Ալբերտ Սիմոնյանը շուտով կդառնա 50 տարեկան, ու որքան մոտենում է այդ «պատկառելի» «ամյակը» նշելու օրը, այնքան սկսում է մտածել: Որքան սկսում է մտածել` այնքան տխրում ու ափսոսում է: Ափսոսում է այն 25 տարիների համար, որոնք անցկացրել է ազատազրկման վայրերի ճաղերի ետեւում: Երիտասարդ տարիքում սայթաքել է, բայց սխալը դարձել է «դատվածի» պիտակ, ու այնպես է ստացվել, որ ինքնարտահայտվելու, «ես»-ը դրսեւորելու համար մշտապես ձգտել է կալանավայրի խուցը. «Էն ժամանակ ավտարիտետի պրինցիպ կար: Մանավանդ ջահել տարիքում տղաների համար հետաքրքրություն էր: Ավտարիտետը ձեռք ես բերում, փոխարենը՝ կորցնում ես տարիներդ ու ճիշտ ապրելու հույսերը»,- ասում է նա: 25 տարի ազատությունը կորցնելու դրդապատճառները նույնքան անընդունելի ու անհասկանալի են թվում ցանկացած մեկի համար, որքան անհասկանալի ու անընդունելի է Ալբերտի ներկայիս կարգավիճակը: Քրեական այն հոդվածները, որոնցով մեղադրվել եւ ենթարկվել է ազատազրկման` անփույթ դասավորել է 25 տարիների «նեղ օրերի» կապոցում ու ուզում է նոր կյանք սկսել, բայց… «Բայց էս մեր պետություն կոչվածն ավելի շատ հանցագործ է ուզում, քան ազնիվ ու արդար քաղաքացի: Հիմա էնպիսի վիճակում եմ, որ կարող է մեկին սպանեմ, մի ողբերգության պատճառ դառնամ»,- ասում է երեք երեխաների հայր Ալբերտն ու սիգարետը սիգարետի ետեւից այնպես է մոխրամանի մեջ «ճզմում», կարծես սպանելու ցանկությունն այդ ճանապարհով է բավարարում: Ալբերտի հարեւաններն ասում են, որ նման իրավիճակում հանցագործություն կատարելու բոլոր նախադրյալները կան, հետեւաբար՝ ահազանգել են, որպեսզի խնդիրը մեր միջամտությամբ բարձրաձայնվի, եւ ելքեր գտնենք: Վերջին անգամ Ալբերտը դատապարտվել է հանցագործության մասին իմանալու ու պարտակելու համար եւ ազատություն է ստացել 2009թ. սեպտեմբեր ամսին: Ասում է` «Ճիշտն ասած` սռոկս դեռ չէր լրացել: Ես խնդրագրով դիմեցի ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նա բավարարեց խնդրանքս, եւ վաղակետ ազատման ենթարկվեցի»: Մարգարյան 43 հասցեում գտնվող հայրական տունը Ալբերտի, քրոջ եւ չորս եղբայրների միակ ժառանգությունն էր, որը գրանցված էր նրա քրոջ անունով. «Քույրս մահացել էր, բայց մենք մեր ընտանիքներով ապրել ենք այդ տանը, քանի որ տուն գնելու հնարավորություն չի եղել: Պատահել ա, որ մեկն ընտանիքով առանձնացել, վարձով ա ապրել, բայց երկար չի ձգել, հետ ա եկել: Եղբայրներիցս բոլորն էլ ընտանիք, երեխաներ ունեն»: Մարգարյան 43 հասցեում գտնվող շենքը Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2009թ. ճանաչվել է չորրորդ աստիճանի վթարային եւ համարվել է քանդման ենթակա: Բնակարանում ապրողներին հաշվառելիս քաղաքապետարանը հաշվառումից դուրս է թողել Ալբերտ Սիմոնյանին, ում ընտանիքը թեեւ բնակվել է վերոնշյալ բնակարանում, այդուհանդերձ ինքը` Ալբերտը, գտնվել է կալանավայրում: Դեկտեմբեր ամսին չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետեւանքով բնակտարածությունից զրկված բնակիչներին քաղաքապետարանը փոխհատուցել է Քանաքեռի 14 փողոցի տասը հարկանի նորակառույց շենքերի բնակարաններով: Դեկտեմբեր ամսին Աջափնյակ համայնքից Ալբերտի եղբայրներն իրենց ընտանիքներով տեղափոխվել են Քանաքեռի նորակառույց շենքի երեք սենյականոց բնակարան: «Հիմա այս երեք սենյականոց բնակարանը մեր պետությունը տվել է 20 հոգու: Մի տան մեջ ապրում է 20 հոգի, ու մեր վիճակը նկարագրել նույնիսկ չեմ կարող: Երեք եղբայրներս՝ իրենց կանանցով, երեխաներով, ես՝ իմ կնոջ ու երեխաներիս հետ: Մեր կյանքը դարձել ա կոշմար»,- ասում է Ալբերտը, ում նոր բնակարանում վիճաբանություններն ու միջադեպերն արդեն անհանգստացնում են շենքի բնակիչներին: Բանն այն է, որ միեւնույն տան մեջ ապրող չորս տարբեր ընտանիքների անդամները ոչ միայն չեն հասկանում իրար, այլեւ` նրանց համատեղ կենցաղավարությունն անհամատեղելի է դարձել: Հարեւանուհին` Լաուրան, ասում է. «Ախր նույնիսկ երկու հոգի իրար հետ ապրելով չեն կարողանում հաշտ ու խաղաղ մթնոլորտ ապահովել: Դուք պատկերացնո՞ւմ եք, 20 հոգով միեւնույն տան մեջ, օտար կանայք՝ իրենց երեխաներով, ո՞նց հաշտ կապրեն»: Տիկին Լաուրան պատմում է, որ Ալբերտի ընտանիքում վիճաբանություններն այնքան հաճախակի բնույթ են կրում, որ հարեւանների միջամտության արդյունքում մի կերպ կարողանում են նրանց «խաղաղեցնել»: Օրեր առաջ եղբայրներն այնպիսի տուրուդմբոց են սարքել, որ եթե չլիներ հարեւանների միջամտությունը` դանակահարությունն անխուսափելի կլիներ: Ալբերտն ասում է. «Մենք եղբայրներով իրար սիրում, հարգում ենք, հարազատներ ենք, բայց նույն տան մեջ ինչքան ուզում ես քեզ կառավարի` միեւնույն ա` խոսակցությունից լարվածություն ա առաջանում, լարվածությունից սթրեսային վիճակ ա ստեղծվում: Եթե չորս կին ու երեխաներ նույն զուգարան-բաղնիքից օգտվեն, ո՞նց կլինի… դե՛, դուք պատկերացրեք»: Ալբերտը նոր բնակարանում գրանցված չէ, քանի որ, ինչպես նշեցինք, կալանավայրում գտնվելու պատճառով հաշվառումից դուրս է մնացել: Դիմել է անձնագրային բաժին՝ գրանցվելու համար, սակայն մերժել են` ասելով, որ քրոջ որդին պետք է իր համաձայնությունը տա: Քրոջ որդին, արդեն քանի տարի է, գտնվում է Ռուսաստանում եւ հակված չէ հորեղբոր ցանկությունը կատարել: Ասում է. «Հասկանո՞ւմ եք, էսպես ապրել հնարավոր չի: Ոչ մեկիս ներվերը չի դիմանում, մարդիկ հիմա համբերատար չեն, սթրեսային են, ու մեկս մյուսին չենք հասկանում: Ամեն մեկս էլ ուզում ենք ընտանիքի խաղաղությունն ապահովել, բայց… 20 հոգով մի տան մեջ ապրել, պայթես էլ` չես կարա: Քաղաքապետարանը հաշվի չի առնում մարդկային գործոնը: Չորս ընտանիքի տվել ա երեք սենյականոց բնակարան: Եթե ինձ գրանցեին` էս բնակարանը կվաճառեինք ու ամեն մեկիս համար մի սենյականոց կառնեինք: Կամ թող իրենք էս երեք սենյականոցի փոխարեն, երեք առանձին, մեկ սենյականոց բնակարաններ տան: Ես հիմա հասկանում եմ, որ ինչ-որ սարսափելի բան ա կատարվելու, ես էլ չեմ դիմանում էս վիճակին»: Ալբերտն անընդհատ կրկնում է, որ իր համար կալանավայր վերադառնալու հող է նախապատրաստվում: Եղբայրներին, նրանց ընտանիքներին խնայում է, բայց միեւնույն ժամանակ հասկանում է, որ բոլորը դյուրագրգիռ են ու անկարող են զսպել բարկությունը. «Էն օրն էլ եղբորս որդու հետ վիճեցինք, տուրուդմբոց եղավ: Շատ չանցած` եկավ, թե` հոպար, ներողություն եմ խնդրում, ես սխալ բան արեցի: Ամեն մեկս էլ մեր չափով չենք դիմանում»: Ալբերտը խնդրում է միջամտել բնակարանում գրանցելու հարցում, քանի որ միայն դրանից հետո իրենք կարող են բնակարանը «կիսել» չորս եղբայրների միջեւ: Ալբերտն ասում է, որ հաշմանդամություն ունեցող եղբոր կինը` Եղսիկը, չարությամբ է տրամադրված իր հանդեպ եւ ամեն ինչ անում է, որ հանցագործության մղի. «Ասում ա` կգնաս կնստես, ու ամեն կերպ նման իրավիճակներ ա ստեղծում: Գիտի, որ գաղութից դուրս եկած մարդուն նստացնելը մեկից մեկ ա: Ամեն ինչ անում ա, որ Ոստիկանություն խառնվի, ու նորից ինձ տանեն փակեն: Ինձ կփակեն, իսկ հաշմանդամ եղբորս հարցերը լուծելուց հետո իմ ընտանիքին էլ դուրս կշպրտեն»: Ինչեւէ, Ալբերտ Սիմոնյանը՝ գիտակցելով իր անզորությունը, քաղաքային իշխանություններին կոչ է անում հնարավոր հանցագործությունը կանխելու նպատակով ընդառաջել եւ երեք սենյականոց բնակարանի փոխարեն՝ իրենց տրամադրել մեկ սենյականոց երեք առանձին բնակարաններ: Երեւանի քաղաքապետարանից, սակայն, պատասխանում են, թե` սա փոխհատուցում է, ոչ թե բարելավում:
Ալբերտն ասում է. «Էս ի՞նչ բաշխում են կատարել, էս ի՞նչ օրենքներ ու բարքեր են ախր: Անունները գրում են ու պտիչկա են դնում: Հաշվի չեն առնում, որ մարդկային կյանքեր են, ընտանիքներ են: Հաշվի չեն առնում, որ կալանավորը կալանքը կրելուց հետո հավասար իրավունքներ ունի: Կալանավորն իրավունք ունի ազատության մեջ իր հասցեում գրանցվել: Հիմա Ոստիկանությունից էլ ինձնից գրանցում են պահանջում, բայց ի՞նչ անեմ, անձնագրայինը մերժում ա: Նախկին կալանավորը հո անձայն ու անիրավունք մարդ չի՞: Գրանցվելն էլ հո բարելավում չի՞, իրավունք ա: Ես իմ սխալի համար պատիժ եմ կրել, բայց հո չի՞ կարելի մարդուն մինչեւ կյանքի վերջ պատժել, ճանապարհները փակել»:
Քանաքեռ 14 փողոցի, 38 նորակառույց շենքի բնակիչները դժգոհում են` ասելով, որ Ալբերտի ընտանիքում վիճաբանություններն արդեն անկառավարելի են դառնում: Հարեւանները նույնիսկ միջադեպերի ժամանակ վախենում են տանից դուրս գալ, քանի որ եղբայրների վեճերի արդյունքում կարող է անկանխատեսելի բան կատարվել. «Օրեր առաջ մենք ենք ուշ գիշերվա ժամին ձեռքներից դանակները վերցրել, հակառակ դեպքում` իրար սպանելու էին: Իրանք լավ մարդիկ են, բայց իրանց էլ կարելի ա հասկանալ` քաղաքապետարանը երեք սենյականոց տուն ա տվել, ու էդ տունը չորս ընտանիքի համար դարձել ա կռվախնձոր»: Շենքի բնակիչներն անհանգստանում են ինչպես այս ընտանիքի, այնպես էլ` իրենց անվտանգության համար: Տիկին Կարինեն խնդրում է համապատասխան մարմիններին իրազեկել հնարավոր հանցագործության համար. «Արդեն հնարավոր չի: Մենք էլ ենք վախենում, որովհետեւ մենք էլ երեխաներ ունենք: Իրենք էնպիսի իրավիճակներ են ստեղծում, որ սարսափում ենք: Ախր քաղաքապետարանը 20 հոգուն մի բնակարա՞ն ա տալիս, ո՞նց ա պատկերացնում նման մթնոլորտում ապրելը»: Ալբերտ Սիմոնյանի կինը` Կարինեն, վախենում է ամուսնու համար, քանի որ գիտակցում է նրա հնարավոր անկանխատեսելի քայլերը: Ասում է. «Հիմա կմտածեք, թե հարազատներով իրար միս ենք ուտում, բայց հավատացե՛ք, որ, եթե ամենաբարի մարդն էլ լինես` չես կարող նման իրավիճակում յոլա գնալ: Ամուսնուս գաղութում գտնվելու ժամանակ շատ եմ տառապել, ու ազատություն ստանալուց հետո եթե նորից պատահի… Երեք երեխա ունենք, հասկանո՞ւմ եք: Կանայք ասում, խոսում, մի քիչ էլ լաչառություն են անում, իսկ տղամարդիկ… Տղամարդիկ տաքգլուխ են, մանավանդ, որ ինքը լավ անցյալ չի ունեցել»:
Հետո, երբ էսպես տնավարի ասում-խոսում ենք` 25 տարի գաղութներում «ապրած» Ալբերտը մի տեսակ դուրս է գալիս «ավտարիտետի» պատյանից ու սկսում է անկեղծանալ. «Վաղվանից պիտի գնամ բանվորություն անեմ, որ ընտանիք պահեմ: Դատված լինելը ահավոր բան ա: Ես չեմ ուզում էլի նստեմ, հոգնել եմ… Հասկանում եմ, որ կարա պատահի, իրավիճակներից ելնելով ես ինձ բռնացնում եմ, որ կարող ա էլի անեմ, բայց հավատա, որ չեմ ուզում: 50 տարեկանում մարդը սկսում ա անընդհատ հետ նայել: Հավատում ես, չէ՞, որ չեմ ուզում հանցանք գործեմ ու դատվեմ: Հիմա էս տունը գաղութից բեթար ա իմ համար: Ներվերս չի դիմանում, էլ ուժ չունեմ, հոգնել եմ: Ախր պետությունն էլ իրա հերթին ա մարդուն դրդում հանցանքի: Էս ի՞նչ հաշվարկներով են մարդկանց ճակատագրերի մասին որոշումներ կայացնում: Հո գլխաքանակ չի՞, մարդիկ ենք չէ՞….»: