Բուժիչ նամակներ

17/04/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ադամաթուզը ժողովրդական բժշկության մեջ

Ադամաթուզն այնքան էլ շատ կալորիաներ չունի, բայց փոխարենը պարունակում է այնքան ածխաջուր, որքան` կարտոֆիլը: Բանանը պարունակում է ճարպեր, օսլա, նատրիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, B6, C, PP, P վիտամիններ: Այդ պատճառով այն շատ սննդարար է, լավ հագեցնում է քաղցը: Սիստեմատիկ բանան ուտելով շատ հեշտ կարելի է կարգավորել արյան ճնշման հետ կապված խնդիրները:

Հասած բանանը կարող է հանդես գալ որպես լավ լեղամուղ կամ միզամուղ, այդ պատճառով ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոց ունեցողներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգի մեջ անպայման օգտագործել հասած բանանը: Իսկ ահա թե ինչ է գրում մեր մշտական ընթերցող եւ նամակագիր Ջուլիետա Սահակյանը. «Քչերին է հայտնի, որ ադամաթուզը ոչ միայն համեղ պտուղ է, այլեւ արդյունավետ բուժամիջոց: Օրինակ` բժիշկներն, ովքեր աշխատում են սպորտսմենների հետ, խորհուրդ են տալիս կերակրացանկի մեջ միշտ օգտագործել բանան:

Պետք է ասել, որ այն շատ օգտակար է թութքի, արյունախառը լուծի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է եփել 2 հատ կեղեւով բանան եւ ուտել:

Երկարատեւ հազի դեպքում եփել 1 հատ ադամաթուզ նաբաթի հետ եւ ընդունել օրը 2 անգամ, մի քանի օր շարունակ:

Հիպերտոնիայի դեպքում` եփել բանանի 30-60գ կեղեւ եւ խմել որպես թեյ: Բանանը շատ օգտակար է հատկապես փորկապության ժամանակ: Կարելի է քաղցած վիճակում 1 բանան ուտել:

Այն նպաստում է կերակրող մայրերի կաթի շատացմանը: Եթե բանանի կեղեւը ներսի կողմով դնենք ծոծրակին եւ ճակատին, կօգնի միգրենային ցավերի դեպքում: Ադամաթզի հասած կեղեւը օգնում է հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 100 մլ օղու մեջ լցնել ադամաթզի մանրացրած կեղեւ, այնքան, որ կեղեւները ծածկվեն օղիով, ու 1 ամիս թողնել մութ տեղում: Քամել եւ 2-3 շաբաթ շարունակ մերսել ցավոտ մկանները: Այն օգնում է նաեւ հոդացավերի դեպքում:

Բանանով պատրաստում են նաեւ շատ օգտակար դիմակ: Հասած ադամաթուզը տրորել կաթնասերի հետ, ապա խառնել այնքան կարտոֆիլի ալյուր, մինչեւ ստացվի թթվասերանման զանգված: Այս դիմակն ունի սնուցող նշանակություն»։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու վիտամիններ, բայց քչերը գիտեն, որ այդ վիտամինների մեծ մասը պարունակում է ոչ թե միջուկը, այլ կեղեւը: Օրինակ` ադամաթզի կեղեւը շատ օգտակար հատկություններ ունի: Արեւադարձային երկրներում այն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ: Կապտուկների, գորտնուկների ու էլի շատ վնասվածքների ժամանակ կեղեւը ներսի կողմով կարելի է դնել վնասված մասին` պրոցեդուրան կրկնելով այնքան ժամանակ, մինչեւ ամբողջովին բուժվի: Բանանի կեղեւը օգնում է նաեւ բորբոքված աչքին, ուղղակի կարելի է կեղեւը դնել կոպի վրա: Բանանի կեղեւը շատ օգտակար է գլիստ տեսակի աղիքային որդերին: Դրա համար անհրաժեշտ է առանց սեւ կետիկների բանանի կեղեւը չորացնել ոչ ջեռոցում կամ արեւի տակ, այլ ստվերում, այնուհետեւ այն փոշի դարձնել ու ընդունել օրվա մեջ 4-5 անգամ` դանակի ծայրով:

Տիկին Ջուլիետան գրում է նաեւ բանանի բացասական կողմերի մասին. «Քանի որ այն նպաստում է արյան լերդացմանը, այդ պատճառով թրոմբոֆլեբիտ, երակների լայնացում, կաթված տարած հիվանդներին պետք չէ բանան օգտագործել: Ցանկության դեպքում կարելի է օգտագործել շատ քիչ քանակությամբ: Նույնը վերաբերում է նաեւ շաքարային դիաբետով հիվանդներին, որովհետեւ բանանը շատ շաքար է պարունակում: Չի կարելի երեխաներին քաղցած վիճակում տալ բանան: Այն չի կարելի նաեւ ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց: Հատկապես մեծերին երեկոյան ժամերին առանձնապես խորհուրդ չի տրվում բանան ուտել, քանի որ այն նպաստում է ճարպային շերտի առաջացմանը»: