ԱՄՆ-ից Ալիեւին ասել են՝ OK?

17/04/2010

«Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը այդ երկու պետությունների գործն է: Որեւէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա ասել է նաեւ, թե միջազգային հանրության` հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ջանքերը միայն մեկ նպատակ ունեն` «Հայաստանին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալ»: Ալիեւի այս հայտարարությունն, ըստ էության, սենսացիոն է եւ աննախադեպ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ամբողջ ընթացքում: Ադրբեջանական իշխանությունները` Ալիեւի գլխավորությամբ, անցած ավելի քան մեկուկես տարիներին գրեթե ամեն օր հայտարարում էին, որ եղբայրական Թուրքիան չպետք է Հայաստանի հետ սահմանը բացի՝ մինչեւ առաջընթաց չարձանագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Իսկ առաջընթաց ասելով՝ նրանք առաջին հերթին նկատի ունեն հայկական զորքերի դուրսբերումը ազատագրված տարածքներից: Եվ ահա Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներից հետո (երբ հայտնի է դառնում նաեւ, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի նախագահին հրավիրել է Վաշինգտոն) Ալիեւը «հանկարծ» հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը երկու պետությունների գործն է: Իսկ թե հատկապես ինչ եւ ինչպիսի ձեւակերպումներով են թուրքական կամ ամերիկյան իշխանությունները հայկական կողմից այնպիսի հավաստիացումներ ստացել, որոնք այդքան «ոգեւորել են» Ալիեւին, պարզ կդառնա առաջիկա զարգացումներից: