Պետության համար անարժեք կյանք

17/04/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ամեն օրվա լուսաբացին արեւն ու Ռաֆիկը հանդիպում են: Արեւի հետ առճակատումը Ռաֆիկի համար որքան հաճելի ու սպասված է, նույնքան էլ` ցավոտ ու տագնապ առաջացնող է: Ամեն օրվա լուսաբացին Ռաֆիկն արեւին դիմավորում է վերջին անգամ տեսնելու տագնապով: Դրա համար էլ` գարնան հետ շփվելու վերջին հույսերը ստիպում են ամբողջ գիշեր բաց աչքերով լուսացնել: «Ամեն օր քնից արթնանում եմ, տեսնում եմ` նայում է լույսին ու հեկեկալով լաց է լինում»,- ասում է նրա կինը` տիկին Շուշանիկն, ում աչքերից արցունքներն այնպես են պայթում, որ նա «ցատկում» է խոհանոց` ամուսնուց թաքուն լաց լինելու: Հետո, երբ վերադառնում է` Շուշանիկի ու Ռաֆիկի մեջտեղում առեղծվածային լռությունն է հայտնվում: Լռությունն ու տիկին Շուշանիկի աչքերն ինչ-որ գաղտնիք են թաքցնում: Հարցնում եմ` «Ի՞նչ հիվանդություն է»: Տիկին Շուշանիկն անհանգիստ շարժումներով հասկացնում է, որ ամուսնու ներկայությամբ չի կարող խոսել: «Ստից» հազալով ասում է` «Դե՛, թոքերն ա էլի, մրսացրել ա, մի թոքը բորբոքված ագ»: Հաստ ծածկոցներով հյուծված մարմինը թաքցրած Ռաֆիկն անշտապ պառկում է բազմոցին, որից էնքան է հոգնել, որ համարում է իր թիվ մեկ թշնամին: Տիկին Շուշանիկն իր մեջ «պահած» գաղտնիքը զսպելու համար սուտը ստի ետեւից կպցնում ու ինչ-որ նախադասություններ է հորինում: Ռաֆիկը նյարդայնացած հառաչում է` հասկացնելու համար, որ գիտիգ գիտի, բայց չի խոսում, որովհետեւ վախենում է: Վախենում է ինքն իրեն ասել, որ առաջիկա լուսաբացներից մեկի ժամանակ դիմավորելու է ոչ թե արեւին, այլ` մահվանը: Մահվանը դիմավորելու ճանապարհը գիտի, դրա համար էլ սարսափում է: 1992 թվականին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղն ազատագրելիս «կանտուզիա» է ստացել ու մահվան հետ «թեթեւակի» առերեսում եղել է, բայց նախախնամությունն էն ժամանակ կամավոր պատերազմ մեկնած Ռաֆիկին մի քիչ էլ է ժամանակ տվել: Հիմա ժամանակն էգ Կամ էլ` ժամանակ դեռ կա, բայց փող չկա: Մեր օրերում մի քիչ ուշ մահանալու համար փող է պետք: Տիկին Շուշանիկը վերջին փորձն է արել. Մեզ կանչել է, որ իր ձայնը հասցնենք հանրապետության նախագահին: «Հարգելի Սերժ Սարգսյան, ամուսինս հիվանդ է թոքերի քաղցկեղովգ Քիչ ժամանակ է մնացել ապրելու համար: Տվե՛ք «Հայխնայբանկում» պահած մեր փողերը: Նա պիտի մի քիչ էլ ապրի, հասկանո՞ւմ եք: Նրա աշխատած գումարները ետ տվեք, որովհետեւ մենք այ էս իրավիճակների համար ենք Սովետի օրոք մեր գումարները խնայել: Մեր երեխաներից, մեզնից զրկել՝ խնայել ենք: Նա ծանր աշխատանք է կատարել, մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Էսօր մենք երկուսս էլ անաշխատունակ ենք ու պետության հույսին: Պետությունից հույս չունենք, բայց արդարացիորեն մեր գումարներն ենք պահանջում»,- բարկությունն ատամների տակ զսպելով՝ պահանջում է տիկին Շուշանիկը: Սեփական քրտինքով վաստակած գումարների հարցում տիկին Շուշանիկի պահանջատիրական տոնը ստիպում է որպես ՀՀ քաղաքացի մեղավոր զգալ մի մարդու առաջ, որն ուզում է փրկել ամուսնուն ու ցանկացած մեկի մեջ պետություն ու նախագահ է տեսնում:

2 անգամ վիրահատական միջամտության դիմելուց հետո մասնագետները հրաժարվել են կրկին վիրահատություն կատարել` ասելով, որ չարորակ ուռուցքի առկայության դեպքում Ռաֆիկի կյանքը երկարացնելու միակ միջոցը քիմիա ընդունելն է: Ռաֆիկը 4 անգամ ընդունել է քիմիաթերապիա, բայցգ «Մի անգամ 60.000 ուզեցին: Հետո մյուսներին` 30.000-ական: Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ կտամ, որ ապրի, բայց չունենք: Հիվանդ, գործազուրկ մարդիկ ենք: Հիմա նորից պիտի ընդունի, բայց որտեղի՞ց փող ճարեմ: Բժշկին ասում եմ` ախր պետպատվեր է չէ՞: Ասում է` հա, բայց նախարարությունը մեզ փող չի տալիս, մենք ո՞նց անենք: Ասում եմ` բա որ չունենք, ի՞նչ անենք, մեռնի՞: Ասում է` դե, ի՞նչ անեմ, իմ գրպանի՞ց դնեմ: Պրոֆեսոր Բադալյանն ինձ ասեց` գնա՛, թոռիցդ փող ուզի: Էլ ի վիճակի չենք, հրաժարվեցինք, հիվանդին առանք, եկանք ու այ սենց անհույս նստացրել ենք»,- վրդովված պատմում է տիկին Շուշանիկն, ով իր եւ ծանր հիվանդ ամուսնու գոյությունը պաշտպանում է 1-ին կարգի, ցմահ հաշմանդամ Ռաֆիկի 26.000 դրամ հաշմանդամության թոշակով: Ասում է` ոչ ոքից ողորմություն չի ուզում, այլ պահանջում է` «Հայխնայբանկում» պահ տված սեփական գումարները, որով հնարավոր կլինի ամուսնու կյանքը երկարացնելու ծախսերը հոգալ: 2009թ.-ի սեպտեմբեր ամսից ՀՀ Առողջապահության նախարարության Ուռուցքաբանական ազգային կենտրոնում հաշվառված Ռաֆիկ Ասլանյանի կինը` տիկին Շուշանիկն, ամեն անգամ ամուսնուն քիմիաթերապիայի տանելիս սթրես է տանում: Ասում է` «Էս ի՞նչ են անում էս ժողովրդի գլխին, բոլորը հիվանդ են: Հիվանդանոցում ահավոր հերթեր են գոյացել, էս ինչքան ռակով հիվանդ կա: Մեր վիշտը քիչ է` մի հատ էլ պիտի առեւտուր անես, գին ճշտես, պիտի գցես-բռնես, թե հիվանդիդ կյանքը երկարացնելու համար ինչքա՞ն կարող ես հայթայթել: Հիվանդանոցում էինք` մի կին իրեն 5-րդ հարկից գցեց, հիվանդներից էրգ Ի՞նչ իմանաս՝ ինչի՞ համար, կարող է` չէր կարող կյանքը երկարացնելու պահանջները բավարարել: Էս ի՞նչ անարժեք բան դարձավ մեր կյանքը»: Տիկին Շուշանիկը խնդրում է միջամտել «Հայխնայբանկում» պահ տված գումարները վերադարձնելու հարցում: Ասում է` հերթացուցակում են, բայց մինչեւ հերթը հասնի` Ռաֆիկին կկորցնի: Ասում եմ` «Մենակ Հայրենական պատերազմի վետերաններին են տալիս»: «Այսինքն` էն մարդկանց, որոնց սերունդը հիմնականում արդեն չկա, մի քանիսն են մնացել: Իսկ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները թող մեռնեն: Պետությունը պատերազմից վերադարձածներին մի բան էլ պատժում է»,- ասում է նա` ՀՀ իշխանություններին վստահեցնելով, որ հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանում կամավորներ չեն լինելու: 30 տարի գործարաններում, Կենտրոնական արխիվում աշխատած տիկին Շուշանիկն այնքան վիրավորված է մեր պետությունից, որ հարցնում է` «Ինչի կարո՞ղ է մենք բոմժ ենք: Մենք պատվով, նամուսով ապրած ընտանիք ենք, բայց էսօր հայտնվել ենք էս ծանր վիճակում: Ախր մարդու կյանքը հե՞չ արժեք չունի էս պետություն կոչվածի համար: Մենք ողորմություն չենք ուզում, մեր ավանդներն ենք ուզում: Ի՞նչ անեմ, գնամ Թուրքիայո՞ւմ աշխատեմ, որ փող ճարեմգ Բժշկին էլ եմ ասել, ասեցի` բժիշկ ջան, ես աշխատած, լավ ապրած մարդ եմ, քծիպ չեմ, որ չկարողանամ վճարել: Հիմա, որ չենք աշխատում, չունենք, որտեղի՞ց տամ: Սոնոգրաֆիա, տոնոգրաֆիա, մոնոգրաֆիագ»:

Հակաուռուցքային միջոցառումներն անվճար են

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում դիսպանսերային բուժօգնության եւ կազմ-մեթոդական աշխատանքների կազմակերպման չափորոշիչները հաստատելու մասին ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի N198 0-Ա, 29.12.07թ. հրամանով սահմանվել են հակաուռուցքային դիսպանսերային օգնության անվճար կազմակերպման չափորոշիչները: Համաձայն ԱՆ չափորոշիչների` հակաուռուցքային դիսպանսերային բուժհաստատությունն անվճար արտահիվանդանոցային բուժօգնության շրջանակներում իրականացվում են. «Չարորակ նորագոյացություններով քրոնիկ հիվանդների (այդ թվում օնկոհեմատոլոգիական, օնկոսինդրոմներով հիվանդների) դիսպանսերային շարունակական հսկողություն (խորհրդատվություն, լաբորատոր-գործիքային հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` օնկոմարկերների որոշում, պահպանողական բուժում). չարորակ նորագոյացություններով հիվանդների հսկողությունը իրականացվում է մշտապես` 1-ին տարում` ապահովելով տարեկան առնվազն 4 այց, 2-րդ տարում` 2 այց,

3-րդ տարվանից սկսած` 1 այց: Անհրաժեշտության դեպքում, կոնսուլտացիաների, քիմիաթերապեւտիկ եւ ճառագայթային բուժման կազմակերպման նպատակով` հիվանդների ուղեգրում մասնագիտացված հիվանդանոցային բուժհաստատություն»: Հիմնավորված ցուցումների դեպքում կազմակերպվում է չարորակ նորագոյացություններով հիվանդների հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համաձայն ՀՀ Առողջապահության նախարարի ՀՀ ԱՆ 25.12.07N1921-Ա հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչի»: Դեռ ամիսներ առաջ «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հավաստիացնում էր, որ քաղցկեղի բուժումն անվճար է սկսած այն պահից, երբ հաստատվում է քաղցկեղ ախտորոշումը: «Այս հիվանդությունն ունեցող մարդը բուժման ընթացքում գտնվում է պետության հովանավորության տակ»,- ասում էր նա` վստահեցնելով, որ մասնագետներն անշահախնդիր են աշխատում այս հիվանդների հետ: Փոխտնօրենի խոսքերը փոխանցեցինք քաղցկեղով հիվանդ տիկին Շուշանիկին` խորհուրդ տալով պետպատվերով բուժվելու հարցում պահանջատեր լինել եւ գումար չվճարել: Վերջինս առաջարկեց միացնել ձայնագրիչը եւ զանգահարեց բժիշկ Լեւոն Բադալյանին. (Ներկայացնում ենք խոսակցությունն ամբողջությամբ, որի ձայնագրությունը մեզ մոտ կա):

– Բարեւ ձեզ, բժիշկ, Ասլանյան Ռաֆիկի կինն ա, ո՞նց եք:

– Լավ եմ:

– Բժիշկ ջան, հիմա իրան նորից ուզում եմ բերեմ քիմիայի, ո՞նց կլինիգ

– Նախ՝ էս ո՞ւր ես կորել էսքան ժամանակ:

– Ա, դե՛, մի քիչ կապրիզնիացավ, չբերեցի: Հիմա ուզում եմ բերեմ:

– Պիտի գաք Բադալյանի մոտ (բաժնի վարիչն է, որը բժիշկ Լ. Բադալյանի հայրն է.- Լ.Ս.), հետազոտի, տենա, եթե հնարավոր ա քիմիա անել` անի:

– Իսկ գումարայինը ինչքա՞ն ա լինում հիմա:

– Դե՛, գումարայինը ի՞նչ հեռախոսով ասեմ: Կգաք տենանք քիմիա անո՞ւմ ենք, թե՞ չէգ կարող ա հիմա նենց վիճակ լինի` քիմիա էլ չանի:

– Բայց իմանամ նոր գամ էլի: Դու լավ գիտես, որ ես փողից եմ շատը նեղվում:

– Գումարայինը պետք ա վերջին պահին, էտի վերջի հարցն ա: Կբերեք կտենանք, ուղղակի հիմա հերթեր ա: Կգաք կհետազոտվեք, կհերթագրվեք, կտեսնենք:

– Իսկ անվճարը դեր չի խաղո՞ւմ, էդ պետպատվերը դեր չի խաղո՞ւմ, բժիշկ ջան:

– Խաղում ա, միշտ էլ խաղացել ա:

– Հիմա հնարավոր չի՞ մի կուրս անվճար անեք, պետպատվերով:

– Ես վճարից չեմ խոսում: Պետպատվերը պետպատվեր ա, բայց դե հարցեր կա, որ բաժնի վարիչի հետ պիտի խոսաք:

Հ.Գ. Շուշանիկ Ասլանյանը մտավախություն ունի, որ այս փաստերը հրապարակելուց հետո ամուսնուն պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերի: Մենք հետեւելու ենք բուժման ընթացքին եւ հարկ եղած դեպքում կներկայացնենք նոր ի հայտ եկած հանգամանքները: