ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը, որով նախաքննությունը ապրիլի 15-ից շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում: Վ.Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ գործով նշանակվել եւ 2010թ. ապրիլի 15-ին անցկացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որին քննիչի թույլտվությամբ ներկա է գտնվել Վ. Խալաֆյանի ազգականը: Նշանակվել են դատահետքաբանական, մատնադրոշմային եւ մի քանի այլ փորձաքննություններ: Գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում` ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: