն տեղադրում նման լուսատուներ, նման համակարգեր: Շատ պարզ պատճառով. որովհետեւ օգտակարության գործակիցը շատ ցածր է: Ամերիկայի պես երկրները իրենց պետական բյուջեից նման նախագծերի համար որոշակի գումարներ հատկացնում են միայն այն պատճառով, որպեսզի խրախուսեն գիտությանը, նման տեխնոլոգիաների զարգացումը: Իսկ եթե Երեւան քաղաքի ղեկավարները իսկապես ուզում են էլեկտրաէներգիա խնայել, ապա աշխարհում տարբեր երկրներ արդեն կիրառել են` կան դեղին լամպեր, որոնք կախված որակից` կարող են ութ անգամ կրճատել ծախսերը եւ արդյունավետ լինել: Ավելին, այդ լամպերի կյանքի տեւողությունը շատ ավելի երկար է: Քաղաքներ կան, որոնք նոր օրենք մշակեցին` քաղաքային լուսավորության եղած լամպերը դեղին-խնայող լամպերով փոխարինելու, նույնիսկ սյուների գլխամասային կառուցվածքը փոքր-ինչ փոփոխեցին: Այնպես որ, դա պարզապես անգրագիտության արդյունք է, կարող էիք նույնիսկ իմ կարծիքը չհարցնել, պարզապես ինտերնետում կարդալ այս ամենի մասին: Դա պարզապես փողերի լվացում է, անիմաստ վատնում»: Ի դեպ, երեկ մենք կապվեցինք նաեւ «Երքաղլույս» ընկերության տնօրեն Սամվել Գաբրիելյանի հետ` ճշտելու, թե որտեղից են ձեռք բերվել այդ լուսատուները. «Տեղական եւ չինական արտադրության լուսատուներ են: Նաեւ տեղադրել ենք լուսադիոդային լուսատուներ, որոնք ավելի քիչ հոսանք են ծախսում»:

Արեւային լուսատուների արդյունավետության մասին մեր պես երկրում խոսելը պարզապես անհեթեթություն է, քանի որ միայն դրանց լամպերի գինը սկսում է 3,85Վտ-ից, այսինքն` 60Վտ լուսավորություն ապահովելու համար դժվար չէ դա հաշվարկել` հաշվի չառնելով նաեւ մնացած բաղադրիչները: Իսկ հետաքրքիր է` քանի արեւային լուսատու պետք է տեղադրվի Երեւանում, որպեսզի քաղաքապետարանը կարողանա խնայել իր գումարները, իսկ ավելի ճիշտ` որքա՞ն արժե այս «շռայլությունը»: Եվ առհասարակ հարց է ծագում, եթե այս «մտքի փայլատակությանը» ընթացք տրվի, ու՞մ կամ ո՞ր ընկերությանն է տրվելու այդ լուսատուների ներկրման բիզնեսը…