Հայտնի չէ` ինչ շահեց Հայաստանը

17/04/2010

«Ակնհայտ է, որ ՀՀ նախագահի վաշինգտոնյան հանդիպումները բեկում չարձանագրեցին հայ-թուրքական հարաբերությունների մեջ»,- Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ հանդիպումների մանրամասների վերաբերյալ առանձնապես տեղեկատվություն չի տրվում, սակայն, ակնհայտ է` երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի նկատվում: «Թուրքերը միշտ էլ կապել են հարաբերությունների նորմալացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, հիմա էլ դա շարունակվում է»,- ասում է նա: Ըստ ՀԺԿ ղեկավարի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս ամենը կազմակերպեց ցույց տալու, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է եւ ընթացքի մեջ է: «Այսինքն, ըստ էության, Օբաման լուծեց «ցեղասպանություն» բառը չարտասանելու խնդիրը: Թուրքիան հասավ նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը չդրվի Կոնգրեսի լիագումար նիստի քննարկմանը, իսկ թե ինչ շահեց Հայաստանը` հայտնի չէ»: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը` «APA»-ն, տպագրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հարցազրույց, որտեղ տպագրվել էին ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ արտգործնախարարի բավականին կոշտ դիրքորոշումները: Մասնավորապես. Դավութօղլուն գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների հիմնական կետերը վերաբերում են ադրբեջանական գրավյալ հողերի ազատագրման հարցին: Բացի այդ, ըստ գործակալության, արտգործնախարարն ասել է նաեւ, որ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներից Ադրբեջանին զերծ պահելը Թուրքիայի համար անընդունելի է: Սակայն, ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Դավութօղլուն հայտարարել է, որ այդ հարցազրույցը կեղծ է, ինքն այդ գործակալությանը հարցազրույց չի տվել: Մեզ հետ զրույցում մեկնաբանելով այս միջադեպը, ՀԺԿ նախագահն ասաց. «Ճիշտ է, Դավութօղլուն հայտարարեց, որ այդ հարցազրույցը կեղծ է, բայց, միեւնույն է, պարզ է, որ իրենց դիրքորոշումը հենց այն է, ինչ տպագրվել էր այդ հարցազրույցում»: Սարգսյան-Էրդողան հանդիպման արդյունքներին, ինչպես նաեւ նախագահի ելույթին երեկ անդրադարձել է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ. «Մեր կողմից այդ հանդիպումը կասկածի տակ է դրվում զուտ արդյունավետության առումով: Ընդհանրապես, ամեն ինչ լուծվում է մինչ հանդիպումները, սակայն, հակառակ սպասումների, մինչ հանդիպումը ոչ մի բան չի լուծվել»: Պատգամավորի կարծիքով, «այս տարի հայ-թուրքական գործընթացը շատ բացասաբար է անդրադարձել Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա»: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն ապրիլի 24-ից հետո, Լ. Ալավերդյանը ասում է. «Սա նաեւ «Ժառանգության» դիրքորոշումն է: Բանակցությունները պետք է շարունակվեն, ավելի ճիշտ՝ սկսվեն ավելի մաքուր դաշտում` զերծ մնալով այն պարտադրանքներից, որոնք այսօր կան արձանագրություններում: Մեր երկիրը պետք է պրոակտիվ դերակատարություն ստանձնի, քանի որ մեր օգտին են թե՛ փաստացի գործոնները, թե՛ իրավական փաստարկները»: «Ժառանգության» պատգամավորը կարեւորել է հատկապես այն, որ Ս. Սարգսյանի Վաշինգտոնյան այցի ժամանակ հնչեցին հայտարարություններ, որոնց նպատակը Սփյուռքին հասկացնելն էր, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես միտված չեն փչացնել իրենց հարաբերությունները Սփյուռքի հետ: «Նման հայտարարությունները կօգնեն վերականգնել Հայաստան-Սփյուռք վնասված հարաբերությունները, որոնց հարված էին հասցրել հայ-թուրքական արձանագրությունների ոչ տրամաբանական ձեւակերպումները»: Ըստ Լ. Ալավերդյանի՝ Ս. Սարգսյանի ելույթն ըստ էության պատասխան էր մինչ հանդիպումը թուրքական լրատվամիջոցներով տարածված թուրքական կողմի ուղերձներին: «Հասկացնել Թուրքիային, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը եւ Սփյուռքը միասնական են, երկրորդ հարցը ԼՂՀ հիմնախնդիրն էր, որը, կարծում եմ, վաղուց լուծված է: Մնում է, որ դա հասկանա Ադրբեջանը, եւ երրորդն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»: