ԱՄՆ-ի հետեւողական պարտադրանքը Թուրքիային` բացել Հայաստանի հետ սահմանը եւ կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, հիշեցնում է խորհրդային տարիների վերոնշյալ կարգախոսը: Թուրքիան ակնհայտորեն չի ցանկանում եւ պատրաստ չէ Հայաստանի հետ թեկուզ առերես բարեկամության: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի քաղցր ժպիտը, նրա տիկնոջ ձեռքով պատրաստված խորտիկները` նախատեսված հատուկ ՀՀ նախագահի համար, արդեն չեն համոզում: Հայաստանի հետ շփվելու դժկամությունն ակնհայտ էր հատկապես Վաշինգտոնում Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիբ Էրդողան հանդիպման ժամանակ: Հեռուստատեսությամբ տեսագրությանը հետեւողներն արձանագրեցին, թե որքան ցուցադրաբար իմիջիայլոց սեղմեց մեր երկրի նախագահի ձեռքը Թուրքիայի վարչապետը: Իսկ արարողակարգը, որպես կանոն, պարտադրում է միմյանց ձեռք սեղմող բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանակել քաղաքավարի ժպիտներ եւ նայել եթե ոչ միմյանց աչքերի մեջ, գոնե այն ուղղությամբ, որ նկատես` հատկապես ո՛ւմ ձեռքն ես սեղմում: Սարգսյան-Էրդողան ձեռքսեղմման պես սառն էին նաեւ Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հայտարարությունները: ՀՀ նախագահը ամերիկահայության հետ հանդիպման ժամանակ ասաց. «Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք կարող որեւէ ձեւաչափով քննության առարկա դարձնել ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»: Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնի Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում հայտարարել է. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների խորհրդարանների որոշումը Հայաստանին բարիք չի բերի: Մենք մերժում ենք 1915 թ.-ի իրադարձությունների առնչությամբ ցեղասպանության մեղադրանքները»:
Թե ինչ զարգացումներ կունենան հայ-թուրքական հարաբերությունները կամ, ավելի ստույգ` Հայաստանի վրա ինչպես կանդրադառնան ամերիկա-թուրքական հարաբերությունները, պարզ կդառնա հատկապես ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահի ելույթից: Սակայն ակնհայտ է, որ հայ-թուրքական Արձանագրությունները ինչ-որ ժամանակ դեռ կմնան գզրոցներում:
Վուդրո Վիլսոնի տապանաքարի մոտ Սերժ Սարգսյանի ելույթը որոշակիորեն ամրապնդեց նրա դիրքերը Սփյուռքում եւ Հայաստանում: Ընդդիմության մտավախությունը` Ցեղասպանության ճանաչման կամ Արցախը վաճառելու հետ կապված, առայժմ իրականությունից հեռու են թվում: Սակայն ակնհայտ է մի բան` Հայաստանի ներքաղաքական կյանքում ֆունդամենտալ փոփոխություններ են անհրաժեշտ: Բարձր մակարդակի նման համաժողովներին մասնակցությունը ՀՀ նախագահին պիտի ստիպի վերանայել իր վերաբերմունքը հայաստանյան իրականությանը, ներքաղաքական իրավիճակին, կադրային անհաջող քաղաքականությանը, մարտի մեկի իրադարձությունների հետեւանքներին:
Գտնվելով Վաշինգտոնում, Գլոբալ միջուկային անվտանգության հարցերին նվիրված համաժողովին, Սերժ Սարգսյանը հաճույքով սիրալիրություններ էր փոխանակում աշխարհի հզորների հետ, նրանց հետ կլոր սեղանի շուրջ նստում, որքան երեւում էր տեսախցիկների արձանագրած կադրերից: ՀՀ նախագահը նաեւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Իսկ դա լուրջ թերապիա է հետխորհրդային երկրի թերեւս յուրաքանչյուր նախագահի համար: Սակայն, ինչպես աշխարհում ամեն ինչ, այնպես էլ վաշինգտոնյան համաժողովն ուներ սկիզբ ու վերջ, որից հետո, այնուամենայնիվ, պետք է վերադառնալ Հայաստան: Թող որ արտասահմանում կարճատեւ հանգստից հետո: Իսկ Հայաստանում ՀՀ նախագահին սպասում է այն իրականությունը, որից նա տարին մի քանի անգամ փորձում է հանգստանալ` երկրից բացակայելով:
Հայաստանը եւ ոչ մի ասպարեզում մրցունակ չէ (շախմատն ու ծանրամարտը դնենք մի կողմ): Իրական ռեսուրսը, որի վրա կարելի է հույս դնել, Սփյուռքն է եւ Հայաստանի քաղաքացիների` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում համախմբվելու կարողությունը: 21-րդ դարում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար սա հուսահատ գործոն է:
Պետության բոլոր ինստիտուտները խարխուլ վիճակում են: Պետական ապարատում, իշխանական կուսակցության ներսում եւ միջկուսակցական հարաբերություններում փոխադարձ անվստահություն կա: Անվստահություն կա նաեւ հասարակության եւ իշխանությունների միջեւ: Իշխանությունները կադրային քաղաքականություն իրականացնելիս վախենում են այն մասնագետներից, ովքեր գողանալու կամ քծնելու մոտիվացիա չունեն: Իշխանական էլիտան 21-րդ դարի իրականությանը ադեկվատ չէ: Բարձրաստիճան պաշտոնյաները եթե ինչ-որ հաջողություն արձանագրում են, ապա դա անում են ոչ թե հասարակության համար, այլ ընդամենը նախագահ Սարգսյանին իրենց հավատարմությունը ցույց տալու համար: Վկան` այնպիսի կարգի հայտարարությունները, որոնցից մեկը հնչեցրել է երեկ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նա, ի լուր ամենքի, հայտարարեց, թե «մտքի ծայրով անգամ չի պատկերացնում» իրեն որեւէ այլ թիմում` բացի Սերժ Սարգսյանի թիմից: Նրա անկեղծությանը կարելի է հավատալ կամ չհավատալ: Խնդիրը սա չէ, այլ այն մտածողությունը, որը հանգիստ կարելի է համարել քառակուսի, եւ որը հատուկ է ՀՀ իշխանական գրեթե ողջ էլիտային: Ոստիկանապետը պիտի հավատարիմ լինի օրենքին, Սահմանադրությանը, իր կոչմանը` բացահայտել ՀՀ քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունները: Հայաստանի ոստիկանապետն ուղղակի վստահ է, որ նման խոստովանությամբ հաճելի անակնկալ է մատուցել երկրի նախագահին: Այս կարգի հայտարարությունները պիտի որ հաճելի չլինեն երկրի նախագահին, սակայն այդ մասին նա հրապարակային որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:
Միջազգային նման համաժողովներին մեր երկրի ղեկավարի մասնակցությունը, շփումները եվրոպական երկրների, ԱՄՆ-ի առաջնորդների հետ, տարածաշրջանային չլուծված եւ իմաստուն լուծում պահանջող հարցերը պարզապես պետք է ստիպեն երկրի նախագահին` վերանայել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ճիշտ գնահատել այն, ինչ ունենք: Կամ, որ ավելի ճիշտ է, այն, ինչ չունենք: