Մենք ենք, մեր պատմությունը

20/09/2005

ՄԱԿ -ն իր 60-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը Հայաստանում սկել է
նոր երգի եւ տեսահոլովակի պատրաստումով: Իսկ սեպտեմբերի 17-ին
Հանրապետության հրապարակում կկայանա մեծ բացօթյա համերգ հայտնի
կատարողների մասնակցությամբ: Համերգի ընթացքում կհնչեն նաեւ հազարամյակի
զարգացման այն ութ նպատակները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում:
Դրանք են. ծայրահեղ աղքատության եւ սովի վերացումը, ընդհանուր տարրական
կրթության ձեռքբերումը, սեռերի հավասարության խթանումն ու կանանց
հզորացումը, երեխաների մահացության վերացումը, մայրական առողջության
բարելավումը, պայքարը հիվանդությունների դեմ, շրջակա միջավայրի
պահպանության ապահովումը եւ զարգացման համար գլոբալ համագործակցության
ստեղծումը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պերուացի Կոնսուելո
Վիդալը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Մենք չենք կարող անտեսել եւ
փոխել աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացիան: Մեր խնդիրն է` անել այնպես,
որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել բարիքներից: Գլոբալիզացիան կարող է
տալ այդ գլոբալ գործընկերության հնարավորությունը»:

Երեքշաբթի Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ
նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու է մոտ 150 հարց, որոնցից
ամենակարեւորները ՄԱԿ-ի կառույցի բարեփոխումներն են, միջազգային
ահաբեկչության դեմ պայքարը եւ զարգացման խնդիրները: ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղար Քոֆի Անանը հայտարարել է, որ հնարավոր է, ՄԱԿ-ի Մարդու
իրավունքների հանձնաժողովի անդամների կրճատումներ լինեն, քանի որ
անդամների շարքերում կոռուպցիայի դեպքեր են հայտնաբերվել, մասնավորապես`
«Նավթ` պարենի դիմաց» ծրագրի իրականացման ընթացքում:

Ն.Հ.