Տուն, որ նման չէ հեքիաթի

17/04/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ավերակների փոքրիկ թմբին կանգնած շունն ուշադիր հետեւում էր ծեր կնոջը, ով դողացող ձեռքերով փռում էր լվացքը: Յուրաքանչյուր կախիչ ամրացնելուց հետո կինը խոր հոգոց էր հանում, ուղղում կորացած մեջքն ու կրկին շարունակում գործը:

Քիչ անց պարանին ցաքուցրիվ հայտնվեց լվացքը, որը ծխից սեւացած տան ֆոնին առանձնակի հմայք էր հաղորդում:

«Ի՞նչ ասեմ` շատ ծանր պայմաններում ենք ապրում: Տանն աշխատող չունենք: Ապրում ենք էրեխեքի նպաստով ու իմ թոշակով»,- բակի քարին նստելով՝ ասաց Բավական տատը: Վերջինս մի տեսակ դառնությամբ հիշեց իր անվան պատմությունը: «Մերս երեխա շատ էր բերել, ես էլ 12-րդն էի: Իմ անունն էլ դրեցին Բավական, այսինքն` էլ բավական ա, երեխա պետք չի»,- ասաց 74-ամյա Բավական տատը` թաքուն սրբելով դեմքի կնճիռների մեջ ընկած հավաքված արցունքները: «Քուրիկ, մեր տունը քանդվում ա: Կուզե՞ք ցույց տանք: Եկեք: Սաղ ճաքճքել ա, պատերը թափվում են»,- հանկարծակի աշխույժով ասացին տան երեխաները, որոնք չարաճճի անցուդարձով բացատրում էին տան վտանգ առաջացնող հատվածները: Նրանք այնպիսի ոգեւորությամբ էին պատմում իրենց կարիքների ու կյանքի մասին, որ թվում էր, թե ինչ-որ ծանոթ հեքիաթ էին պատմում:

Արշալույսի հոգսաշատ տունը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի այս տունը մատնացույց անելիս՝ ասում էին. «Անդոյենց տունն ա: Գնացեք-տեսեք` մարդիկ էս դարում ո՞նց են ապրում»: «Անդոյենց» տունը սկսում է ավերակների թմբից, որտեղ հասնելու համար հարկավոր է ընդամենն անցնել ավերակների միջով: Տան աղյուսե պատերը միայն դրսից են տպավորիչ, իսկ ներսում ամեն ինչ մութ է, ինչպես Խաչատրյանների վարդագույն տաշտակի մեջ հավաքված սեւ լվացքաջուրը: Երկհարկանի տունը կառուցվել է 30 տարի առաջ: Դրա հարեւանությամբ 1914թ. Տաջիկստանից Հայաստան գաղթած Անդրանիկ Խաչատրյանի հայրը կառուցել էր մի տուն, որից այսօր մնացել են տան ավերակները: «Տունս քիչ-քիչ նստում ա: Ի՞նչ անեմ: Գիտեմ, որ վտանգավոր ա էստեղ ապրելը: Բայց դե հիմի ախպերը չի ախպորը օգնում…»,- տան առաջին հարկի խորշերին հատ-հատ հպվելով` պատմում էր Բավական տատիկի տղան` Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ նրա` իրենք, բացի Արշալույս գյուղի ղեկավար Զարզանդ Գրիգորյանից, մինչ օրս որեւիցե մեկից օգնություն չեն ստացել: «Մեր գյուղապետն ա մենակ մեզ օգնում: Էդ մարդն էլ ինչ անի: Ինչքան կարողանում ա` անում ա: Մենք էլ ենք արդեն ամաչում մեր հոգսերի մասին խոսելուց»,- երկրորդ հարկ տանող քարե սանդուղքի վրա ասաց տան հայրը: Նա հանդարտությամբ պատմում էր իրենց կյանքի մասին, նաեւ այն մասին, որ հաճախ ինքն է ստիպված լինում կնոջ գործն անել` երեխաներին լողացնել, կերակրել… Իրենց կենցաղի մասին խոսելիս Անդրանիկը մի պահ ամաչեց` դա համարելով հայ տղամարդուն ոչ վայել: «Կյանքն էնքան բան ա փոխում: Ո՞ր տղամարդու համար ա հաճելի առանց աշխատանքի նստել կամ տեսնել, թե էրեխադ ոնց ա քեզնից հաց ուզում: Էրեխուդ ո՞նց կարաս ասես` բալիկ ջան, մի քիչ համբերի, չկա: Է՜…»,- ասաց 37-ամյա Անդրանիկը` ներողություն խնդրելով սենյակի խառնաշփոթ վիճակի համար:

Սենյակի վերածված փակ պատշգամբում երեխաները խաղում էին, հետո մեկը մյուսին ընդհատելով` ցույց տալիս իրենց անկողիններն ու լիաթոք ծիծաղում: Ի դեպ, նրանց ծիծաղը այս մութ ու խարխուլ տան միակ լույսն էր: «Գիտես, ես ուզում եմ զինվոր դառնամ: Ուզում եմ մեր հայրենիքը պաշտպանել»,- հոր հոգսաշատ դեմքին կամացուկ նայելով` խոսում էր 3 երեխաներից կրտսերը` փոքրիկ Գոռը: Վերջինիս այդ խոսքերից հայրը հպարտությամբ ժպտաց: «Պապ, իսկ մեր տունը սարքելո՞ւ են: Ե՞րբ են սարքելու»,- դիմելով հորը` հարցրեց փոքրիկ Գոռը: «Ո՞վ պիտի սարքի, ասա»,- արձագանքեց Անդրանիկը, ով հայացքը հառել էր սենյակի կենտրոնով ձգվող պարանին, որի վրա հերթականությամբ կախված էին գուլպաները: Սենյակի մեծ տարածքը լցնում էին անհրաժեշտ կահ-կարասին` զգեստապահարանը` ջարդված դռնով, քորոցների խուրձը` բարձիկի վրա, պահարանում հավաքված սպասքը, խարխուլ մակերեսով սեղանն ու վառարանը, որի ջերմությունը հազիվ թե նույնիսկ ամռանը տաքացնի տունը, եւ հեռուստացույցը: «Ես կուզեի աշխատեի, բայց, ախր, գյուղում աշխատանք չկա: Պարտք արեցի, բերեցի այգիս մշակեցի, ցուրտը խփեց-տարավ: Հիմի էլ դրա տակից պիտի դուրս գամ: Ես ու կինս ենք գնում գյուղացիների համար աշխատում: Հիմի կինս գնացել ա կողքի գյուղը` Սամաղար, քաղհան անելու: Դե գոնե մի 2000-3000 դրամ կտան: Չգիտեմ… Երեխեքն էլ հացի, շորի, տետրի կարիք ունեն: Հեն ա, մերս էլ հաշմանդամ ա, թոշակ ա ստանում: Բայց փոխանակ իրա համար դեղեր առնենք, վերցնում ենք` մեզ համար ենք ծախսում: Ասեք` ի՞նչ անենք..»,- Բավական տատիկի հաշմանդամության առաջին կարգի մասին վկայող փաստաթուղթը ցույց տալով` նշեց Անդրանիկը: Ու կարծես վերջինիս հայացքի անզորությունից էր, որ որդին` Ռաֆայելը, հոր անձնագրի լուսանկարը համբուրեց: «Պապաս ա, տե՛ս: Իրան շատ եմ սիրում»,- ջերմությամբ ասաց առաջին դասարանցի Ռաֆայելը: Ի դեպ, Խաչատրյանների մեծ որդին 10 տարեկան է ու իմ այցելության պահին տանը չէր: Երեխաները վաղուց հարմարվել են իրենց կենցաղին, «հաց չկա» արտահայտությանն ու անգամ այն մտքին, որ իրենցից մեկին պետք է տեղափոխեն գիշերօթիկ դպրոց: «Դե գոնե էնտեղ հաց կտան, կպահեն էրեխուն: Չեք հավատա, բայց, իրոք, շատ վատ են պայմանները»,- ասաց Անդրանիկը` նայելով հիվանդ մորը: «Բալա ջան, մեկ էլ տեսար՝ մի բան կարողացան անեն: Աշխարհս մեծ ա: Մի լույս մի տեղից կբացվի»,- ավելացրեց Բավական տատը: Որդին փորձեց մորը հակադարձել, բայց, չգիտես ինչու, նախադասության կեսից կանգ առավ: «Մեկ էլ տեսար… բայց դե էդ կարեւոր չէ, գոնե մի բանով հյուրասիրեինք: Եկել-հասել եք էստեղ»,- նշեց տանտերը` սեղանից հավաքելով հացի փշրանքները: Իսկ դրսում` ավերակների թմբի մոտ, երեխաները խանդաղատանքով գրկեցին հորն ու մանկական պարզությամբ սրամտեցին.«Մի քիչ էլ անցնի, էս տունը կաշկալա ա դառնալու»: «Ասում ա` բլվելու ա տունը»,- թարգմանեց հայրը:

Նրանցից դեռ շատ չէի հեռացել, երբ լսեցի Անդրանիկի հուսահատ ձայնը. «Էրեխեք ջան, ինքը լրագրող ա, մեզ ինչո՞վ կարա օգնի…»: