«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է ադրբեջանական դատական համակարգին` Էյնուլ Ֆաթուլաեւին հետապնդելու համար, որի նպատակը վերջինիս ազատազրկման ժամկետի ավելացումն է: Ութ տարվա ազատազրկման ենթարկված հայտնի լրագրողը կրկին կանգնելու է դատարանի առաջ, այս անգամ հերոին պահելու մեղադրանքով: Դատական գործընթացի նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել ապրիլի 9-ին: Իշխանությունները պնդում են, որ Ֆաթուլաեւի բանտախցում կատարված զննման ընթացքում հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել: Նա մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 234.1 հոդվածը խախտելու համար, ինչի արդյունքում նրա ազատազրկման ժամկետը կարող է 3 տարով երկարացվել: Ֆաթուլաեւը հերքում է իր կողմից թմրանյութերի պահպանման եւ օգտագործման մեղադրանքը: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կարծում է, որ այս դատական գործը շինծու է եւ կատարվում է այն պատճառով, որպեսզի բացառվի Ֆաթուլաեւի ազատ արձակման հնարավորությունը: Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրողին: Նշենք, որ միջազգային հանրությունը Էյնուլ Ֆաթուլաեւին համարում է քաղբանտարկյալ: Նրա գործը շուտով պետք է ուսումնասիրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Սպասվում է, որ նա ազատ է արձակվելու: Եվ դա է այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են նոր մեղադրանք առաջադրել լրագրողին, որպեսզի նրա ազատ արձակվելու հնարավորությունը հնարավորինս արգելակվի: