Ցնցելու են

17/04/2010

«Միլանո» խանութի գործով փաստաբան Հայկ Ալումյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են առաջիկայում բողոք ներկայացնել Եվրադատարան, քանի որ, ըստ նրա` ժողովրդավարական ոչ մի պետությունում նման բարբարոս մեթոդներով վտարման գործընթաց տեղի չի ունենում: Հիշեցնենք, որ Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանոյի» տարածքը «հասարակության եւ պետության կարիքների համար» վերցվել է սեփականատիրոջից` Հովհաննես Ղուկասյանից: «Համոզված եմ` մենք հերթական անգամ Եվրադատարանից ստանալու ենք վճիռ, որով ոմն մեկի տնտեսական շահերի համար պատասխանատվություն է կրելու պետբյուջեն: Էլ չեմ խոսում պետության վարկանիշի մասին: Շատ երկրների դեմ է Եվրադատարանը վճիռ կայացնում, սակայն վճիռ էլ կա, վճիռ էլ: Եվրոպական դատարանում ցնցվելու են այս գործից, երբ տեսնեն, որ աշխարհում դեռեւս նման պետություն կա, որտեղ նման բաներ են տեղի ունենում»,- ասել է Ալումյանը: Ըստ նրա` ամբողջ գործընթացն իրականացվել է օրենսդրական նորմերի կոպիտ խախտումներով: «Այս մարդկանց հետ պայմանագիր չեն կնքել, գումար չեն տվել, բայց վտարել են: Ես չգիտեմ` էդ ինչ շահեր են այստեղ ի հայտ եկել, որ այդ աստիճան բարբարոսական վերաբերմունք է ցուցաբերվել եւ արհամարհվել է օրենքը»,- ասել է Ալումյանը` հավելելով, թե ԴԱՀԿ-ն վտարման գործընթացը վերածել է բարբարոսական հարձակման, որի տեսանյութերը կան: «Այն, ինչ տեղի ունեցավ վտարման ընթացքում, աննկարագրելի է: Եթե այդ մարդիկ չներկայանային որպես ԴԱՀԿ աշխատակից, ոչ ոք չէր կարող դա գուշակել: Թվում էր, թե ինչ-որ ավազակային հարձակում է կատարվում»,- ընդգծել է փաստաբանը: Ի դեպ, «Միլանոյի» սեփականատիրոջ ունեցվածքը գնահատել են ընդամենը 207 մլն դրամ` 1 քմ-ն հաշվելով 5000 դոլար: Այնինչ, ըստ փաստաբանի, պետք է գումարի կրկնակին հատուցվեր. «Ես չգիտեմ, թե ով այդ ՍՊԸ-ում ինչ շահեր ունի, որ դատարաններն այդ ընկերությանը նվիրում են «Միլանո» խանութի գույքի 70 տոկոսը: Դեռ պայմանագիրը չկնքած` կատարողական վարույթը կարճել են, ինչը խախտում է համարվում: ԴԱՀԿ գերնպատակը Ղուկասյանին իր ընտանիքով այդտեղից վտարելն էր»,- ասել է փաստաբանը: Նշենք, որ դատարանի վճռով նախատեսված է փոխհատուցում տալ միայն խանութի առաջին հարկի համար, այնինչ կա նաեւ երկրորդ հարկ, որը Հ. Ղուկասյանն օրինական կերպով գնել է պետությունից: Այս առնչությամբ էլ փաստաբան Ալումյանն ասել է. «Միայն վառ երեւակայություն ունեցողը կարող է երկու հարկերը մեկ հարկ համարել»: