ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման մշտադիտարկման շրջանակում երեկ հրավիրել էր այլ` Ֆինանսաբյուջետային եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ առաջին նիստը:
Մինչ այժմ Պետաիրավականն այդ շրջանակում սահմանափակվում էր ինքնուրույն նիստերով: Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի եզրակացության մեջ նշված առաջարկությունները տարաբնույթ էին, եւ 3 ամիս հետո պարզ դարձավ, որ միայն Պետաիրավականն իր կազմով ի զորու չի հետեւել դրանց իրականացմանը: Եվ երեկվա նիստին մասնակցում էին նաեւ վերը նշված երկու հանձնաժողովների նախագահներ Գագիկ Մինասյանն ու Հակոբ Հակոբյանը: Իսկ որպես այդ առաջարկությունների իրականացման պատասխանատուներ՝ կառավարության կողմից ներկա են եղել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսների փոխնախարարներ Արտեմ Ասատրյանն ու Պավել Սաֆարյանը: Երեկ մասնավորապես քննարկվել են Պետաիրավական հանձնաժողովի կողմից կառավարությանն ուղղված հարցման այն կետերի կատարման ընթացքին վերաբերող խնդիրներ, որոնք առնչվում են սոցիալական համերաշխության եւ արդարության հաստատմանը, կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ բյուջեի սահմանմանը, աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները բարձրացնելուն, ստվերային տնտեսության կրճատմանը, եվրոպական երկրների միջինացված ցուցանիշներին համադրելի հարկային եկամուտների ու ՀՆԱ-ի հարաբերակցության ապահովմանը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառմանը եւ մի քանի այլ հարցերին:
Նիստից հետո Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք` վերը նշված հարցերի ուղղությամբ կառավարության ներկայացուցիչների պատասխանները եւ կատարված աշխատանքները բավարարե՞լ են իրենց սպասելիքները: «Հարցերի մի զգալի մասին կառավարությունը, մեզ թվում է, բավարար պատասխան չի տվել զուտ տեղեկատվության առումով: Մենք կհստակեցնենք մեր հարցերը եւ մեկ անգամ եւս կդիմենք կառավարությանը: Օրինակ, երբ խոսքը վերաբերում էր գործազրկության կրճատմանը, մեզ չէր հետաքրքրում միայն զուտ գործազրկության կրճատման ծրագիրը: Նաեւ հետաքրքրում էր, թե ինչպիսի խնդիրներ կան ներդրումային ոլորտներում, արդյո՞ք ուսումնասիրություն իրականացվում է, թե՞ ոչ: Ինչպիսի փոփոխությունների է այն ենթարկվել, ինչպես կարելի է այն համադրել հարեւան երկրների հետ: Արդյոք մենք այսօր չունենք բիզնեսի արտահոսք Հայաստանից, որը զուտ ճգնաժամին չէ բնորոշ: Ինչ առաջնահերթություններ է տեսնում կառավարությունը ներդրումային միջավայրը բարելավելու համար: Վերջերս բարձրացվեցին դատական համակարգի աշխատավարձերը` որքանով է դա բարելավել այդ համակարգի աշխատանքը: Հարկային վարչարարությունն ենք բարելավում, բայց այդ բարելավումն ինչպես է չափվում, կա արդյոք համապատասխան միավոր: Նույն հարցը վերաբերում է ժողովրդագրական վիճակին, ստվերային տնտեսության կրճատմանը, արհեստական մենաշնորհներին եւ այլն»,- պատասխանեց Դ.Հարությունյանը:
Պարոն Հարությունյանին հիշեցրեցինք, որ իր թվարկած եւ կառավարության հետ քննարկվող խնդիրների հետ կապված ստույգ պատկեր կա: Օրինակ, 2009թ. հարկեր/ՀՆԱ հարաբերությունը եղել է 16,7 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է, եւ այդ մասին նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն է հաճախ կրկնում: Վարչապետը տարին մի քանի անգամ մենաշնորհների դեմ պայքարի մասին սուր հայտարարություններ է անում: Բոլորովին վերջերս ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Գիերմո Տոլասան հայտարարել էր, թե Հայաստանում հարկերի հավաքագրման մակարդակը ցածր է անգամ աֆրիկյան որոշ երկրներից: Իսկ երեկվա նիստին Ա.Ասատրյանն ասաց, որ անցած տարի Հայաստանի արտագաղթի ու ներգաղթի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 4000 մարդ: Բացի այդ, 2 շաբաթ առաջ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել էր, թե անցած տարի այլ երկրներում ապաստան են խնդրել 6226 հայաստանցի, որը 44 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Բիզնեսի կամ կապիտալի արտահոսքի վերաբերյալ էլ հնչում են գնահատականներ, որ 2009թ. մեր երկրից մոտ 800 մլն դոլարի արտահոսք է եղել եւ այլն: Արդյո՞ք այս ցուցանիշները քննարկվում են Պետաիրավական հանձնաժողովի մոնիտորինգային աշխատանքների շրջանակում: «Մեր հարցադրումները վերաբերում են, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, արդյոք քայլերը ադեկվատ են, արդյոք գոյություն ունեն համապատասխան մեխանիզմներ, որոնք գնահատում են քայլերի արդյունավետությունը: Եթե հարկեր/ՀՆԱ-ի պարագայում շատ պարզ է, ապա որոշ այլ ոլորտներում այնքան էլ պարզ չէ: Նույն ժողովրդագրական ոլորտներում դժվար է ասել, թե այդ բացասական հաշվեկշիռն ինչ գործոններով է պայմանավորված: Դա այսօր բազում երկրներին է բնորոշ: Բայց արդյո՞ք դա ավելի ցածր կամ բարձր կարող էր լինել: Արդյո՞ք գործադրվող գործիքները պատշաճ են, եւ այսօր մենք չունենք ավելի արդյունավետ գործիքներ: Արդյո՞ք աղքատության դեմ պայքարի քաղաքականությունը բավարար հասցեականություն է ապահովում: Երբ մենք ասում ենք՝ վարչարարության բարելավում, կառավարության եւ մեր դիրքորոշումները համընկնում են: Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչը կարող է լինել դրա պատճառը: Բիզնեսի կամ կապիտալի արտահոսքի պատճառը պարտադիր չէ լինի մեր երկրների հետ կապված: Օրինակ, կարող է մեկ այլ երկիր հատուկ արտոնյալ պայմաններ է ստեղծել բիզնեսի համար: Դու կարող ես ոչինչ չփոխել երկրում, բայց սկսվի արտահոսք: Կարող է քո երկրում աշխատանքային օրենսգիրքը գերպաշտպանում է աշխատողին, իսկ ձեռնարկատերերը նախընտրում են աշխատել այն երկրներում, որտեղ աշխատողը նվազ է պաշտպանված: Բազմաթիվ հարցեր ծագում են հենց քննարկման ընթացքում: Նմանատիպ հարցադրումներ պարտադիր չէ իրականացնել հենց Մարտի 1-ի հետ կապված, ուղղակի Մարտի 1-ի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունները կատալիզատոր հանդիսացան, որ որոշ հարցեր դիտարկվեն որպես կոմպլեքս տեսանկյունից»,- ասաց Դ.Հարությունյանը:
Վերջինս նաեւ ավելացրեց, որ իր ղեկավարած հանձնաժողովի նիստերում այս հարցերի շուրջ քննարկումները շատ կարեւոր են ԱԺ-կառավարություն երկխոսության տեսակետից, եւ դա նույնիսկ նման երկխոսության համար լրացուցիչ հնարավորություն է տալիս: