Օդաչուի սխալը

17/04/2010

Սմոլենսկի ավիավթարի չորսօրյա հետաքննության արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ Լեհաստանի նախագահի Տու-154 ինքնաթիռի օդաչուները մինչեւ վերջին պահը կարող էին խուսափել ողբերգությունից: Ըստ փորձագետների, ինքնաթիռի վայրէջքի ամբողջական պատկերի վերականգնումը եւ ինքնագրերի վերծանումը ցույց են տվել, որ օդաչուները ճակատագրական սխալ են թույլ տվել։ Չնայած օդանավակայանից ստացված վատ տեսանելիության մասին նախազգուշացումներին` օդաչուները որոշել են վայրէջք կատարել: Թանձր մառախուղի պայմաններում օդաչուներին հաջողվել է դուրս գալ ուղիղ թռիչքուղու վրա: Հենց այդ պահին էլ օդաչուները թույլ են տվել ճակատագրական սխալը։ Անձնակազմի ղեկավարը միացրել է ֆորսաժը, անհայտ պատճառներով թեքել ինքնաթիռը դեպի աջ եւ, միաժամանակ, փորձել է շրջելով՝ ինքնաթիռը օդ բարձրացնել: Արդյունքում ինքնաթիռի թեւերից մեկը դիպել է ծառերի կատարներին, եւ ինքնաթիռը կորցրել է վերահսկողությունը: Ըստ մասնագետների, եթե օդաչուն, միացնելով ֆորսաժը, պարզապես օդ բարձրանար ուղիղ գծով, ապա կարող էր խուսափել վթարից: Նշենք, որ Լեհաստանում ավիավթարի զոհերի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: