Մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19:30-ին Գեղագիտական ազգային կենտրոնին պատկանող «Փոքր թատրոնի» դահլիճում ցուցադրվելու է «Ընտրություն» ֆիլմը, նախապես հստակեցվել են դահլիճը վարձելու ու ստվար հանդիսատեսին ֆիլմը ներկայացնելու պայմանավորվածությունները: Սակայն ֆիլմի ցուցադրությունն արգելվել է: Իսկ «Ինչո՞ւ» հարցը անհեթեթությունների մեծ շղթա հյուսեց, քանի որ արգելքը ոչ մի հոդաբաշխ բացատրություն ունենալ չէր կարող: Արգելքի պատճառը մշուշոտ քաղաքական վտանգն է ու ենթադրվելիք մեծ արձագանքը: Թեեւ նույնիսկ լիակատար ինֆորմացիոն վակուումում ապրող ցանկացած մարդ վստահությամբ կարող է ասել, որ արգելելով` արձագանքը ոչ միայն չես «սանձի», այլեւ ընդհակառակը` ավելի մեծ աղմուկ կստեղծես:
«Ընտրություն» ֆիլմի պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը ստիպված է եղել հատուկ հայտարարությամբ հանդես գալ եւ ներկայացնել արգելքի աղբյուրը: «Որպես օրինապաշտ քաղաքացի՝ որոշեցի մինչեւ վերջ հետամուտ լինել եւ պարզել, թե ո՞ր օրենքի, ո՞ր կետով է արգելվել ցուցադրությունը: Հանդիպեցի ԿԳՆ-ի Մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանին: Վերջինս տրամադրեց ՀՀ Կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N1392-Ն որոշման երրորդ հավելվածը»,- ասում է Տ.Պասկեւիչյանը: Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունը համարվում է ՊՈԱԿ: Եվ ըստ վարչության պետի՝ արգելման հիմքը օրինակելի կանոնադրության ընդհանուր դրույթների 9-րդ կետն է, որի համաձայն` «չեն թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը»:
Տ.Պասկեւիչյանը շարունակում է. «Ակնհայտ է, որ ֆիլմն՝ ինչ բովանդակություն էլ այն ունենա, ոչ մի կապ չունի քաղաքական, կրոնական կազմակերպություններ ստեղծելու եւ նմանատիպ գործունեություն ծավալելու հետ: Այսուհանդերձ ինձ իրավունք եմ վերապահում հայտարարել, որ ԿԳՆ-ի դրած ապօրինի արգելքով հեղինակի եւ հրավիրված հանդիսատեսի նկատմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի, տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը»: «Ընտրություն» ֆիլմի պատվիրատուն NED (Դեմոկրատիայի աջակցության ազգային հիմնադրամ) ամերիկյան կազմակերպությունն է, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Բռնադատվածների կանանց» ծրագրին` իրենց հուզող խնդիրները ֆիլմի տեսքով հանրությանը ներկայացնելու համար: Ենթադրվում էր, որ հիմնական դիտողը լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է լինեն: Դժվար էր ակնկալել, որ անտարբերության թմբիրի մեջ գտնվող մեր հասարակության մեծամասնությունը (որն, ի դեպ, առանձնապես չի շտապում վավերագրական ֆիլմեր դիտել), կսկսի գրոհել Գեղագիտական կենտրոնի փոքր դահլիճը` ֆիլմի հետ ծանոթանալու համար: Ի դեպ` պետք է նշել նաեւ, որ խոսքը հենց ֆիլմի հետ ծանոթանալու մասին է, քանի որ բոլորն էլ գիտեն, որ եթե քաղբանտարկյալներ կան, ապա կան նաեւ քաղբանտարկյալների կանայք: Փաստն ինքնին ոչ մեկին չի զարմացնում: Սակայն պետական ատյանների կարծիքով` եթե չկա ֆիլմ, ուրեմն խնդիր էլ չկա: Երբ խորհրդային տարիներին արգելվում էին այս կամ այն գրքերը, երգերն ու ֆիլմերը, ապա դրանք, միեւնույն է, «ձախ» ճանապարհներով կարողանում էին իրենց լսարանը գտնել: «Սամիզդատ» կար, որի ընդհատակյա տպագրությունը հսկայական ծավալի էր հասնում, լույս էին տեսնում մեծ սպառում ունեցող աուդիո կասետները: Հիմա, իհարկե, ինֆորմացիայի տարածումը շատ ավելի դյուրին ու արագ է, քան տասնամյակներ առաջ: Ամենազոր ինտերնետը կարող է ցանկացած բան տիրաժավորել ու, օգտագործելով «Արգելված պտուղը ամենաքաղցրն է» հայտնի արտահայտությունը, ապահովել հասարակության ուշադրությունը: Եվ եթե կանայք ուզում էին իրենց ամուսինների ճակատագրի մասին ահազանգել, ապա նրանք դրան հասան` պետական կառույցների շնորհիվ, քանի որ հիմա ոչ թե մի քանի տասնյակ, այլ հազարավոր քաղաքացիներ են ֆիլմի DVD տարբերակը ստանում (շուտով կդիտեն նաեւ ինտերնետում): Իսկ Տ.Պասկեւիչյանը, որի «Օտարում» ֆիլմի ցուցադրումը նույնպես արգելվեց, կոչ է անում Մշակույթի նախարարությանը` թույլ տալ այն ցուցադրել «Մոսկվա» կինոթատրոնում, քանի որ ԿԳՆ-ից իրենց հաղորդել են, որ «ֆիլմը պետք է ցուցադրվի դրա համար նախատեսված վայրերում»: