Առաջ պարզ էր խորհրդային մարդու համար: Պարզից էլ պարզ էր, թե ով է իրեն նվիրել իր միապաղաղ կյանքը: 30-50-ականներին նվիրատուն ժողովուրդների հայր Ստալինն էր: Հետագա տարիներին` հարազատ Կոմունիստական Կուսակցությունը: Անկախությունից հետո արդեն պարզ չէ: Պարզ չէ, թե ինչու է կյանքը միօրինակ ու միանման ետխորհրդային երկրներում: Ինտերնետային մամուլը կարդալիս, եթե լեզվին ուշադրություն չդարձնես, ոչ մի կերպ չես տարբերակի հայկական լրատվամիջոցը ռուսաստանյանից: Հատկապես Ոստիկանության հետ կապված լրատվությունն ընթերցելիս: «Gazeta.ru» էլեկտրոնային թերթում ապրիլի 9-ին տարօրինակ վերնագրով նյութ կար` «Սա Երեւանը չէ, սա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է»: Սանկտ Պետերբուրգում մի ոստիկանի դուր չէր եկել, որ քաղաքային ավտոբուսն իր մեքենայի առջեւով էր անցել: Կանգնեցրել էր մեքենան ու 12 կրակոց արձակել: Վիրավոր վարորդին, որ ազգությամբ հայ է, տեղափոխել էին հիվանդանոց: Բարձրաստիճան մի ոստիկան դեպքի առիթով պարզաբանում էր տվել՝ ասելով. «Դուք գիտեք, թե որքան վատ են մեքենա վարում Կովկասում: Մինչդեռ սա Երեւանը չէ, սա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է»: Ու պըրծ: Ինչպես Հայաստանում` ոստիկանը միշտ ճիշտ է: Սխալ են բոլոր նրանք, ովքեր որեւէ առնչություն ունեն Ոստիկանության հետ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մեր Ոստիկանության գլխավոր մասնաշենք վկայի կարգավիճակով հրավիրված քաղաքացին, չգիտես ինչու, փորձեց փախչել պատուհանով: Փորձեց, ընկավ ու մահացավ: Ոստիկանական անհողդողդ տրամաբանությամբ հենց այդ բացատրությունը տրվեց: Ռուսական նույն սայթը նույն օրը նշում էր, որ երկու հեծյալ ոստիկանուհիներ Ռուսաստանի Սամարա քաղաքում ձիու սմբակների տակ էին գցել մի քաղաքացու: Քաղաքացին, որ մասնագիտությամբ ծրագրավորող էր, հայ չէր ու մի թեթեւ գինովցած էր: Տուժածին, իհարկե, հիվանդանոց էին տարել: Իհարկե, Ոստիկանությունը միջադեպի սեփական բացատրություն էր տվել: Պարզվում է, որ ծրագրավորողն ինքն էր հարձակվել հեծյալ ոստիկանների վրա, իսկ ձիերը խրտնել էին «Հարբած հայհոյանք լսելուց»: Ընդունեք, որ ոստիկանական նույն կուռ տրամաբանությունն է, որն ընկած է մեր Ոստիկանության հաղորդագրությունների հիմքում: Մի երկու տարի առաջ մերոնք լուրջ-լուրջ հայտարարեցին, որ մի լրագրող կին գրոհել էր ոստիկանական հատուկ ջոկատայինների վրա: Գրոհել ու բզիկ-բզիկ էր արել հատուկ ջոկատայինների համազգեստներն ու զրահաբաճկոնները: Նույնիսկ քրեական գործ հարուցեցին: Բայց լավ էր, գործը դատարան չհասավ: Թե չէ մեր հատուկ ջոկատայինները մասխարա էին դառնալու աշխարհի առաջ: Երկու ամիս առաջ ռուսաստանյան մամուլը անսքող զվարճանքով տիրաժավորում էր մեկ այլ դեպք: Մի ծերունազարդ պրոֆեսոր համարյա իր տան շեմին հանդիպել էր երկու ոստիկանի: Ավազակ պրոֆեսորին հետո, իհարկե, տեղափոխել էին հիվանդանոց: Բնականաբար՝ լուրջ վնասվածքներով: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ծերունին, հաշվի չառնելով հակառակորդի թվային գերազանցությունը, ինքն էր գրոհել ատլետիկ ոստիկանների վրա: Մեր Ոստիկանության սպաների մի մասն, իհարկե, աչքի չի ընկնում ատլետիկ կառուցվածքով: Փոխարենը՝ գերծանր քաշային սպաները ընդդիմության հետ հերթական բախումից հետո հայտարարեցին, որ իրենց վրա գրոհել էր ու մարմնական վնասվածքներ հասցրել մի երիտասարդ: Պարզվեց՝ սույն երիտասարդը զինվորական ծառայությունից ազատված մեկն էր: Ռազմաբժշկական հանձնաժողովը երիտասարդին ազատել էր նորմայից ցածր (50կգ-ից պակաս) քաշ ունենալու պատճառով: Քրեական գործն այս անգամ էլ դատարան չհասավ: Երիտասարդը համաներվեց: Այլապես հետաքրքիր կլիներ դատարանի դահլիճում (ու հետագայում՝ Ինտերնետում) հետեւել մի քանի պրոֆեսիոնալների պատմությանը, թե ինչպես եւ ինչ մարմնական վնասներ են կրել իրենցից 1,5-2 անգամ թեթեւ քաշ ունեցող երիտասարդից: Նման միօրինակ բազմաթիվ պատմությունները շատ են ռուսաստանյան կայքերում: Ռուսական բոլոր, նույնիսկ իշխանամետ կայքերը «Ոստիկանական ամենաթողության» մշտական բաժին ունեն: Երեկ մեր Ոստիկանության տարածած լուրն էլ հարկավ կտեղադրվեր այդ բաժնում: Չարենցավանի ոստիկանություն գողության կասկածով բերման ենթարկված քաղաքացին «բաժանմունքի պետի աշխատասենյակում պահարանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իրեն` որովայնի մասում պատճառելով մարմնական վնասվածք»: Քաղաքացին մահացել է: Հետաքրքիր է՝ հաղորդագրությունը տարածողը երբեւէ եղե՞լ է որեւէ բաժանմունքի պետի աշխատասենյակում: Պարզ տրամաբանությամբ՝ այն զբոսանքի հանրային վայր չէ: Կամ չպիտի լինի այդպիսին: Դժվար է պատկերացնել մեկին (առավել եւս՝ բերման ենթարկվածի), ով կարող է հանգիստ զբոսնել բարձրաստիճան ոստիկանի աշխատասենյակում, բացուխուփ անել պահարանների դռները, ձեռքը վերցնել այլ գործերի իրեղեն ապացույցները: Ոստիկանի աշխատասենյակը խոհանոց չէ: Հետեւաբար՝ աշխատասենյակի պահարանում գտնվող խոհանոցային դանակը պիտի որ իրեղեն ապացույց եղած լինի: Մատնահետքերով ու հնարավոր այլ հետքերով:
Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն, օրինակ, հայտարարել է՝ «Ով փորձի նման միտք փայփայել, օրորոցում անմիջապես կպատժեմ: Խորհուրդ չեմ տա հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել»: Ասել ու հետո երեւի հիշել է, որ իր պաշտոնը պատժողի պաշտոն չէ (այդ պետավտոտեսուչներն են սիրում տուգանքի փոխարեն կաշառք վերցնելով՝ պատժել կարգազանց վարորդներին): Ալիկ Սարգսյանը տեղում ինքն իրեն ուղղել է` ավելացնելով, որ հասարակական կարգի խախտում ու անկարգություններ թույլ չի տա: Փաստորեն կարելի է ընդհանրացնել, որ հետխորհրդային տարածքներում մեր միանման կյանքը Ոստիկանությունն է մեզ տվել: Ընդհանրացնել ու Ոստիկանությանն առաջարկել խաղաղ բնակչության հետ ունեցած հանդիպումների օրինակելի բացատրություն-հաղորդագրության շաբլոն: Հետեւյալ տեքստով. «Ձերբակալված կամ բերման ենթարկված քաղաքացին մարմնի տարբեր մասերով անխնա հարվածներ է հասցրել մեր բռունցքներին ու մահակներին»: Լրիվ ընդունելի բացատրություն է: Նույնիսկ դատաբժշկական ամենաանկաշառ փորձագետը չի կարող հերքել: