Վերջին հանգրվանը խմբագրում է մահը

17/04/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մշակույթի եւ հատկապես քաղաքական գործիչների անժամանակ, հանկարծակի մահը հնարավորություն չի տալիս անմիջապես գնահատել նրա ապրած կյանքը: Դա անմիջապես անելը նաեւ էթիկայի կանոնների խախտում է` տեղում գնահատել նրա դերը մեր երկրի կյանքում եւ ըստ այդմ որոշել` որտեղ պետք է հանգչի նրա մարմինը: Մեղավորության անհասկանալի զգացումը հասարակությանը ստիպում է զգացմունքային որոշումներ կայացնել: Եվ ստացվում է այնպես, որ տվյալ անհատի դերը պատմության մեջ որոշում է այն գերեզմանատունը, ուր հողին է հանձնվում աճյունը: Մեր երկրում այդպես է: Կոմիտասի անվան պանթեոնն է համարվում մշակութային կամ քաղաքական գործչի երկրային կյանքի գնահատման վերջին փուլը: Կոմիտասի ներկայությունը Պանթեոնում արդեն միանգամից բարձրացնում է հանգուցյալի կշիռը Հայաստանի մշակութային կամ քաղաքական կյանքում:

Մահացածի հեղինակությունը որոշվում է նրա անունը կրող շինությունների, դպրոցների, փողոցների քանակով: Քաղաքավարությունը, բարեկրթությունը կամ քաղաքական նպատակահարմարությունը թույլ չեն տալիս գործչի հարազատներին, կուսակիցներին անգամ ակնարկել` հանգուցյալը գուցեեւ արժանավոր մարդ էր, սակայն նրան համարել պետական աննկուն գործիչ, ում անունը պետք է կրեն դպրոցներ, ում մասին նրա ծննդյան եւ մահվան օրերին պետք է հաղորդումներ, միջոցառումներ կազմակերպվեն, էստրադային երգիչները պետք է երգեր հյուսեն նրանց մասին, անլրջացնում է հիշատակը: Հետաքրքիր չեն նաեւ պետական գործչի քրոջ, հարեւանի հիշողությունները` նրա մասին: Պատմությունը եւ ժամանակն են հեղինակավոր դատավորները: Եվ միայն:

Կյանքի եւ մահվան մասին մտորումների առիթ, այս դեպքում` պատճառ, դարձան հրապարակային քննարկումները` որտե՞ղ պետք է ամփոփել Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ աճյունները: «Հավակնորդների» ցանկում էր Վարշավայի սուրբ Յանի տաճարը, ուր թաղված է նաեւ Լեհաստանի առաջին նախագահը` Գաբրիել Նարուտովիչը: Սակայն, ըստ լեհական մամուլի, տվյալ դեպքում դա կնշանակի, որ նախագահ Կաչինսկուն գնահատում են նրա հոգեւոր արժանիքների համար եւ ոչ թե պետության առաջ ունեցած մեծ ծառայությունների: Այս տարբերակը քննություն չբռնեց: Մյուսը Վարշավայում գտնվող «Պովոնզկի» գերեզմանատունն է, ուր եւս ամփոփված են պետական, ռազմական առաջնակարգ գործիչների աճյունները: Սակայն հանգուցյալ նախագահի հարազատները եւ կուսակիցները պնդում են Կրակովի` Լեհաստանի հնագույն մայրաքաղաքի Վավելի գերեզմանատան տարբերակը. սա լեհ թագավորների, սրբերի ու հռչակավոր լեհերի գերեզմանատունն է: Ըստ «Իզվեստիայի»` վերջին 200 տարում այդ գերեզմանում թաղվել է միայն վեց հոգի: Եվ եթե նախագահ Կաչինսկու մարմինն ամփոփվի այդ գերեզմանատանը, նա, այդպիսով, կդասվի Լեհաստանի պատմության առաջին դեմքերի շարքին:

Լեհաստանի մտավորականությունը, անգամ աշխարհահռչակ կինոռեժիսոր Անջեյ Վայդան, բազմաթիվ լեհեր դիմում են գրել` խնդրելով վերանայել որոշումը: Սակայն վերջիններիս Վավելի գերեզմանատան կողմնակիցները մեղադրում են հայրենասիրության պակասի, երկերեսանիության, զոհվածների հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի եւ հասարակությունը պառակտելու մեջ: Գուցե համեմատությունը տեղին չէ, սակայն ճիշտ այդպես մեր հոգեւորականներն են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չքանդելու խնդրանքով իրենց դիմած մտավորականներին համարում անաստված, երկերեսանի: Տեր եւ տիկին Կաչինսկիների աճյունները կհանգչեն Կրակովում. այդ մասին արդեն ծանուցվել են աշխարհի առաջին դեմքերը:

Սակայն հուղարկավորության հետ կապված միակ խոչընդոտը, պարզվում է, գերեզմանատան ընտրությունը չէ: Լեխ Կաչինսկու` կիրակի օրը նշված հուղարկավորությունը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով: Իսլանդիայի հարավում հրաբխի ակտիվացման հետեւանքով մթնոլորտ է արտանետվել հսկայական քանակության մոխիր, որը Եվրոպայով շարժվում է Ռուսաստան: Եվ եթե օդային տարածքում իրավիճակը չփոխվի, եւ աշխարհի առաջին դեմքերը չկարողանան ժամանել Կրակով, թաղման արարողությունը նախատեսված օրը տեղի չի ունենա:

Թաղման ծիսակարգը, մարդկային հոգեբանության առանձնահատկությունները, որ այդքան գնահատում են ողջերը, հանգուցյալի համար այնքան նվաստացուցիչ են: Մարդուն այն աշխարհ ճանապարհելուց առաջ հանգուցյալը դեռ պետք է սպասարկի իր հարազատների, կուսակիցների հետաքրքրություններին: Եվ եթե թաղման արարողությունը ներկայացուցչական չլինի` մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով, եւ եթե Բարաք Օբաման, Անգելա Մերկելը, Նիլոլա Սարկոզին, Դմիտրի Մեդվեդեւը չկարողանան կիրակի ներկա լինել Կրակովում, թաղման արարողությունը կհետաձգվի:

Քաղաքականությունը քաղաքականություն է, եւ երկրի ղեկավարը, եթե նա մահացել է եւ այլեւս որոշումներ ընդունելու ի վիճակի չէ, այս ողջ պատմության մեջ մնում է ինչ-որ տասներորդ պլանում: Մահվանից երրորդ օրը հողին հանձնելու քրիստոնեական ավանդույթը նման դեպքերում չի գործում: Քաղաքական նպատակահարմարությունը, հանգուցյալի` դեռեւս չվիճարկված հեղինակությունից հնարավոր օգուտները քամելը ողջերի համար դառնում է առաջնային:

Լեհաստանի նախագահի թաղման արարողության հետ կապված այս մանրամասները, թվում է, Հայաստանի հետ անմիջական կապ չունեն: Ուղղակի իմաստով` գուցե, սակայն, պարզվում է, մարդկային հոգեբանությունը, ըստ էության, ունիվերսալ է: Անգամ եվրոպական մշակույթի կենտրոններից մեկում` Լեհաստանում: Այստեղ եւս թաղման ծեսի ժամանակ հանգուցյալին վերապահված է խաղալ ամենաանկարեւոր եւ էպիզոդիկ դերը: