Ի՞նչ է նշանակում այդ հարվածը՝ ազատագրո՞ւմ, թե՞ պյուռոսյան հաղթանակ։ Մի քանի օր անց
պարզ կլինի՝ արժե՞ր, որ Յուշչենկոն հաշտարարից վերածվեր քաղաքական
Ռեմբոյի։ Նա գնաց վա-բանկ։ Այլ կերպ կոչել կառավարությանն ազատելու
Ուկրաինայի նախագահի որոշումը, չի կարելի։
Սեփական շարքերում կոռուպցիայի մասին ահագնացող քննադատությունից եւ այն
բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Յուշչենկոն իրեն է վերապահել
«նարնջագույն հեղափոխության» խորհրդանիշների եւ դրանցով հուշանվերներ
արտադրելու հեղինակային իրավունքը, նախագահը վճռեց գործել։ Հատկապես այն
պատճառով, որ ինքն էր հազարավոր մարդկանց ոտքի հանել ընդդեմ կոռումպացված
ռեժիմի, նա ստիպված էր անհապաղ համապատասխան եզրակացություններ անել։
Չափազանց երկար ժամանակ ամեն ինչ մատնված էր ինքնահոսի։ Յուշչենկոն
վճռական չէր կադրային հարցերում։ Բայց հանկարծ փոխվեց կուրսը, եւ նա
ազատեց ամբողջ կառավարությանը։ Այսպիսի ռեակցիայի ոչ ոք չէր սպասում։
Բայց ազատելով կառավարությանը, Յուշչենկոն օճառաջրի հետ թափեց նաեւ իր
երեխային։ Կառավարության կաբինետում ազնիվ զինակիցներին թողնելու եւ
քննադատության ենթարկվածներին ազատելու փոխարեն, երկարատեւ ու մանրազնին
ուսումնասիրությունից հետո նա ազատեց նաեւ վարչապետ Տիմոշենկոյին։
Ամենաընդունելի, ինչպես ցույց են տալիս հարցումները, քաղաքական
գործիչներից մեկը լինելով, Տիմոշենկոն առաջիկա մարտին կայանալիք
խորհրդարանական ընտրություններում կդառնա Յուշչենկոյի հզոր մրցակիցը։
Իսկ եկող տարվանից կառավարության կազմը որոշելու է Գերագույն ռադան՝
Ուկրաինայի խորհրդարանը։ Երկրի ղեկավարի իշխանությունն էապես
կսահմանափակվի։ Իսկ սա կբերի նրան, որ Տիմոշենկոն քամահրանքով կմերժի
կառավարությունում նախարարի պաշտոն զբաղեցնելու Յուշչենկոյի խնդրանքը։ Դրա
փոխարեն` նա կփորձի դառնալ կամ խորհրդարանի, կամ էլ խորհրդարանական ուժեղ
ֆրակցիաներից մեկի ղեկավար։
Խաղաղ ապստամբության արդյունքում իշխանությունից զրկված հին օլիգարխները
կփորձեն օգտագործել այս հակամարտությունը, որպեսզի վերադարձնեն իրենց
կորցրած դիրքերը։ Այսուհանդերձ, կառավարության ազատումը նախագահին տալիս է
մեկ հնարավորություն։ Ութ անհաջող ամսվանից հետո Յուշչենկոյին պետք էր նոր
մեկնարկ։ «Յուշչենկո, Տիմոշենկո եւ ընկ.»-ը չարդարացրեց իրեն՝ դրսեւորելով
հիմնականում անօգուտ ակտիվություն։ Ժամանակին չափազանց էժան վաճառված
ձեռնարկությունների վերամասնավորեցման Տիմոշենկոյի արմատական ծրագիրը
միայն վախեցրեց ուկրաինական, ռուս եւ արեւմտյան ներդրողներին։ Շատերը
դրանում վրեժ էին տեսնում, քանի որ գազի նախկին թագուհուն եւ երկրի
ամենախոշոր էներգետիկ կոնցեռնի նախկին ղեկավարին նախորդ կառավարությունը
զրկել էր պաշտոնից, արժանապատվությունից եւ սեփականությունից։
Երկաթե Յուլյան նախագահի վրա ազդեցություն ունենալու համար պատերազմ էր
սկսել Անվտանգության խորհրդի ղեկավար Պյոտր Պորոշենկոյի հետ։ Պորոշենկոն,
ով Կիեւի հրուշակեղենի արքան է եւ ոչ ամենուրեք գրկաբաց ընդունվող
ձեռնարկատեր, ինքն էր փորձում գրավել կառավարության ղեկավարի պաշտոնը եւ
այդպես էլ չէր հաշտվել Տիմոշենկոյի նշանակման հետ։ Միաժամանակ նա
օգտագործում էր բարձր պաշտոնը, որպեսզի ավելի ամրապնդեր իր կայսրությունն
ու իր գործընկերներին։
Արդյունքը հայտնի է։ Քանի դեռ Կիեւում Պորոշենկոն եւ Տիմոշենկոն պայքարում
էին իշխանության համար, տնտեսական աճը նվազում էր, իսկ ներդրումային շատ
ծրագրեր սառեցվում էին։
Այսպիսով, կոռուպցիայով հիվանդ Ուկրաինային նոր փորձ է անհրաժեշտ։ Պետք է
ցանկալ տարածքով Եվրոպայում ամենամեծ երկրի 48 միլիոն բնակչությանը, որ
այդ փորձը հաջողվի, իսկ բարեփոխումները երկիրը բերեն տնտեսական անհրաժեշտ
աճի։ Քանի որ, եթե ժողովրդավարական շարժումն Ուկրաինայում պարտություն
կրի, ապա ամբողջ նախկին խորհրդային տարածքի ժողովուրդները կդադարեն
հետաքրքրվել սեփական ճակատագրով, բռնապետներին ու ավտոկրատներին
հեռացնելու ցանկությունն էլ կվերանա։ «Նարնջագույն հեղափոխությունը»
նախկին սովետական հանրապետությունների քաղաքացիների համար
ժողովրդավարության եւ ինքնորոշման հույսի խորհրդանիշ էր։ Այդ պատճառով էլ
Յուշչենկոյի ազատագրական պայքարը միայն Ուկրաինային չի վերաբերում։
Մաթիաս ԲՐՅՈՒԳՄԱՆ, «Handelsblatt», Գերմանիա
Պատրաստեց Տիգրան Պասկեւիչյանը