Նաեւ գովազդով

17/04/2010

Միկրոբլոգների հանրահայտ Twitter ծառայությունը երեկվանից գովազդ է տարածելու, ինչը կայքը շահութաբեր բիզնեսի վերածելու ընկերության առաջին փորձն է: Նախօրեին Twitter-ն ազդարարել է նոր` Promoted Tweets ծառայության մեկնարկի մասին: Գովազդը կայքում հայտնվելու է որոնման արդյունքների տակ ու սկզբնական շրջանում ներդրվելու է միայն օգտվողների 2-10%-ի համար:

Twitter-ի գովազդատուների շարքում նշվում են Starbucks սրճարանային ցանցի, Virgin America ավիափոխադրողի, ամերիկյան շուկայում սպառողական կենցաղային տեխնիկայի խոշորտագույն ռիթեյլեր Best Buy-ի անունները: Թեեւ Twitter-ը ողջ աշխարհում տասնյակ միլիոնների գրանցված գործածողներ ունի, քառամյա պատմություն ունեցող այս ընկերության համար շահութաբեր է եղել միայն նախորդ տարին: Ընկերության համար հավելյալ եկամուտ է ապահովելու նաեւ կորպորատիվ հաճախորդների համար նախատեսվող մոնիտորինգի ու վերլուծությունների վճարովի ծառայությունը: Նշենք, որ միայն 2009թ. ընթացքում միկրոբլոգների այս ծառայությունը կրկնակի արժեւորվեց: 2009թ. սեպտեմբերին Twitter-ը բաժնետոմսերի 5%-անոց փաթեթը վաճառեց ներդրումային T. Rowe Price եւ Insight Venture Partners հիմնադրամներին: