Ըստ Է. Նալբանդյանի` հանդիպումները կարեւոր էին թե՛ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե՛ երկու կողմերին հուզող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի քննարկման առումով: «Շատ կառուցողական երկխոսություն է շարունակվում ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ. դա հնարավորություն տվեց քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հետ առնչվող հարցեր, Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը»,- ասել է նա: Հարցին, թե ի՞նչ փուլում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, Է. Նալբանդյանը պատասխանել է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մեզ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը: Այցը նաեւ հնարավորություն տվեց այլ հանդիպումների ընթացքում եւս մեկ անգամ համոզվել, որ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող մեր գնահատականները ճիշտ են, ամրապնդվեցին հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումները, մոտեցումները, որոնք հասունացել են վերջին շրջանում: Երբ անհրաժեշտ լինի (համապատասխան որոշում կայացնելու առումով), ՀՀ նախագահը կիրազեկի նաեւ հանրությանը»: Ըստ Է. Նալբանդյանի` թուրքական կողմը փորձեր անում էր քննարկումներ անցկացնել Ղարաբաղի թեմայի շուրջ, սակայն, ըստ նրա` պատասխանը եղել է այն, ինչ եղել է մինչ հիմա: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Ղարաբաղյան խնդրի շուրջ թուրքական կողմի հետ քննարկումներ անցկացնելու պատճառներ չեմ տեսնում: Նախեւառաջ ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել, երկրորդ, ԼՂ հարցում Հայաստանը երբեւէ որեւէ զիջման չի գնա հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, եւ, իհարկե, նաեւ պետք է նկատի ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացին էլ: Դա նաեւ եռանախագահների դիրքորոշումն է: Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, եթե ի սկզբանե մենք փոխըմբռնմամբ ենք սկսել, որ նախապայմաններ չեն կարող լինել, եւ այդ գործընթացը շարունակվել է հենց այդ նույն փոխըմբռնմամբ, եւ հանգել ենք արձանագրությունների ստորագրմանը հենց այդ նույն փոխըմբռնմամբ, եւ եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է անենք, թե արդյո՞ք գործընթացի մասնակից մյուս կողմում կան այնպիսի գործընկերներ, որոնց հետ կարելի է շարունակել գործընթացը:
Եթե Թուրքիան ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է գործնականում շատ արագ ցույց տա, որ պատրաստ է վավերացնել արձանագրությունները եւ գնալ հարաբերությունների կարգավորման»,- ասել է Նալբանդյանը:
Ի պատասխան լրագրողների հիշեցմանը, թե վերջերս Տավուշի մարզում Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե ԱՄՆ է մեկնում հստակ որոշումով, Է. Նալբանդյանն ասել է. «Վաշինգտոնյան հանդիպումները թե՛ԱՄՆ ներկայացուցիչների, թեգ Թուրքիայի ներկայացուցիչների հետ ավելի հաստատեցին մեր կողմի եզրակացությունները` կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ»: Իսկ դիտարկմանն էլ, թե` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղի խնդրում առաջընթացից, Է. Նալբանդյանն ասել է, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից կազմակերպված ճաշի ժամանակ ինքը Դավութօղլուի հետ բավական հանգամանալից զրույց է ունեցել, որտեղ վերջինս հերքել է, թե նման հայտարարություն է արել: «Իհարկե, կարելի է չհավատալ, որ ադրբեջանական գործակալությունը երկար-բարակ պատասխաններով հարցազրույց է տպում, ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ նման հարցազրույց չի տվել: Բացի այդ հերքումից, որ պարոն Դավութօղլուն ինձ անձամբ ասաց, Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է, որ նման հարցազրույց չի եղել: Սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին շատ քիչ պետք է հավատալ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: